Խաղասեղանին սերն է՝ Poker.am-ի ռուսական ակցենտը

Խաղասեղանին սերն է՝ Poker.am-ի ռուսական ակցենտը

newmag-ի կինոքննադատը դիտել է հայկական Poker.am ֆիլմի ռուսական կինոֆրանշայզն ու պարզել, թե ինչով է Արտյոմ Միխալկովի ֆիլմը զիջում բնօրինակին:

2012 թվականին Երևանում ծնված Poker.am կատակերգությունը, հավանաբար, բաբախանյանական դարաշրջանի ամենադիմակցուն և հաջողված պատմությունն է: Էքսցենտրիկ և բուրլեսկային դասական ձևաչափ, անհաջողակ հերոս (Հովհաննես Ազոյան), որը սիրում է չափից դուրս բարի և իդեալական օջախի աղջկա: Այս պատմությունն այնքան է դուր եկել Համայն Ռուսիո կինոարքա Նիկիտա Միխալկովի որդուն` միջակ դերասան և ռեժիսոր Արտյոմ Միխալկովին, որ նա նկարահանել է ֆինանսապես ստացված հայկական ֆիլմի փոփոխված ռուսական ռիմեյքը:

Լեյտմոտիվը դարձնելով մոսկվայկերտ, իսկ պատմության երկրորդ կեսը լցոնելով ամերիկյան լոքեյշններով` նա ստացել է բնօրինակից թույլ կինոլենտ:

Հայկական մենթալիտետի համար ստեղծված կատակները, բնականաբար, փոխվել են ռուսաստանյան շուկայի համար նախատեսված ավելի ունիվերսալ սիտուատիվ կլոունադայով և երկխոսական պինգ-պոնգով, որոնք զվարճացնում են միայն դերասանական հմտությունների շնորհիվ:


Դիանա Մարտիրոսյանի սյունակում կարդացեք նաև`


Ընտրված դերասանական կազմը հանդես է գալիս իր ամպլուային բնորոշ ատրիբուտիկայով. չեխովյան փոքր մարդու կերպար (Ազոյան), լավագույն ընկեր`պոկարեմոլ երիտասարդ (Բուրկովսկի), որը վարակում է սպորտից հեռու իր ընկերոջը, պուպուշ կինոյի աղջիկ (Շպիցա), որն անչափ սիրում է իր գրեթե նշանածին` սուշի բարում աշխատող, ցածրահասակ հային, իհարկե, աղջկա ընտանիքի անտագոնիստ` բռնապետական խիստ մայրիկ (Տումայկինա), որը  գոհ չէ աղջկա ընտրությամբ և ամեն հարմար ու անհարմար առիթի դեպքում սղոցում է  տան գլխավերևում կանգնած բարի և համբերատար հայրիկի նյարդերը (Անդրեև): Ընտանեկան դրամային գումարենք վտանգավոր քրեական դեմք (Սմոլյակով) և մի քիչ տարօրինակ, սակայն անչափ տաղանդավոր պոկերի արքա (Րեվա), որը պետք է օգնի պատմության կենտրոնական հերոսին:

Ֆիլմը կարելի է դիտել միայն այն դեպքում, եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես են ռուսները ձևափոխում հայկականը: Ամերիկաբնակ հայերի մասին տշված կլիշեներ, մեծ ու աշխույժ ընտանիքի մասին ծեծված հումորներ, իրավիճակային խառնաշփոթ և զավեշտալի հերոսներ:

Դասական սխեման համեմվել է նաև հոլիվուդիզմներով` ամերիկյան բնապատկերների և կենցաղի ֆոնին: Հետևաբար ստանում ենք հայկական հիմքով, ռուսական մշակմամբ և հոլիվուդյան ստանդարտներով աջաբսանդալ, որը դժվար կշտացնի միջազգային կինովարձույթին:

Այս օրինակի վրա վառ երևում է. կատակերգության համար մասշտաբը միշտ չէ ձեռնտու, իսկ դեռևս «Միմինոյի» ժամանակներից ստեղծված, ազգային հողի վրա կատակներով այսօր չես զարմացնի ոչ մեկի` անգամ եթե դրան գումարես լոս-արմենիոս իրականությունը:

Դերասանների համար հերթական սյուժեն, որտեղ իրենք չունեն նորարությունների տարածք, չի կարող հաղթել միայն էքշնի հաշվին, այն էլ կարկատված պատմության, որը հիշեցնում է միջազգային կոմեդիայի անհասկանալի սիմբիոզ:

Գրել կարծիք