Վերջին դուռը․ Ազնավուրի ծննդյան օրը «Նյումեգ»-ը հրատարակել է նրա գրքերից ևս մեկը

Տարեդարձի նվերը շանսոնիեյի գրքի հայերեն թարգմանությունն է:  Խոստմանը համաձայն, Ազնավուրի ծննդյան օրը «Նյումեգ»-ը ներկայացնում է շանսոնիեյի հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: «Վերջին դուռը» գիրքը պատմություն է մարդու, աշխարհի և ճակատագրի մասին: Թարգմանիչը Համլետ Գասպարյանն է, որն անձամբ ճանաչել է Ազնավուրին և գրքերից մեկն էլ թարգմանել է նրա հետ աշխատելով: Համլետ Գասպարյանի համար Ազնավուր թարգմանելու բարդությունը բառախաղերն են: Դրանք շատ են չափածոյում և արձակում։ Թարգմանչի համար իսկական մարտահրավեր է հայերեն համարժեքները գտնելը։

«Վերջին դուռը» Շառլ Ազնավուրը գրել է 87 տարեկանում՝ կյանքի մեծ փորձով ու ճակատագրի վայրիվերումներով անցնելուց հետո։ «Վերջին դուռը» նոր տեսանկյունով է բացահայտում հեղինակին։ Ազնավուրը նորովի է ներկայանում իր յուրաքանչյուր գրքում։ Սամվել Գասպարյանը խոստովանում է, որ լավ թարգմանչի գործը խմբագրելը հեշտ է ստացվել։

Սամվել Գասպարյանը հիշեց Ազնավուրի հետ հանդիպումները: Շանսոնիեն մի անգամ անկեղծացել էր, թե իր երգերից մեկը թույլ է: «Վերջին դուռը» բաց երկխոսություն է ընթերցողների հետ, Ազնավուրը շռայլորեն պատմում է իր կյանքի դասերի մասին, խորհուրդներ տալիս։ «Նյումեգ»-ն այսպիսով ներկայացնում է Ազնավուրի 3-րդ գիրքը։ 2019-ի մայիսին հրատարակվեց «Կյանքից կառչած»-ը, դեկտեմբերին՝ «Մեղմ շշուկովը» և մաեստրոյի 96-ամյակի առիթով՝ «Վերջին դուռը»:

Գրքի հրատարակությանն աջակցել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: Սա Newmag-ի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության երկրորդ գործակցությունն է: Մինչև այս, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի աջակցությամբ հրատարակվել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը։

«Վերջին դուռը» գրքում Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր «կեղծ» ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում ևս մեկ՝ վերջին անգամ, պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։

Armenia TV