«Սիրահարների այգում» կանցկացվի ֆրանսիական գրքի փառատոն

September 6, 2023 Aliqmedia.am

Newmag հրատարակչությունը «Աքսել Մոնդրիանի» եւ «Պողոսյան հիմնադրամի» հետ հրավիրում են սեպտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչեւ կեսգիշեր, Երեւանի «Սիրահարների այգում» մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆրանսիական գրքի փառատոնին:

Կազմակերպիչները խոստանում են ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ գրքեր, քննարկումներ, երաժշտություն, հումոր՝ «այն ամենը, ինչ մեզ հիշեցնում է ֆրանսիականը»։ Francofest-ին Newmag-ը գրքերի շնորհանդեսին կներկայացնի 4 բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի «Հայ ընկերը» եւ Անյես Մարտեն-Լուգանի «Երջանիկներն ընթերցում են եւ սրճում» գրքերը։

Փառատոնն ունի շնորհանդեսների ու ներկայացումների հարթակ, գրքի տոնավաճառ, որտեղ սպասվում են գրքային թեժ զեղչեր՝ մինչեւ 40%։ FrancoFest-ն ուղիղ եթերում կհեռարձակի Armenian Buisness News հեռուստաընկերությունը։

Բացման արարողությանը ներկա կլինեն ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, գործընկերներ։