[ Արեվելյան խոհանոց ] Ո՞վ եք Դուք, պարո´ն Փերինչեք

[ Արեվելյան խոհանոց ] Ո՞վ եք Դուք, պարո´ն Փերինչեք

Որտե՞ղ է թաքնված Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող ու ամեն ատյանում այն հերքող Փերինչեքի սուտը:

Խորամանկ, կանաչ աչքերով, բարի ու գրավիչ ժպիտով, հարցերին ու հատկապես հայերի հարցերին պատասխանելու միշտ պատրաստ կեցվածքով, հասարակության մեջ իրեն բարյացակամ ու քաղաքավարի պահող անձնավորություն: Այս բոլոր հատկանիշները բնութագրում են Հայոց ցեղասպանության ամենահանրաճանաչ ժխտողին: Ոչ մի հակահայ արտահայտություն, առավել ևս վիրավորանք. «Հայերը մեր հարևաններն են, պետք է բարեկամություն անենք: Նայենք դեպի ապագան»: Եվրոպայում նրան տեսան հենց այս կերպարով:

Դողու Փերինչեք անունը Հայաստանում մարդկանց ճանաչելի դարձավ վերջին 2 տարում: Հանրահայտ դատավարության շնորհիվ[1] Փերինչեքի մեջ հայերը ճանաչեցին իրենց վաղուց հայտնի թուրք ժխտողականի դասական կերպարը: Սակայն ստրասբուրգյան գործը Փերինչեքի առաջին դատավարությունը չէր, և եթե տարիքն ու առողջությունը ներեն, վստահաբար վերջինն էլ չի լինի: Հատկանշական է, որ 73 տարեկան Դողու Փերինչեքը Թուրքիայում հաջողացրել է դատապարտվել բոլոր տեսակի իշխանությունների ՝ զինվորականների, քեմալիստների, նաև արդեն 13 տարի իշխող «մեղմ» իսլամիստների օրոք: Դատարանն ու մեղադրյալի աթոռը նրա համար առօրեական վայրեր են:

Perinchek

Որպես ազգայնամոլ՝ հայտնի Փերինչեքը իրականում նաև սոցիալիստ է, գոնե ինքն իրեն այդպիսին է համարում: Սակայն Թուրքիայի կոմունիստներն ու իրական սոցիալիստները նրան համարում են սոցիալիզմին դավաճանած մարդ: Փերինչեքից մոլի ազգայնականներն էլ նրան դավաճան են համարում 1991 թվականին Լիբանանում Աբդուլլա Օջալանի հետ հանդիպելու և ջերմ հարցազրույց կազմակերպելու համար: Հիմա նա գլխավորում է նախկին «Աշխատավորական», այժմ արդեն վերանվանված «Վաթան» (Հայրենիք) կուսակցությունը:



Առաջին անգամ նրան ձերբակալել ու 20 տարվա ազատազրկման են դատապարտել 1971 թվականի մարտին՝ զինվորական միջամտության ժամանակ: Թուրքիայում իշխանությունը վերցրած զինվորականները  նրան մեղադրեցին անօրինական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ: Փերինչեքը բանտում անցկացրեց ընդամենը 3 տարի և համաներումով ազատ արձակվեց:

Երկրորդ անգամ` 1980 թվականի ռազմական հեղարջումից հետո, զինվորականները Փերինչեքին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման: Նա բանտում մնաց մինչև 1985 թվականը: Իսկ բանտախցում անցկացրած ամենակարճ ժամկետը եղել է 8 ամիս՝ 1990 թվականի ապրիլից դեկտեմբեր:

Ուշագրավ է, որ Փերինչեքը կարող էր չմասնակցել Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի 2 վճիռների հրապարակմանը: Էրդողանի իշխանության տարիներին (2008 թվականին) նրան ձերբակալել էին ապօրինի զինված խումբ ստեղծելու, ղեկավարելու և իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով: Նրա գործը միացվել էր Էրդողանի իշխանության դեմ դավադրության հայտնի գործին`  «Էրգենեկոն»-ին: Փերինչեքին դատապարտել էին 117 տարվա ազատազրկման: Բայց 2014 թվականից Փերինչեքը կրկին ազատության մեջ է: Գուցե Հայոց ցեղասպանության ժխտման դատավարությանը մասնակցելու, գուցե` այլ պատճառով:


[1] Perinçek v. Switzerland

Գրել կարծիք