«Նյումեգ»-ի Գրքի ձմեռային փառատոնը. շեշտը դրել են ոչ գեղարվեստական գրականության վրա

February 22, 2022 Mitq.am

«Նյումեգ» հրատարակչության նախաձեռնած Գրքի ձմեռային փառատոնին, որը մեկնարկեց Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին «Կոնգրես» հյուրանոցում, կանցկացվի յոթ նոր գրքի շնորհանդես, կլինեն հանդիպումներ հեղինակների հետ, պանելային քննարկումներ, գրքի տոնավաճառ՝ մինչև 40 տոկոս զեղչով:

«Նյումեգ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ փառատոնի հիմնական շեշտը դրել են ոչ գեղարվեստական գրականության վրա:

«Մեկ օրում յոթ գրքի շնորհանդես կազմակերպելը մեզ համար սեփական ռեկորդ է: Գրքերը այսպես, թե այնպես կապ ունեն Հայաստանի, հայերի հետ: 2020 թվականի պատերազմն ու պարտությունը մեզ թույլ տվեցին այլ հայացքով նայել ինքներս մեզ: Վերջին հարյուր տարվա մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն ամբողջությամբ փոխել է մեր ընկալումները, այդ պատճառով գրականությունն էլ պետք է այդպիսին լինի, Ավելին՝ այն պետք է սկսվի հենց գրականությունից»,-շեշտեց նա:

Ալեքսանյանի խոսքով՝ հրատարակչության ներկայացրած գրքերը ցույց են տալիս մեր անցյալի տարբեր դրվագներ: Նա ասաց, որ Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեևի, Իլյա Կորոբովի «Մարդիկ և մեքենաները» գիրքը ապացուցում է այսօրվա ՏՏ ոլորտի հարաբերական հաջողության կենսաբանական ժառանգության գործոնը:

Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն նաև Նարինե Աբգարյանի «Դրեսկը», «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ», Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ», Ավետիս Գրիգորյանի, Արսեն Բոբոխյանի «Օպերացիա զոդ. Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը», Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս. Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը», Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված», Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գրքերը:

«Նյումեգի» կրեդոն է՝ ստեղծել ու առաջարկել նոր բովանդակություն, գրքեր, որոնք անհրաժեշտ են այսօր և հիմա, օգտակար են փորձագետներին, ակտուալ են ընթերցողների համար»,-եզրափակեց հրատարակչության գլխավոր տնօրենը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հավաստիացմամբ՝ գիրքն ու գրականությունը կարևորագույն նշանակություն ունեն բոլորիս կյանքում, քանի որ տարբեր հույզեր են արթնացնում, դուռ են բացում դեպի գիտելիքների աշխարհ: «Գրականությունը հնարավորություն է տալիս մարդուն ճանաչելու ինքն իրեն. երբ ընթերցում ես, ծանոթանում կերպարներին, հերոսներին, փորձում ես հասկանալ, թե ինչպես ինքդ կվարվեիր այս կամ այն իրավիճակում ու ժամանակաշրջանում: Սիրում եմ այն գրականությունը, որը կենտրոնանում է աշխարհընկալումների վրա, ընդգծում ժամանակի առանձնահատկությունները»,-ասաց Թաթոյանն ու շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին լավ նախաձեռնության համար:

Հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանն էլ չբացառեց, որ ամռանը կրկին փառատոն կկազմակերպեն: Հնարավոր է գարնանային ու աշնանային գրատոներ ևս լինեն: «Մենք համարում ենք, որ փառատոնային, գրական միջավայրը նպաստում են գրքի առաջխաղացմանը՝ ընթերցողներին հնարավորություն տալով ընտրել իրենց հետաքրքրող գրքերը: «Նյումեգ»-ը առաջարկում է և՛ գեղարվեստական, և՛ պատմական, գիտական աշխատություններ, հետազոտություններ: Ներկայացնում ենք թարգմանություններ, բեսթսելեր դարձած գրքեր, որ հայ ընթերցողը առավելապես շփվի այսօրվա ժամանակակից միջազգային հեղինակավոր գրական ստեղծագործություններին, և մի քանի տասնամյակով հետ չմնան համաշխարհային գրական միտումներից»,-ասաց Նալբանդյանը:

«Նյումեգ»-ի Գրքի ձմեռային փառատոնը կեզրափակվի Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանությամբ. կլինի նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ: