Newmag-ն ազդարարում է նոր՝ «Երազ» մանկական մատենաշարի սկիզբը

Newmag հրատարակչությունը «Երազ Փրոջեքթս»-ի հետ նախաձեռնել է նոր մանկական՝ «Երազ» մատենաշարը: Մայիսի 20-ին կներկայացվի միանգամից մանկական երեք նոր գիրք, ևս 2 համաշխարհային բեսթսելլեր կլինի օգոստոսին: Մատենաշարի պաշտոնական թողարկման հուշագիրը ստորագրել են «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանն ու Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը: Համատեղ ստորագրված հուշագրի շնորհիվ տարվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ընթերցել հայ և արտասահմանցի մանկագիրների բեսթսելլերներ և նոր հրատարակված գրքեր:

Ըստ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, մանկական գրքերի մատենաշարը ստեղծել է ընթերցողի պահանջով, քանի որ փառատոնների ընթացքում ընթերցասերները հաճախ ենհարցնում մանկական գրքեր կա՞ն, թե՞ ոչ: «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանը համոզված է, որ «Երազ» մատենաշարը նոր մշակույթ ու խոսք կբերի մանկական գրականություն և կնպաստի ոլորտիզարգացմանը։

Մանկական մատենաշարի խորհրդանիշը Միաեղջյուրն է: Հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանը բացատրում է՝ ինչո՞ւ հենց միաեղջյուր և ի՞նչ է այն խորհրդանշում. «Երեխան ունի հրաշքի և երևակայության բնական զգացում, միաեղջյուրն էլ կատարյալ արարած է՝ դրանք սնուցելու համար, և կարող է մեծ երազանքով ապրելու մղում առաջացնել մանկան հոգում: Միաեղջյուրը հաճախ պատկերվում է որպես ընկերասեր, հավատարիմ արարած, որը կարող է երեխային ներարկել բարություն և հանդուրժում»:

«Երազ» մատենաշարի համար հաշվի են առնվել յուրաքանչյուր դետալը, միջազգային չափանիշներն ու տեղական պահանջարկը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքը կունենա համապատասխան տառատեսակ: «Երազ» մատենաշարի գրքերը կունենան չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-6, 7-9, 10-12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Այս կատեգորիաների բաժանումը ոլորտում նորույթ է։ Դասակարգումները տեղ կգտնենգրքերի վրա և թույլ կտան ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի:

Երեք նոր գրքերից մեկի հեղինակն ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանինն է, կոչվում է «Մուշի տարօրինակ ճամփարդություն», մյուսը՝ «Վտվտիկի օրագիրն է»: Ջեֆ Քիննին Wimpy Kid-ն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 275 միլիոն օրինակ: Մյուս գիրքը նախատեսված է ծնողների համար՝ «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնողների համար, թե ինչպես մեղմել զայրույթը, լարվածությունն ու առանց տեսարան ստեղծելու լուծել հուզական հարցերը:

Առաջին երեք գրքերը կներկայացվեն մայիսի 20-ին։