Newmag-ը կհրատարակի մանկական գրականություն (տեսանյութ)

Նոր մատենաշար՝ մանկահասակների ու դեռահասների համար: «Սոմնիում» ընկերության խմբի «Երազ» փրոջեքթսը և Newmag հրատարակչությունը նախաձեռնում են նոր՝ երեխաների համար նախատեսված «Երազ» մատենաշարը, որում ներառվելու են հայկական և համաշխարհային մանկական բեսթսելլերները։

«Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր, «Սոմնիում»-ի նախագահ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ երեխաների համար օգտակար, հետաքրքիր, կրթող ու զարգացնող նախաձեռնությունները մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են. ««Սոմնիում ընկերությունների խմբում» «Երազ փրոջեքթսը» միշտ բաց է ցանկացած նախաձեռնությունների համար, ինչը միտված է երեխաների կրթության ու զարգացվածության համար: Գաղափարն, ընդհանուր առմամբ մենք շատ հավանեցինք և շատ հոգեհարազատ էր մեզ: Երեխաների զարգացվածությունն ու կրթվածությունը մեզ համար առաջնային կարևոր արժեքներից է»:

«Սոմնիում»-ի նախագահ Տիգրան Հարությունյանն ու Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը համոզված են՝ այս գործընկերությունը նպաստելու է, որ երեխաներն ավելի շատ կարդան. «Այս մատենաշարի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ինքը հստակ ունի իր դասակարգումը: Յուրաքանչյուր գիրք հստակ ցույց է տալու, թե ո՞ր տարիքային խմբի համար է: Եվ երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ես ինքս լինելով ծնող, Երազի համահիմնադիրները լինելով ծնող, մենք հրատարակելու ենք գրքեր, որոնք անվնաս են լինելու մեր երեխաների համար ու երկրորդը՝ հետաքրքիր երեխաների համար»:

Գործընկերները կարևորում են մանկական որակյալ գրականության դերը՝ գրագետ սերունդ կերտելու գործում։ Գրքերն ընտրելիս մանրակրկիտ ուսումնասիել են արտասահմանյան գրականության մանկական բեսթսելլերները: Մատենաշարի գրքերը հրատարակվելու են նոր տարբերանշանով ու դիզայներական լուծումներով։ Այս տարի «Երազ» մատենաշարով հայ և արտասահմանցի գրողների չորս գիրք կհրատարակվի, որոնցից երեքը լույս կտեսնեն՝ մայիսին։