«Ոտքի կանգնիր». Սարգսի Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ

January 28, 2022 Panorama

Հունվարի 28-ին՝ Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը»: Գիրքը հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է: Սարգիս Ստեփանյանը 2014-ին, մարտական գործողություններ իրականացնելիս, ականապայթյունային վիրավորումից կորցրել է երկու ոտքն ու ձեռքը: Կարճ ամիսներ անց արդեն քայլում էր:

Երկաթե կամքի, հուսալքությունը մոտիվացիայի նոր աղբյուրով փոխարինելու, երբեք չտրտնջալու, անընդհատ պայքարելու մասին էլ Սարգիսը ներկայացրել է գրքում: Սեփական փորձով պատմում է ինչպես հաղթահարել ողբերգությունն ու փոխել իրականությունը։ Խորհուրդներ, անձնական օրինակով դասեր է տալիս ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներով մարդկանց:

Սարգսի հիշողությունները գրքի էջերից վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ցուցադրությանը ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ:  Նախագծի գլխավոր գործընկերը Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է:

Փոխգնդապետ Ստեփանյանի ծնողները, կինն ու երկու որդիները, ընկերները մասնակցել են ֆիլմի ստեղծմանը, ներկայացրել մանրամասներ, որոնք Սարգիս Ստեփանյանը չէր հիշում կամ համեստորեն լռում էր: Բացառիկ կադրեր, հարցազրույցներ, որոնք ներկայացնում են Սարգսի վիրավորվելը, դրան հաջորդած վիրահատությունները, վերականգնման ծանր փուլը, նոր հաղթանակներն ու գործերը: