JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

«Քաղաքացիական պարտքը ենթադրում է, որ դու քեզ համա

«Քաղաքացիական պարտքը ենթադրում է, որ դու քեզ համարում ես այս երկրի տերը». Ռուբեն Բաբայան

newmag-y-n

newmag-ը 2016-ին զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ: Նրա մենախոսությունը հրատարակվել է 100 մոնոլոգ գրքում: 

փողկապի մասին - Ամեն տարիք իր մոտեցումն է թելադրում հագուստի նկատմամբ: Չեմ սիրում երիտասարդներին, որոնք ժամանակից շուտ են մեծանում, և չեմ սիրում ծեր մարդկանց, որոնք շատ երկար են մնում երիտասարդ (նկատի ունեմ իրենց աշխարհընկալման մեջ): Երիտասարդ տարիներին փողկապը տանել չէի կարողանում, բայց հետո տարիքի հետ եկավ փողկապ կապելու հաճույքը: Երբ փողկապը պարտավորություն է, ճնշում է: Երբ զգեստի կարևոր մաս է, որը ցույց է տալիս քո՝ այդ օրվա տրամադրությունը, վերաբերմունքն այն միջոցառմանը, որին մասնակցում ես, այն կապելը հաճելի է: Անկախ նրանից, թե հագուստի որ մասն է կամ ինչ հագուստ է, պետք է հաճույք պատճառի և ոչ թե պարտադրված լինի: Ես չեմ սիրում պարտադրանքներով ապրել:

քննադատություն - Ամեն ինչին քննադատաբար մոտենալը ճիշտ հատկություն է, և ճիշտ է, որ այն առաջին հերթին ուղղում ես ինքդ քեզ: Ընդհանրապես կյանքը մեզ տրված է նրա համար, որպեսզի փորձենք կատարելագործվել: Ի՞նչն է բացում աչքերդ. միայն քո հանդեպ քննադատական մոտեցումը: Եվ դու հասկանում ես, որ անսխալական չես, բազմաթիվ սխալներ ես թույլ տվել, և քո սխալների աղբյուրը չես փնտրում քեզնից դուրս: Երբ քո քննադատության սլաքն ուղղված է դեպի ներս, դու հաստատ ավելի շահեկան վիճակում ես հայտնվում: Քննադատությունը, որը դեպի ներս է ուղղված, նաև մարդկանց հետ անկեղծ շփվելու հնարավորություն է տալիս. մարդն այդ ժամանակ դուրս է գալիս սովորեցնողի, բարոյախոսի կարգավիճակից, դառնում ուղղակի երկխոսության մասնակից: Մեր հարստությունը մեր զանազանությունն է, ոչ թե միօրինակությունը: Մեր ընդդիմախոսները մեր թշնամիները չեն:

ես կարողացել եմ հրաժարվել - Հրաժարվելը դժվար բան է, բայց պետք է անել, եթե ուզում ես կայանալ: Բազմաթիվ պաշտոններից եմ հրաժարվել: Ժամանակին հրաժարվել եմ թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: Ստեղծեցի ազգային թատերական ստեղծագործական միավորում, 2 տարուց հրաժարվեցի: Ըստ իս՝ ավելի օգտակար մարդ զբաղեցրեց այդ պաշտոնը: Հիմա հասկանում եմ, որ ճիշտ որոշում կայացրի, որ հրաժարվեցի: Մեկ-մեկ հրաժարվում եմ բեմադրություն անելուց և այդ հնարավորությունը տալիս եմ երիտասարդներին. մեծագույն հաճույք եմ ստանում դրանից: Երբ մարդը շարժվում է ու միայն առաջ է նայում, հրաժարվելը հեշտ է լինում: Մի բանից կառչած մնալը խանգարում է առաջ գնալուն: Կյանքը չի կարող միայն ձեռքբերումներով լինել, կյանքում ամեն ինչ բալանսի մեջ է. և՛ ձեռքբերումները, և՛ կորուստները պետք է իրար հավասարակշռեն: Առանց կորուստների իմաստնություն ձեռք չեն բերում:

քաղաքացիական պարտք - Յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում, թե ինչ է նշանակում քաղաքացիական պարտք: Հաճախ մենք քաղաքացիական պարտքը շփոթում ենք քաղաքական կողմնորոշման կամ քաղաքական հայացքների հետ: Մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունի։ Քաղաքացիական պարտքը դիրքորոշում է, որը ենթադրում է, որ դու քեզ համարում ես այս երկրի տերը, անտարբեր չես այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է այս երկրում: Քո հայացքներին կարող են համամիտ չլինել իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը: Եթե քո անձնական կարծիքը կապում ես տարբեր կողմնորոշումների հետ, քո քաղաքացիական պարտքը չես կատարում. դու պարզապես դառնում ես որոշակի քաղաքական ուղղվածության հոսքի մի անդամ: Քաղաքացիական պարտքը չի կարող դրսևորվել ժամանակ առ ժամանակ, սա մշտական պրոցես է:

newmag #71 հուլիս - օգոստոս, 2016

Տարածել

100 Մոնոլոգ
100 Մոնոլոգ

Անհեղինակ

4800 ֏

Նկարագրություն

Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:

Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ: