Արա Պապյան. Մարդիկ «քաղցր ստի» կարիքն ունեն

November 23, 2015

Կյանքից գոհ մարդ եմ, ունեմ այն, ինչ ցանկանում եմ, ու ինչ ցանկանում եմ, ունենում եմ: Հայրենիքի համար օգտակար գործ եմ անում, կարողանում եմ ապահովել իմ ընտանիքի բարեկեցիկ կյանքը և կարծես թե վատ մարդ չեմ: Շրջապատս ինձնից դժգոհ չէ:
Homo-վերլուծում
Օրը պլանավորում եմ` թղթին գրելով օրվա անելիքը: Առավոտյան մտածում եմ, ինքս իմ ներսում վերլուծում օրվա լուրերը: Ես այնքան եմ մերվել իմ մասնագիտությանը, որ այն կյանքիս հետ դարձել է նույնական: Չեմ կարողանում տարբերակել: Վերլուծելն արդեն ինքնըստինքյան է ստացվում, ակամա սկսում եմ մարդկանց վերլուծել: Չեմ ցանկանում, բայց հաճախ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ միտքս սկսում է վերլուծել ու սուտը տարբերել իրականությունից: Մտածում եմ՝ ինչն էր պատճառը, որ դիմացինս այդպես խոսեց:
ինքնավերլուծություն
Մտովի ընդունում եմ իմ սխալները, չնայած շատերը կարծում են, որ դա սխալ է: Ավելի խիստ եմ իմ նկատմամբ, քան ուրիշները: Միշտ մտածում եմ, որ կարող էի ավելի լավ ու ճիշտ անել: Արդյունավետ եմ աշխատում, բայց միշտ դժգոհ եմ: Ինձ համար ամենաթանկը ժամանակն է: Այն վերացական չէ. մեր կյանքն է: Մենք միանգամից չենք մահանում, այլ ամեն օր՝ քիչ-քիչ: Օրն անցավ՝ այդ մեկ օրը մահացավ: Մեր կյանքն ավազի ժամացույցի պես է. սորում, անհետանում է, վերջում տեսնում ես՝ տակը բան չմնաց: Այդ պատճառով ուզում եմ շատ ապրել ու արդյունք ստանալ, ոչ թե քանակ: Ուզում եմ հասցնել շատ բան անել: Կան բաներ, որոնք եթե ես չանեմ, մեկ ուրիշը երբեք չի անի:
իմ տարիքը
Երբ մարդիկ հասնում են որոշակի տարիքի, սկսում են կարոտել անցյալը: Բայց ամեն տարիք ունի իր գեղեցկությունը: Եթե կարողանայի հետ բերել երիտասարդությունս, գուցե որոշ բաներ այլ ձևով կանեի: Գերազանցիկ եմ եղել, նպատակասլաց ու լուրջ մտահոգություններով ապրող. կուզեի ավելի թեթև ապրել: Բայց սիրահարված նույնպես եղել եմ: Անգամ այդ հարաբերություններում ինքնավերլուծման ճանապարհով էի գնում, ամեն անգամ ուզում էի պարզել՝ հարաբերություններն ուր են գնալու: Մարդու երկու տեսակ կա. մի տեսակը չի մտածում ու չի վերլուծում, չի նախատեսում ու չի ծրագրում, որն ինձ համար անընդունելի է: Ես մյուս ծայրահեղությունն եմ. փորձում եմ ամեն ինչ հասկանալ, անգամ միջանձնական հարաբերություններում:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



կոմպրոմիսի արվեստը
Ստի տարբեր դրսևորումներ կան: Աստվածաշունչն ասում է՝ ծառը պտուղով է իմացվում: Սուտն էլ, եթե ասվում է բարի նպատակի համար, ներելի է: Երբ աղջիկը հարցնում է, թե իր հագուստն իրեն սազո՞ւմ է, նա ցանկանում է այդ պահին լսել միայն դրական պատասխան: Այդ դեպքում կարելի է ստել: Ինձ համար անընդունելի է խաբելը, երբ սուտն ասվում է շահադիտական նպատակով: Երբեմն ես էլ եմ ստում՝ մարդուն ընկճված վիճակից հանելու համար: Կյանքը կոմպրոմիսի արվեստ է: Չես կարող, ու ճիշտ չի լինի, որ միշտ չոր ճշմարտությունն ասես: Մարդիկ «քաղցր ստի» կարիքն ունեն:
անճաշակություն
Անճաշակությունը մարդու ներքին աշխարհի ու չիրականացված ձգտումների անհամատեղելիությունն է: Մարդ պետք է որոշակի հասունություն և ճաշակ ունենա տարբեր միջավայրերում ճիշտ ապրելու համար: Վերջին հեղաբեկումները մեծ սոցիալական փոփոխություններ մտցրեցին, և մարդիկ չկարղացան ադապտացվել այդ վիճակին: Քաղաքականության մեջ շատ անճաշակություն կա, երբ մարդիկ սկսում են հայտնիների մեջբերումներով հիմնավորել իրենց միտքը: Անտեղի մեջբերումն անճաշակության դրսևորում է:
երազների խառնաշփոթ
Շատ տարբեր ու խառը երազներ եմ տեսնում, բայց չեմ հավատում: Այս գիշեր երազումս բանավիճում էի մի նախարարի հետ: Զանգել էի, ու մենք հեռախոսով ծանր քննարկում էինք անցկացնում: Արթնացա ու մտածում եմ՝ ինչ էր սա:
Երևանը հարմար քաղաք չէ
Շատ երկրներում եմ ապրել, մեծ քաղաքներում եմ եղել. ամենալավ բանը կանաչ տարածությունն է: Մեր քաղաքը բետոնի ու քարի է վերածվել: Սա մեզ կտրում է բնությունից: Երևանից դուրս էլ չկան ազատ տարածություններ: Մարդուն պետք է վայր, որտեղ կարող է անցկացնել իր միայնությունը: Մարդը միայնության ձգտում ունի: Մարդն իր ներսում միայնակ էակ է: Ես շատ էի սիրում միայնակ բարձրանալ Արագած. մարդ չկար, լռություն էր ու մաքուր օդ, իսկ հիմա խաշ-խորովածանոցներ են դրել: Քաղաքը գրավելուց հետո սարերն են գրավում:
հավատացյալ չեմ
Գիրք չէ, մի ամբողջ գրադարան ունեմ գրասեղանիս, տարբեր բաներ եմ կարդում: Քիչ եմ ընթերցում գեղարվեստական գրականություն, ավելի շատ մասնագիտական եմ կարդում, անցել եմ նույնիսկ արխիվային փաստաթղթերի. մասնագիտականը չի բավարարում: Շատ եմ սիրում գրաբարը. իմ առաջին մասնագիտություններից մեկն է եղել: Նարեկացու «Մատյանը» և Աստվածաշունչը հաճախ եմ կարդում, բայց որպես լեզվի արվեստ: Ինքս դասական առումով հավատացյալ մարդ չեմ: Աստվածաշունչն ինձ համար լեզու և մշակույթ կրող է, ոչ թե վերացական տեքստ, հավատալիքների շտեմարան:
ուժեղ անհատականություններ
Ուժեղ է սահմանի վրա կանգած երիտասարդ զինվորը: Ոչ թե սպաներն ու գեներալները, որոնք ջիպերով շրջում են ու պարկետի վրա քայլում: Անհատականությունն այն զիվորն է, որը խրամատում է՝ վտանգի տակ: Նրանք են մեր մեծագույն և ուժեղ կերպարները: Շատ երկրների բանակներ եմ տեսել, սովորել եմ ՆԱՏՕ-ի զինվորական ակադեմիայում, սովետական բանակում զինվորական թարգմանիչ եմ եղել: Ոչ մի տեղ այնպես չէ, ինչպես մեզ մոտ է: Մեր զինվորն իր ծառայության ուղիղ կեսն անցկացնում է մարտական դիքում: