Յուվալ Նոյ Հարարիի նոր հարցադրումը՝ ազատականության ու ազատ կամքի մասին

March 31, 2022

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից Յուվալ Նոյ Հարարին իր վերջին հոդվածում անդրադարձել է ազատականության հասկացությանը։ Ազատության վերաբերյալ նրա հարցադրումները կարելի է ընթերցել Երսուսաղեմի հրեական համալսարանի դասախոսի երեք աշխատություններում էլ։ Հարարին իր գրքերով առաջ է քաշում բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը: Այս անգամ գիտնականը փորձել է պատմությունը քննելով ընթերցողին ներկայացնել «ազատության» իրական արժեքն ու բացարձակ ճշմարտությունները։

Ըստ Հարարիի, ազատականության հիմնական առավելությունը մյուս գաղափարախոսությունների համեմատ այն է, որ բավականին ճկուն է, բայց միաժամանակ ոչ դոգմատիկ և քարացած. «Այն կարող է ապահովել կայուն քննադատություն ավելի լավ, քան մեզ հայտնի որևէ այլ սոցիալական կարգ։ Սակայն ազատականությունն այժմ ենթարկվում է տարատեսակ հարձակումների մասնավորապես կրոնական և ազգայնական ֆանատիկոսների կողմից, ովքեր հավատում են երևակայական երևույթների, որոնք շատ ավելի վտանգավոր և վնասակար հետևանքների կարող են հանգեցնել»։  

Ազատականությունն, ըստ Հարարիի, ժամանակակից աշխարհում կախված է մի շարք կողմնակի ազդեցություններից, ինչն արհեստական երանգ է տալիս բացարձակ արժեքին՝ ազատությանը. «Հուսանք, որ ազատականությունը շուտով կկարողանա վերստեղծվել առանց կողմնակի ազդեցությունների աջակցության։ Սակայն հիմնական մարտահրավերը, որին այսօր առերեսվում է լիբերալիզմը չի գալիս ֆաշիզմից կամ կոմունիզմից և նույնիսկ ոչ էլ ավտոկրատներից կամ դեմագոգներից, որոնք տարածվում են այնպես, ինչպես գորտերը անձրևից հետո։ Այս պարագայում հիմնական մարտահրավերը գալիս է լաբորատորիաներից»:  

Ազատականությունը պատմում է մեզ, որ ընտրություն կատարողները գիտեն ամենաշատը և ամենահիմնավորը, հաճախորդը միշտ ճիշտ է, և մենք պետք է մտածենք մեր մասին, ու հետևենք մեր սրտին՝ լսելով, թե այն ինչ է թելադրում։

Ազատականությունը ձևավորվել է՝ հիմքում ունենալով մարդկության ազատության հավատն ու գաղափարը։ Ի տարբերություն կենդանիների, ենթադրվում է, որ մարդիկ ունեն ազատ կամք. «Ազատականությունը պատմում է մեզ, որ ընտրություն կատարողները գիտեն ամենաշատը և ամենահիմնավորը, հաճախորդը միշտ ճիշտ է, և մենք պետք է մտածենք մեր մասին, ու հետևենք մեր սրտին՝ լսելով, թե այն ինչ է թելադրում»։  

Անդրադառնալով «ազատ կամքի» գաղափարին՝ Հարարին նկատում է. իշխանությունն ամենահեշտը մանիպուլացնում է այն մարդկանց, որոնք հավատում են ազատ կամքին: Ըստ Հարարիի, մարդկությունը կանգնած է լուրջ վտանգի առաջ, քանի որ կառավարությունները և կորպորացիաները շուտով մեզ ավելի լավ կճանաչեն, քան ինքներս մեզ: «Ազատ կամքի» գաղափարին հավատը դարձել է վտանգավոր։