«Փախիր կամ ամուսնացիր». Ինչո՞ւ է այս ֆիլմն ամենալավը նախորդներից

March 7, 2016

Նախապատմություն։


Հայկական կինեմատոգրաֆի ամենամեծ խնդիրներից են սովետական տարիների երկարաժամկետ ցենզը և 90-ականների խորը բացը, որը փորձվում է լրացվել այսօր։ Մինչ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Անգլիան ունեցան կոմեդիայի ժանրեր, ենթաժանրեր, ուղղվածություններ, սև ու սպիտակ հումորներ, մենք 2016-ին հպարտ ծածանում ենք միայն իրավիճակային կատակերգությունների էկլեկտիկորեն կարկատած դրոշակը։
Երբ երկրի ամենասիրված, շահութաբեր և իր ժանրում լայն դիապազոնի տեր կոմիկն այլևս հանդես չի գալիս բեմական տանդեմի մեջ և նկարահանվում է սեփական առաջին կատակերգությունում, ֆիլմը դառնում է ոչ թե պարզապես հերթական կոմերցիոն փորձ, այլ որոշակի մարտահրավեր, որը դերասանն առաջին հերթին նետում է ինքն իրեն։
Տեղափոխվելով հեռուստասքեչերից ու կատակերգա-ներկայացումներից մեծ կինո՝ այսօր Մկրտիչ Արզումանյանն արդեն ընկալվում է որպես առանձին կատակերգական ֆիգուր, որը վաղուց ցուցադրել է բազմապրոֆիլ գրոտեսկային հերոսների դիապազոնը՝ լինեն դրանք կաղ տատիկներ, թմրամոլ երրորդմասցիներ թե ինտելիգենտ ուսանողներ։


Խաղասեղանին սերն է. Poker.am-ի ռուսական ակցենտը





Նոր բնակավայրում ցանկացած սքեչիստի մոտ առկա է հայտնի ու սիրված դերասանի խնդիրը, թեկուզ ենթաժանրային փոքր փոփոխման դեպքում. հանդիսատեսն ակնկալելու է նախորդ ենթաժանրի կատակների պես մի բան՝ կատակերգության բազմապրոֆիլ ճյուղավորումների մասին չկասկածելով։
«Փախիր կամ ամուսնացիրի» թրեյլերը մեր քթերի տակ խցկում է դասական արկածային կատակերգություն, ինչն իրականում այդպես չէ։

Սա ավելի շուտ կատակերգական ռոուդ մուվի-մելոդրամա է, չնայած որ այստեղ չկան սիրային պատմություններին հատուկ դրամատուրգիկ զարգացումներ՝ սեքսուալ ու զավեշտալի իրավիճակներով կամ զգացմունքային, վառ դրսևվորված միզանսցեներով։

Ինչի՞ մասին է ֆիլմը։


Պատմությունն Աղասիկ անունով տաքսու վարորդի մասին է, որը նման չէ իր երևանյան գործընկերներին, նրա ռետրո մեքենա «Ռակետան» էլ ակնհայտ տարբերվող ռարիտետ է սովորական օպելների, շկոդաների ու ռենոների ֆոնին։ Կոկիկ ու խնամված հերոսը, իր տարիքի ու մասնագիտության համար առաջադեմ հագուկապով, հայատառ iPhone-ով ու կոմիկության հասնող արտիստիզմով վաստակում է օրվա հացն ու վայելում զբոսաշրջիկ-հաճախորդների ջերմ մթնոլորտը։
Առաջին տեսարաններից մեկում մեզ պարզ ու հստակ բացատրում են, որ Աղասիկը չի սիրում իր ապագա հարսնացու-դերասանուհի Վերգինեին, որը թատրոնում մարմնավորում է «Շրեկի» Ֆիոնային և խոսում մանկական տեմբրով անգամ բեմից դուրս։


«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ





Սաթենիկը (Իվետա Մուկուչյանը) նույնպես չի սիրում իր ապագա կեսին՝ Սաքոյին և ջուլիառոբերտսություն է անում հարսանիքից հաշված րոպեներ առաջ. չունենալով ոտքերի տակ ձի կամ Fedex-ի բեռնատար՝ նա մայրուղու մեջտեղում բախվում է Աղասիկի «Ռակետային», ինչից էլ սկսվում է զույգի հետապնդում-պահմտոցին բրաբուսավոր Սաքոյից, որն իր թանկ կոստյումով ավելի վտանգավոր տեսք ունի, քան Աղասիկի էմոցիոնալ հարսնացուն հրեշային կանաչ դիմահարդարմամբ։

Ի՞նչ ենք ստանում արդյունքում։


Առաջին անգամ սցենարիստ Աշոտ Աբրահամյանը մոռանում է ռաբիսության հասնող գռեհիկ երկխոսությունների և սրտխառնոցին սահմանող գեգային իրավիճակների մասին՝ վերջապես ստեղծելով համաշխարհային կինեմատոգրաֆիկ լեզվին համարժեք ֆիլմ։
Այստեղ չկան վահագնի թաղամասներն ու կես դեմքի վրա շրթունք ունեցող բոտեքսի գերուհիները. կա ուղղակի համով հայկական տուն, ճաշ տաքացնող մայրիկ ու բնական կինոյի աղջիկ:

Թեկուզ նա դերասանության չի ձգում, սակայն գերխաղով էլ չտառապող հմայիչ կերպար է՝ գերմաներեն հայհոյանքներով ու ֆիզիկական գերհմտություններով։ Իվետա Մուկուչյանը, իր չմասնագիտական դեբյուտի համար բավականին համոզիչ է. երգչուհուն անձամբ չճանաչող հանդիսատեսն էլ կարող է զգալ, որ Սաթենիկի կերպարը նրան խորթ չէ, իսկ խոսելաոճն ու դիմախաղը գրեթե անձնական արսենալից են։ Սաքոն (Արմեն Կուշկյան) վերջին տարիների ամենահետաքրքիր, լիարժեք ու «համակրելի» անտագոնիստն է:
Վերջապես հայ ռեժիսորներից մեկը հասկացել է բացասական կերպարի միջազգային ստանդարտներն ու սցենարիստ+դերասանի հետ ստացել հոլիվուդյան կոմեդիայի կոնֆլիկտի դրամատուրգիային հասնող բացասական հերոս՝ իր անձնական պատմությամբ (ֆիլմի ուժեղ տեսարաններից մեկը պատմում է Սաքոյի սադիստական նախասիրությունների մասին)։ Լքված փեսայի կողքին են թիկնապահներ Բլոտն ու Ռեբլոտը, որոնցից մեկն էլ՝ իր արտաքնային և մտավոր հատկությունների շնորհիվ, կրում է ֆիլմի ողջ գրոտեսկային կլոունադան։

Իրականում, ամեն ինչ մտածված է, հաշվարկված, գրեթե ինտելիգենտ, առանց զուգարանային հումորի, ծեծված կլիշեների ու ծամծմված հերոսների։ Բայց ֆիլմն ապշեցուցիչ զվարճեցնող չէ:



Խնդիրներ կան ընթացքի ու զարգացման դինամիկայի հետ. ընդհանուր ֆիլմի խիստ գրագիտության հետ մեկտեղ պատմությունը կեսից թուլանում է, չի պահում լարվածության մեջ, կատակերգության համար պակասում են ակտիվ տեքստային հումորները, օրինակ՝ «Ինչու՞ մայրիկդ հավատաց ու ներս թողեց Սաքոյին» հարցին ի պատասխան հնչած գրեթե շեդևրալ «Մաման մինչև հիմա «Լրաբեր» ա նայում ու հավատում»-ի նման դիպուկ կատակները միայն կուժեղացնեին երկխոսությունները։
Պատմության սիրային բաղկացուցիչի համար բացակայում է հերոսների միջև ստեղծված նյարդային լարվածությունը, զգացմունքային տապն ու գոնե մեկ սեքսուալ կամ «ֆիզիոլոգիական» տեսարանը՝ անգամ կոմեդիայի ֆորմատով։
Նորից հայկական ֆիլմում չենք տեսնում տեղը տեղին, իրական, հեփի էնդին բնորոշ, ռոմանտիկ ու հասուն ֆրանսիական համբույր։

Մկրտիչ Արզումանյանը մաքսիմալ ընկերական է, հարազատ ու բարի, սակայն դա բավական չէ ռոուդ մուվիասիրային կառուցվածքի ռեակտիվ տեմպի գործողությունների համար. անգամ Ջիմ Քերիի հերոսներն են լրջանում հանուն ֆինալային տեսարանի համբույրի։


«Որոգայթ». Էսթետիկացված գանգստերական միֆ





Ինչ խոսք, օպերատորական էսթետիկան, (հիմնականում բնապատկերների ժամանակ) գույնային կորեկցիան, Իվետայի անվերջ ու շքեղ ոտքերը, Մկոյի բարի աչքերը և Մել Գիբսոնի «Խիզախ սիրտ» էպոսի և Քեվին Քոսթներ-Ուիթնի Հյուսթոն «Թիկնապահ» մելոդրամայի նմանակում-հղումները միանշանակ արժանի են դիտման։ Կինոգրագիտության տեսանկյունից սա վերջին մի քանի տարվա լավագույն փորձն է՝ գուցե մինչև վերջ չկերտված Աղասիկով, փրոդուքթփլեյսմենթառատ վիսկի-հյուրանոցներով ու տրիվիալ զարգացում-կուլմինացիայով։
Մկոյի ենթաժանրային ոստյունը դեպի ավելի խոշոր կաթսա վաղը կարող է շտկվել՝ ժամանակին ճիշտ համեմունքների ավելացման դեպքում, իսկ որպեսզի ամենաբարձրահասակ դերասանի ուսերին դրված հայ հանդիսատեսի ծանր սպասելիքները արդարացվեն՝ ընկալեք սա իբրև կատակերգական կիսամելոդրամա և համեմատեք անցած տարվա բրոմեդիների հետ. ակնհայտ առաջընթացը նկատելի է։