«Մի կյանքից ավելի»․ բացառիկ մանրամասներով հուշագրություն՝ հետախույզ և դիվանագետ Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին

March 22, 2023 Tert.am

Հետախույզ, գնդապետ դեսպան և երաժիշտ Արմեն Սարգսյանի մասին պատմող «Մի կյանքից ավելի» գիրքը արդեն ընթերցողների սեղանին է։ Գիրքը լույս է տեսել  Newmag հրատարակչության կողմից։ Հուշագրության հեղինակը Արմեն Սարգսյանի որդին է՝ քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, ով այնպիսի տեղեկություններ է ներկայացրել գրքում, որոնք չգիտեն նույնիսկ նրան ճանաչողները։ «Մի կյանքից ավելի» գիրքը հուշագրություն է, որում ներկայացված է, թե ինչպես են հասարակ մարդիկ պետության անվտանգության ապահովման համար լուրջ գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով:

Գրքում բացառիկ տեղեկություններ կան Մոնթե Մելքոնյանին Հայաստան բերելու օպերացիայի մասին։ Հենց Արմեն Սարգսյանն է 1989թ-ին մշակել Ավոյին Հայաստան տեղափոխելու օպերացիան, երբ վերլուծել է Արցախում պատերազմի հավանականությունը։ Ու հենց ինքն էլ պարզել է, որ Մոնթեն ամերիկյան գործակալ չէ, չնայած, որ այդպիսի կասկածներ էին հնչում: Գրքում տեղ են գտել նաև  ուշագրավ փաստեր և պատմություններ, որոնք տարիներ շարունակ անհայտ են եղել Արմեն Սարգսյանի հարազատների և ընկերների համար։ Դրանք վերաբերում են Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաներին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի հետ հանդիպմանը և այլ ուշագրավ դրվագներին։

«Մի կյանքից ավելի» գիրքն այն մասին է, թե ինչպես էին ամենահասարակ մարդիկ, ոչ թե PR-ի, այլ պետության  անվտանգության ապահովման համար ծավալում լրջագույն գործունեություն՝ ամենատարբեր ուղղություններով։ Խոսքը բնականաբար Սովետական Հայաստանի մասին է և մարդիկ հատուկ ծառայություններում, դրանից հետո նաև անկախ Հայաստանի պատմության ընթացքում, իրենց կյանքը և գործունեությունը անմնացորդ նվիրում են հանուն պետության։ Գրքի հիմնական մեսիջը հենց սա է։ Երբ հացազրույցներից մեկում խոսում էի Մոնթեի օպերացիայի մասին, ինձ հետ կապ հաստատեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հրավիրեց իր առանձնատուն և ներկայացրեց լրացուցիչ տեղեկություններ Մոնթեին Հայաստան տեղափոխելու օպերացիայի վերաբերյալ։ Ինքը այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ է եղել։ Շատ տեղեկություններ, որոնք կապված էին հորս գործունեության հետ, ճշտել եմ նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Տեղեկություններն անընդհատ գալիս էին, և ես ստիպված էի դրանք ճշտել և շատ դետալներ ներառել։ Գիրքն այդ առումով բավականին հարուստ է։ Գիրքը նաև այն մասին է, որ այսօրվա պետական ծառայողների համար սերունդը լրջագույն ազդեցություն պետք է ունենա, և որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ լուրջ անելիք և պարտք ունի իր երկրի առջև»,- ասում է գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը։

Հեղինակի խոսքով՝ այս գիրքը միայն սկիզբն է, հավաքած նոր տեղեկատությունները հետագայում տեղ կգտնեն նմանատիպ այլ աշխատություններում: Քաղաքագետը ընդգծում է, որ կան նաև տեղեկություններ, որոնք գրքում ամփոփված չեն, քանի որ դրանց հրապարակումը կարող է որոշ մարդկանց կյանքը վտանգել: 

Գիրքը մեծարժեք է հատկապես  պատմության, քաղաքագիտության և դիվանագիտության տեսանկյունից։

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը, խոսելով գրքի ստեղծման մասին, ուշադրություն է հրավիրում մի շարք կարևոր հանգամանքների վրա։

««Մի կյանքից ավելի» գիրքը առաջիններից է, որ պատմում է խորհրդային վերջին տարիների և անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների խիստ գաղտնի գործողությունների ու դրանցում ներգրավված Արմեն Սարգսյանի մասին: Գիրքը հատուկ ծառայության մի աշխատակցի մասին է, որը և՛ սովետական իշխանության տարիներին է կատարել իր պարտքը, և՛ նորակնախ հանրապետության շրջանում, այսինքն՝ Արմեն Սարգսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է նաև Պաշտպանության նախարարւթյան հետ՝ ապահովելով այդ համակարգի անվտանգությունը, ապա տարիներ անց դարձել դեսպան։ Կարծում եմ, որ նման մարդկանց մասին հանրությունը պետք է իմանա  ու հատկապես դիվանագիտական կորպուսը պետք է ավելի նախանձախնդիր լինի այս հարցում։ Բազմաթիվ դիվանագետներ կատարում են հայրենանվեր աշխատանք, բայց հաճախ իրենց գործունեությունը մնում է ետնաբեմում։ Հատկապես այս օրերին մեզ համար կարևորագույն խնդիր է արտաքին դիվանագիտության ասպարեզում  գտնել և համախոհներ և նվիրյալներ «,- ասում է գրքի խմբագիրը։

Նրա խոսքով՝ խոսքով գրքում կարևոր ուղերձներ կան այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ և զգուշավոր ապահովել ներքին անվտանգությունը, որ մարդկանց ճակատագրերը չխեղվեն, հատկապես, որ հատուկ ծառայությունների մասին մարդկանց պատկերացումները մի փոքր այլ են։

«Մենք անընդհատ քննարկում էինք՝ գրե՞լ, թե՞ չգրել։ Եթե գրել, ապա ինչպե՞ս: Եթե գրքի հերոսը հատուկ ծառայությունների աշխատակից է, հասկանալի պատճառով գաղտնի և փակ աղբյուրներից պետք է տեղեկատվությունը հավաքել»,- ընդգծում է Գնել Նալբանդյանը: 

Հետախույզ, ապա դիվանագետ Արմեն Սարգսյանը իր կարիերայի ընթացքում կարողացել է հանդիպել Չինաստանի վերջին երեք նախագահների հետ, իսկ ՊՆ-ում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ հանդիպել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի հետ և նրան հայկական կոնյակ նվիրել  ՀՀ ՊՆ նախարարի անունից։