«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

January 29, 2020 ArmTimes

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող գիրքը հայ ընթերասերին արդեն հասանելի է հայերենով: Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» աշխատանքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Սա «Նյու մեգ» հրատարակչության՝ սպորտային թեմայով առաջին գիրքն է, սակայն վերջինը չի լինելու: Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը պատմեց՝ ինչու են որոշել մարզիկի մասին պատմող գիրք թարգմանել ու որն է լինելու հաջորդը:

«Ցավոք սրտի, գրախանութներ հիմնականում այցելում են կանայք: Ցանկացանք ստեղծել գիրք, որպեսզի գրախանութներ մտնեն նաեւ տղամարդիկ: Որոշեցինք, որ պետք է սկսենք Ռոնալդուից: Հաջորդը կլինի արդեն Լիոնել Մեսսիի մասին»,- ասաց նա:

Գրքում «Յուվենտուսի» ֆուտբոլիստը ներկայացված է տարբեր կողմերով: Ընթերցողը կծանոթանա նրա ուժեղ ու թույլ կողմերին, կտեսնի նրա պայքարելու, չհանձնվելու հատկությունները, կատարելության հասնելու մեծ ցանկությունը, կկարդա ֆուտբոլիստի անձնական կյանքի՝ ընտանիքի, երեխաների, տարբեր թիմերում մարզիչների հետ հարաբերությունների, պատանեկան տարիներից մինչեւ հանուն «Յուվեի» «Ռեալ Մադրիդը» լքելու մասին:

Թարգմանությունն արել է Լիանա Զաքարյանը, խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանն էլ առաջաբան ու վերջաբան է գրել թարգմանված տարբերակի համար:

Գիրքը վաճառքում է երեկվանից: Մինչեւ սեպտեմբերի 21-ը կարելի է գտնել «Բուքինիստ» գրախանութների ցանցում, սեպտեմբերի 21-ից՝ արդեն բոլոր գրախանութներում: Արժե 5800 դրամ:  

Armtimes.com