[ Արեվելյան խոհանոց ] Ինչպես «ԻՊ»-ը փոխեց ահաբեկչական խմբերի մասին պատկերացումները

October 30, 2015

«Իսլամական պետություն» խմբավորումը նախկինում հանդես էր գալիս «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվամբ: Աշխարհի ամենահզոր ահաբեկչական այս կազմակերպությունը փոխեց ընդհանրապես ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ պատկերացումները: Այն վերահսկում է Սիրիայի արևելյան և Իրաքի արևմտյան հատվածները: Կենտրոնակայանը Սիրիայի Ռաքքա քաղաքում է: Առաջնորդը` Աբու Բաքր ալ Բաղդադին, 2014 թվականին խալիֆայութան հռչակումից հետո ինքն իրեն կոչել է խալիֆ Իբրահիմ: ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տվյալով՝ «Իսլամական պետության» կազմում կռվում են 20-30 հազար ահաբեկիչներ 70-ից ավելի երկրներից: Նպատակը մեկն է` միավորել սուննի մուսուլմանական բնակչությամբ տարածքները:
Ահաբեկչական խմբավորումը ձևավորվել է իրաքյան «Ալ Քաիդայի» հիմքի վրա: Խմբավորման արմատներում կանգնած է հայտնի ահաբեկիչ Աբու Մուսա ազ Զարքաուին (սպանվել է 2006 թվականին): 2004-2011 թվականների ընթացքում խմբավորումը Իրաքում կոալիցիոն ուժերի և խաղաղ բնակչության դեմ իրականացրել է բազմաթիվ ահաբեկչական գործողություններ: Խմբավորման անդամների մեծ մասը Սադամ Հուսեյնի կառավարման շրջանի սուննի նախկին զինվորականներ են (բաասականներ):
2010 թվականից խմբավորման ղեկը ստանձնեց Աբու Բաքր ալ Բաղդադին: 2011 թվականին, օգտվելով Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի թոհուբոհից, խմբավորումը «Իրաքի իսլամական պետություն» անվան տակ իր ակտիվությունը Իրաքից աստիճանաբար փոխադրեց Սիրիայի արևելք: Աստիճանաբար Սիրիայում ձևավորվեց ահաբեկչական ցանց, որը 2012 թվականին հադես եկավ «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորում անվանմամբ: Այն փաստացի իրաքյան «Ալ Քաիդայի» մասնաճյուղն էր Սիրիայում: 2012 թվականի ընթացքում «Ալ Նուսրայի ճակատը» լուրջ հաջողություններ ունեցավ սիրիական բանակի դեմ պայքարում:






2013 թվական Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց, որ «Ալ Նուսրայի ճակատը» հիմնել և ֆինանսավորել է «Իրաքի իսլամական պետությունը», և որ երկու խմբավորումներն այսուհետև միավորվում են «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» անվան տակ: Սակայն Ալ Նուսրայի խմբավորման ղեկավարությունը մերժեց միավորման առաջարկը: «Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրին հատուկ ուղերձ հղեց 2 խմբավորումներին` նշելով, որ միավորումն անընդունելի է: Ի պատասխան այս հայտարարության՝ Ալ Բաղդադին հայտարարեց, որ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» խզում է իր կապերը «Ալ Քաիդայի» հետ և չի ճանաչում Զավահիրիի ղեկավարությունը: «Ալ Քաիդայի» առաջնորդ Զավահիրին պահանջեց, որ խմբավորումն ինքնակազմալուծվի: Սկսած այս շրջանից՝ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորումը կռվում է նաև «Ալ Քաիդայի» հետ կապված «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման դեմ:
2014 թվականի հուլիսից խմբավորումը վերանվանվել է «Իսլամական պետության»: Սիրիայում և Իրաքում 3 տարվա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում խմբավորումը հասել է ինքնակազմակերպման բարձր աստիճանի: Ֆինանսական միջոցների միայն 5 տոկոսն է ստացվում դրսից, մնացած միջոցները ստացվում են ի հաշիվ առևանգումների և նավթային ռեսուրսների վաճառքի: «Իսլամական պետությունը» մեծաթիվ հետևորդներ ունի հատկապես Իրաքի արմուտքի սուննի բնակչության շրջանում, որոնցով նաև համալրվում է:
Շրջանառում են վարկածներ, որ «Իսլամական պետությունը» արևմտյան երկրների նախագիծն է, որը որոշ փուլում գուցե դուրս է եկել վերահսկողությունից: Հատկանշական է, որ խմբավորման առաջնորդ Ալ Բաղդադին 2004 թվականին ձերբակալվել և պահվել է իրաքյան «Բուքքա» բանտում ամերիկյան ուժային կառույցների հսկողության տակ:
Պենտագոնի տվյալով՝ նա բանտարկված է եղել 2004 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր, իսկ նույն բանտի նախկին ղեկավար գնդապետ Քենեթ Քինգը պնդում է, որ առաջնորդի ազատազրկումը տևել է մինչև 2009 թվականը: