Տեղի ունեցավ «Բազկամարդը» կենսագրական գրքի և «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը

February 5, 2022 4news.am

Հունվարի 28-ին Հայոց բանակի 30-ամյակի առթիվ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ԶՈՒ հետախույզ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը»  կենսագրական գրքի և վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Նախագծի հեղինակը «Նյումեգ» հրատարակչությունն է։ Գրքում Սարգիս Ստեփանյանի կյանքն ու գործունեությունն է, կատարած սխրանքները, նրա ծանր վիրավորումը մարտական առաջադրանք կատարելիս և վերելքը՝ մեծ անկումից հետո։ Սարգիս Ստեփանյանը ականապայթյունային վիրավորում ստանալու հետևանքով կորցրել էր երկու ոտքերն ու ձեռքը։ Նույնիսկ այսպիսի ծանր հարվածից հետո Սարգիսը ոտքի է կանգնել, դարձել աշխարհի չեմպիոն և օգնում է մարտական գործողություններում վիրավորված, հաշմանդամություն ունեցող բազմաթիվ տղաների։ Սա մոտիվացնող նախագիծ է, որը բազմաթիվ հուսահատված մարդկանց կօգնի չկորցնել հույսն ու վերադառնալ լիարժեք կյանքի ծանր հարվածներից հետո։ «Ոտքի´ կանգնիր» ֆիլմը փոխգնդապետ Ստեփանյանի իրականացրած ծրագրերի մասին է, թե ինչպես է հիմնել մարզասրահ և վերականգնողական կենտրոն և ինչպես է ոտքի կանգնեցնում սայլակին գամված մարդկանց։ Գրքի համահեղինակը և ֆիլմի սցենարիստը ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի մեկնաբան, ռազմական լրագրող, կապիտան Դավիթ Դավթյանն է։

Հետախույզ եւ հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանին նվիրված գիրք գրելու գաղափարը ծնվեց 2019 թվականին։ Ոչ հաստափոր գրքի համար շատ չէ՞ երկու տարին։ Գուցե։ Բայց անխուսափելի ընդհատումներն էին երկար։ Առաջին հանդիպումներին դադար հաջորդեց՝ համավարակի ու համատարած ինքնամեկուսացման պատճառով։ Հետո վրա հասավ 44-օրյա պատերազմը։

Երկու տարում Սարգիս Ստեփանյանի հետ շփվել եմ ինտենսիվորեն։ Արագ լեզու գտանք. երկուսս էլ զինվորական ենք, երկուսս էլ լիարժեք պատկերացնում ենք մարտական առաջադրանքների ծանրությունը, առավել եւս՝ դրանց մասին խոսելու սահմանները։ Նրա հետ անցկացրել եմ տասնյակ զրույցներ՝ չհաշված էլեկտրոնային հաղորդակցությունը, որը գրեթե չի դադարել։ Կյանքի առանձին դրվագների մասին խոսել ենք ամենուր՝ իր տանը, մարզասրահում, վերականգնողական կենտրոնում, հայրական օջախում։ Փոխգնդապետ Ստեփանյանի ծնողները, կինն ու երկու որդիները ակտիվ մասնակցել են գրքի ստեղծմանը, ներկայացրել մանրամասներ, որոնք Սարգիս Ստեփանյանը չէր հիշում կամ համեստ մարդուն բնորոշ պարզությամբ կարեւոր չէր համարում։

Հաշվի առնելով հատուկ նշանակության զորատեսակում ծառայությունը՝ գրքի վերջնական տարբերակում տեղ չեն գտել մարտական առաջադրանքների կատարման այն դրվագները, որոնց մասին հնարավոր կլինի խոսել տասնամյակներ անց։ Որոշ անուններ նույն պատճառով փոխված են. այդ մարդիկ՝ անտեսանելի ճակատի մարտիկները, անմիջականորեն մասնակցել են այս գրքի ստեղծմանը, հատուկ առաջադրանքների կատարմանը եւ այժմ էլ շարունակում են հետախույզի իրենց առաքելությունը։ Զորամասերի տվյալները նույնպես չեն հիշատակվում։

Գրքում կան դրվագներ, որոնք դժվար է ընթերցել, նույնիսկ դժվար է հավատալ դրանց իսկությանը։ Բայց ռազմի դաշտում իրականությունը շատ ավելի դաժան ու անընկալելի է լինում, քան հնարավոր է պատկերացնել թիկունքում։ Մենք փորձել ենք ներկայացնել եղելությունը, բայց չհասնել նատուրալիզմի՝ ընթերցողի նյարդերը խնայելու եւ նրան հոգեբանական սթրեսի չենթարկելու համար։

«Բազկամարդը» գեղարվեստական ստեղծագործություն չէ։ Այն կենսագրական պատում է՝ առանց չափազանցումների, պաթոսի եւ խրատաբանության. լրագրողի եւ հետախույզի համատեղ աշխատանք է։ Այս գիրքն արտասովոր կենսագրությամբ մարդու մասին է, որը, չնայած իրեն բաժին հասած աննկարագրելի դժվարություններին, իր մեջ ուժ գտավ նորից սկսել կյանքը, ոտքի կանգնել, շարունակել ապրել ու հաղթել։

Սարգիս Ստեփանյանը այսօր էլ լինելով բազկամարտի չեմպիոն ու ռեկորդակիր, շարունակում է մարտիկի ու մարզիկի արժանապատվությամբ ընդունել կյանքի նետած մարտահրավերները, սահմանել նոր նշաձողեր եւ իրագործել իր գլխավոր նպատակը՝ հաշմանդամություն ունեցող զինվորներին ու վերջույթներ չունեցող անձանց նորից ոտքի կանգնեցնել՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Այս գիրքն ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր հուսահատության եզրին են։ Այս գիրքը ոգու, տոկունության, ծանրագույն վիճակում չհանձնվելու, մեծ անկումից հետո էլ նորանոր բարձունքներ նվաճելու մասին է։