«Փոթորիկ Կովկասում»․ լույս է տեսել 44-օրյա պատերազմի մասին գրքի հայերենը

Newmag հրատարակչատունը լույս է ընծայել «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն թարգմանությունը։

«Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմի մասին ռուս, հայ, թուրք և միջազգային փորձագետների հոդվածների ժողովածու է, որը 2021-ին հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ Ռուսլան Պուխովի ղեկավարությամբ։ Գրքի հայերեն հրատարակությունը հովանավորել է «Թուֆենկյան» հիմնադրամը։

Ինը հոդվածների տասներկու հեղինակները քաղաքագետներ և ռազմական փորձագետներ են, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան խնդրի տարբեր անկյունների, մարտական գործողությունների ընթացքին և խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին։

Պատմական սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը, վերլուծելով պատերազմին նախորդած մի քանի հարյուրամյակի մակրոքաղաքական զարգացումները, անդրադառնում է նաև պատերազմի արդյունքներին ու շեշտում, որ հաղթանակած Ադրբեջանի տարածքում արդեն չորս բանակ կա․

«Ինչպե՞ս է այժմ Բաքուն պատրաստվում իր տարածքում միավորել չորս բանակ՝ իր սեփականը, թուրք ռազմական փորձագետներին, ռուս խաղաղապահներին ու հայկական կազմավորումների մնացորդներին: Առանձին հարց է, թե Իրանը ինչ կարող է ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանում իսրայելցիների ներկայության»։

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է 2020-ի պատերազմի արդյունքները տարածաշրջանի համար։ Նա նկատում է, որ ընդհանուր առմամբ, Անկարայի դիրքերի ամրապնդումը, բայց առանց Ռուսաստանի՝ Կովկասում ամբողջական թուլացման, ուժեղացնում է մերձավորարևելյան դինամիկայի ազդեցությունը կովկասյան գործընթացների վրա։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս անդրադառնում է մերձավորարևելյան զարգացումների՝ հարավկովկասյան տարածաշրջանի վրա հարաճուն ազդեցության խնդրին․

«Հայկական լրատվամիջոցներ ընթերցելիս տպավորություն է, թե Հայաստանը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում ինչ-որ տեղ՝ Բրյուսելի, Վաշինգտոնի և Պետերբուրգի միջև։ Մոսուլի, Աֆրինի կամ Թավրիզի իրադարձությունների մասին մամուլում գրեթե ոչինչ գրված չէ։ Իսկ եթե գրված է, ապա արևմտյան կամ ռուսական լրատվամիջոցներից թարգմանված նյութերի տեսքով։ Կարող է թվալ, թե Հայաստանից Բրյուսել կամ նույնիսկ Վլադիվոստոկ շատ ավելի մոտ է, քան Աֆրին կամ Իդլիբ։ Հոգեբանորեն դա այդպես է, բայց ուղիղ հեռավորությունը Հայաստանից մինչև Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային շրջաններ ավելի փոքր է, քան Մոսկվայից Պետերբուրգ հեռավորությունը: Մենթալ առումով Հայաստանը չի ապրում այն տարածաշրջանում, որտեղ աշխարհագրորեն գտնվում է»:

Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտորնի տնօրեն Ռուսլան Պուխովը և նրա տեղակալ Կոնստանտին Մակիենկոն, մանրամասն վերլուծելով պատերազմի ընթացքը, ակնարկում են, որ Ռուսաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտված կողմ է, քանի որ նրա ավանդական ազդեցության տիրույթում՝ հետխորհրդային տարածքում, Թուրքիան միջամտություն է ունեցել և հաղթանակ տարել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի նկատմամբ։

Պուխովի և Մակիենկոյի տեսակետը չի կիսում թուրք վերլուծաբան Քերիմ Հասը՝ նշելով, որ պատերազմից հետո Անկարան, չնայած այդքան մեծ մասնակցությանը պատերազմին, դուրս թողնվեց բանակցությունների սեղանից, որն անցավ Կրեմլի հովանու ներքո։ Ավելին, Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, իսկ թուրքերը սահմանափակվեցին միայն Աղդամում գործող համատեղ մշտադիտարկման կենտրոնով։

«Չի կարելի հաշվի չառնել նաև այսպես կոչված՝ Փաշինյանի գործոնը, որը մեծապես կանխորոշեց ադրբեջանա-հայկական հակամարտությանը թուրքական մասնակցության վճռականությունը։ Մի կողմից, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի կերպարի տեսան ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից Մոսկվայի շահերին չհամապատասխանող առաջնորդի։ Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական նոր ղեկավարության գործողությունները 2018-ից հետո՝ արևմտյան ինստիտուտների հետ համագործակցության ընդլայնման օգտին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության ընդհանուր մթնոլորտը՝ Անկարան և Բաքուն կանխագուշակել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բաց փուլի դեպքում Կրեմլի աջակցությունը Փաշինյանին զուսպ է լինելու: Մյուս կողմից, ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Ռուսաստանի ղեկավարությունը կարող էր նաև հնարավորություն տեսնել Հայաստանի քաղաքական վերնախավին դաս տալու և որոշ առումով թուլացնելու նրա դիրքերը ներքաղաքական դաշտում»,- գրում է Քերիմ Հասը։

Լեոնիդ Ներսիսյանը և Մարկ Քազալեթն անդրադառնում են պատերազմում ԱԹՍ-ների լայնածավալ կիրառման խնդրին։ Ընդունելով Ադրբեջանի ակնհայտ առավելությունը օդում՝ նրանք ընդգծում են նաև, որ հայկական ՀՕՊ-ն անպատրաստ էր դրանց դեմ պայքարելուն, և հայկական հրամանատարությունը պատշաճ չէր ուսումնասիրել անօդաչուների կիրառման այլ դեպքերը (օրինակ՝ Լիբիայում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում՝ հութիների կողմից), որպեսզի առնվազն գոնե արդյունավետ պաշտպանություն կազմակերպեր իր մարդուժի և տեխնիկայի համար։

Անօդաչուների խնդրին է անդրադառնում նաև բրիտանացի մասնագետ Դուգլաս Բարին։ Կարևորելով դրանց դերը՝ նա, այնուամենայնիվ նշում է, որ չի կարելի գերագնահատել այն։ Բարին գրում է․

«Հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների շարունակական տարածումը (ինչը միանշանակ է) իր հերթին ավելի է խթանելու դրանց դեմ ակտիվ միջոցներ մշակելու ջանքերը: Թեև «Bayraktar TB2»-ի նման համակարգերը իրենց լավ դրսևորեցին օդային տարածքում, որտեղ նրանք չունեին մրցակիցներ, և որը պատշաճ չէր պաշտպանվում, այս դասի ԱԹՍ-ները գնալով առաջնահերթ նշանակետ են դառնալու հավանական որևէ հակառակորդի մարտական ​​ավիացիայի և ցամաքային ՀՕՊ-ի համար: Հարվածների նշանակետ են դառնալու նաև ԱԹՍ-ների օժանդակ ենթակառուցվածքները և վերգետնյա կայանները՝ ֆիզիկական, էլեկտրամագնիսական կամ երկուսը՝ միաժամանակ»։

Հարցեր, որոնց պատասխանները կարևոր են հայերիս համար

Հայ ընթերցողի համար գիրքը նոր հարցադրումներ է առաջ բերում՝ ինչո՞ւ պատերազմն այդքան կործանարար եղավ հայկական կողմի համար; ինչո՞ւ հայկական ՀՕՊ-ը չկարողացավ դիմակայել հակառակորդի ԱԹՍ-ներին; ինչո՞ւ հայկական ռազմական միտքը չէր ուսումնասիրել Թուրքիայի մարտավարությունը քրդերի դեմ՝ մոտավորապես այնպիսի տեղանքում, ինչպիսին Ղարաբաղի աշխարհագրությունն է; ինչո՞ւ հայ զինվորականությունը ծանոթ չէր անօդաչուների կիրառմանը այլ հակամարտություններում; ինչո՞ւ էր հայկական ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի միջև կապն ու կառավարումն այդքան թույլ, երբ հայերը քանիցս իրենք իրենց թռչող սարքերը խոցեցին, ինչո՞ւ Ռուսաստանը ավելի որոշիչ աջակցություն չցուցաբերեց իր դաշնակից Հայաստանին; ո՞րն է հայկական դիվանագիտության սխալը և այլն։

Գիրքն ընթերցելիս հարցեր են առաջանում պատերազմի սկզբի, ընթացքի ու հետագա զարգացումների քաղաքական, դիվանագիտական կողմի մասին։

«Փոթորիկ Կովկասում»-ը սեղանի գիրք է թեմայով հետաքրքրվողների համար

«Փոթորիկ Կովկասում» գիրքը ոչ ամբողջական, բայց բավական լավ ու հստակ պատկեր է տալիս Ղարաբաղյան երկրորդ պատերազմի բազմաթիվ կողմերի մասին։ Ռազմագիտական այսօրինակ լուրջ անդրադարձ դեռ չի կատարվել պատերազմին, առավել ևս՝ հայկական նախաձեռնությամբ ու հայերի կողմից։

Այնուամենայնիվ, կարևոր է շեշտել մի քանի կարևոր աշխատանք, որ արվել է մինչ այժմ։

Դրանց շարքում են «Հայաստանի պարտության պատճառները 2020-ի պատերազմում։ Հարցեր, որոնց պատասխանները կօգնեն կանխել ձախողման կրկնությունը» աշխատանքը, ինչպես նաև Ժիրայր Լիպարիտյանի ղեկավարությամբ պատրաստված «2020-ի Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգային քաղաքականությունը» հետազոտությունը։

Չնայած այս կարևոր փորձերին՝ հայկական հանրությունը դեռևս չունի պատերազմում պարտության ու հետագայում դրա կրկնությունը բացառելու հարցերի պատասխանները։

«Փոթորիկ Կովկասում»-ը սեղանի գիրք է բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է 2020-ի պատերազմում հայերի պարտության պատճառները և դասերը։

Գիրքը կարելի է գնել Երևանի գրախանութներում։