[Newmag Summer Fest] Գնել Նալբանդյան. Գրքերը կոտրում ու ստեղծում են միֆեր (տեսանյութ)

September 8, 2021

Սեպտեմբերի 8-ին աշխարհը նշում է գրագիտության համաշխարհային տոնը: Առաջին անգամ օրը հատուկ նշանակություն է ստացել 1966-ին` Թեհրանում կրթության նախարարների միջազգային խորհրդաժողովին: Ինչպես զարգացնել գրագիտությունը երկրում, երեխայի մոտ դեռ փոքրուց արթնացնել սեր ընթերցանության հանդեպ, ինչպես պետք է ընտանիքը, դպրոցը, բուհն ու հասարակությունն առանձին ու նաև միաժամանակ դաստիարակեն գրագետ սերունդ՝ այս հարցերի վերաբերյալ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ Newmag Summer Fest-ի ընթացքում զրուցել է մեկնաբան Դավիթ Սարգսյանը:

Աշխարհում ավելի քան 773 միլիոն չափահաս մնում է անգրագետ: Այս տոնի նպատակն է հիշեցնել մարդկանց կյանքում գրագիտության  կարևորության և տարածման ջանքն  ամրապնդելու անհրաժեշտության մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է՝ «գրագիտությունը` ազատություն է»: Գրագետ է համարվում այն անձը, ով կարող է գրել և կարդալ կարճ տեքստ և վերարտադրել այն:

Հայաստանում գրագիտության մակարդակը ցածր չէ, սակայն վերջին տարիներին մեր կրթությունը ֆունկցիոնալ չէ: Ըստ Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, հարկադրաբար ու ստիպողաբար երբեք հնարավոր չէ երեխային մղել դեպի ընթերցանություն: Թեև քաղաքակրթությունը լինում է հենց ստիպողաբար. «Եթե մարդուն թողնես, որ նա ինքն իրեն քաղաքակրթվի, վատ արդյունքի կհասնի: Ստիպելու մեխանիզմները սկսվում են դպրոցից, մինչև այդ էլ՝ ընտանիքից: Շատ հաճախ ընտանիքը երեխային հանձնում է մանկապարտեզին, դպրոցին, բուհին, բանակին ու մտածում՝ ինչ ուզում են թող անեն: Դա ճիշտ մոտեցում չէ՝ կրթության ու դաստիրակության մոդելը ներդրվում է նախ և առաջ ընտանիքում: Զավակը, տեսնելով ծնողներին՝ պետք է հասկանա, որ ընթերցանությունը շատ սովորական մարդկային վիճակ է՝ ընտանեկան տրադիցիա է, սովորական մթնոլորտ»:

Հարկադրաբար ու ստիպողաբար երբեք հնարավոր չէ երեխային մղել դեպի ընթերցանություն: Թեև քաղաքակրթությունը լինում է հենց ստիպողաբար:

Գնել Նալբանդյանը մեջբերում է հայ վիպասան Րաֆֆին՝ նա ասում էր. «տվեք ինձ լավ սերունդ, ես կկառուցեմ երկիրը»: Newmag-ի խմբագիրը նկատում է՝ բայց ո՞վ պետք է տա այդ սերունդը: Միայն պետության վրա հույսը դնելը քիչ է, սա համակարգային լուծումներ պահանջող խնդիր է՝ ասում  է Նալբանդյանն ու ավելացնում՝ ընտանիքից մինչը հասարակական ինստիտուտներ պետք է ներգրավվեն. «Քաղաքակիրթ միջավայր ձևավորելու գործում պետք է ներդնել ֆինանսական մեծ միջոցներ: Նույնը նաև Նոբելյան մրցանակների համար՝ նման գործեր ունենալու համար դու պետք է գումար ծախսես, ռազմավարություն մշակես, ու այդ ռազմավարությունը պետք է չփոխվի ամեն իշխանության հետ»:

Խորհրդային միության ժամանակ ամբողջ աշխարհը վստահ էր, որ ռուսներն են ամենաընթերցող ազգն էր: Թերթերում, հեռուստատեսալիքներով անընդհատ այդ կարդերն էին՝ մարդիկ գիրքը ձեռքին մետրոյում, այգում, փողոցում: Ըստ Գնել Նալբանդյանի, այդ ամենի հիմքում այլ՝ տեխնիկական պատճառ կար: Լենինի, Ստալինի, Բրեժնևի հատորներն անընդհատ հրատարակվում էին, օրինակ, Չապաևի հատորյակներն ավելի շատ են հրատարակվել, քան Շեքսպիրինը:

Կարևոր չէր, թե քանի մարդ էր ընթերցում, կարևորը բնակչության ու տպականակի թվերը համընկնում էին ու ցուցանիշները դառնում մրցակցային ամբողջ աշխարհում. «Գրքերը կոտրում ու ստեղծում են միֆեր: 100 անգամ 60. 000 օրինակով տպագրվում էին այդ հատորները: Բայց դա միֆ էր: Մենք ցուցանիշների համար պետք է չկարդանք ու հրատարակենք: Պարզապես ընթերցանության միջոցով պետք է հասու լինենք համաշխարհային քաղաքակրթությանը: Գրքերը ոչ միայն անձնական կենսափորձն են հարստացնում, այլև ռացիոնալ են դարձում որոշումները՝ ուրիշի տեսակետներն ու փորձերը համադրելու շնորհիվ»:

Հայերենի ճոխ ու հարուստ բառերը շարունակում են մնալ բառարաններում: Դա նման է սնդուկով լի ոսկուն, որի բանալին կորցրել ենք. «Մինչև այն պահը, երբ ոսկին չենք օգտագործում, սովորական մետաղ է, պետք է օգտագործել, որ հասկանալ դրա իրական արժեքը: Նույնը Նարեկացին էր պնդում: Օրինակ, նա է առաջինն օգտագործել «թռչող» բառը, մինչև վերջերս էլ ասում էինք ռուսերեն տարբերակը՝ պիլոտ: Սևակն էլ «կիրառելու» փոխարեն առաջարկում էր «կիրարկել»»:

Պետք է զարգացնել գրավոր խոսքը՝ ընդգծում է խմբագիրը: Այն արժեքավոր է, գրավորի խոսքի դեպքում պատասխանատվությունը մեծ է: Բանավոր խոսքով պետություն չեն կառուցում, գրավորն է երկարաժամկետ, կանոնակագված, հղկված: