«Ուժերի նոր բալանս: Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը»․ թարգմանվել և հայկական ինտելեկտուալ հանրույթին է ներկայացվել հայտնի քաղաքագետի աշխատությունը

February 23, 2022 Aysor.am

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, միջազգայնագետ Միհրան Հակոբյանը թարգմանել է Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն, հայտնի քաղաքագետ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս: Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը» աշխատությունը, որտեղ վերլուծության է ենթարկվում ՌԴ վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը։

Որպես գրքի թարգմանիչ և միջազգայնագետ, Միհրան Հակոբյանը հատկանշական է համարում, որ Տրենինի աշխատությունը զերծ է քարոզչությունից, հեղինակն իրերն անվանել է իրենց անուններով։ Գիրքը թարգմանելու առաջարկը Հակոբյանն ընդունել է, որովհետև կարծում է, որ ՌԴ-ն ոչ միայն միջազգային հարաբերությունների համակարգի խոշորագույն խաղացողներից է, այլև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող պետություն, որի շահերի մասին հայկական ինտելեկտուալ միջավայրը պարտավոր է անաչառ և ռացիոնալ գիտելիքներ ունենալ:

«Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստան - ՆԱՏՕ հարաբերությունների լարումը հասկանալու համար նախևառաջ պետք է խորամուխ լինել դրա ակունքներում: Իսկ ակունքները հասնում են անցած դարի 80-ականներ:

Խնդրո առնչությամբ հետխորհրդային շրջանում հայկական ինտելեկտուալ միջավայրը հայերենով առիթ է ունեցել ծանոթանալու հիմնականում ամերիկյան մտածողների աշխատություններին, դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված ամերիկյան մոտեցումներին: Հիմա արդեն հնարավորություն կա հայերենով ծանոթանալու ռուսաստանյան մոտեցումներին ու պատկերացումներին, դիրքորոշումների հիմնավորումներին ու քննադատությանը:

«Ուժերի նոր բալանս: Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը» աշխատությամբ այդ հնարավորությունը մեզ ընձեռել է Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն, հայտնի քաղաքագետ Դմիտրի Տրենինը:

Այս աշխատությունը համապարփակ և համակարգված եղանակով ընթերցողի համար վերլուծում է ՌԴ վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը՝ հաջողված և ձախողված դրվագներով, նաև ապագայի համար խորհուրդներ է տալիս ՌԴ ներկայիս ու ապագա ղեկավարներին:

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակներում «Newmag» հրատարակչությանը «Լույս» հիմնադրամի աջակցությամբ հայերենով ընթերցողի դատին է ներկայացնում «Ուժերի նոր բալանս» գիրքը: