Կկատարվի՞ երազանքը. Հնարավոր է մեր հավաքականին տեսնենք ԱԱ-2018-ում

March 27, 2017

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին, իսկ դա նշանակում է, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը մեծանում են: Հիմա մեր հավաքականը պայքարում է խմբում երկրորդ հորիզոնական դուրս գալու համար:
Երկու րոպեում եւ գոլ եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը Երեւանում: Հայաստան-Ղազախստան խաղի առանցքում 2 թիվն էր. երկրորդ խաղը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, երկու րոպեում խփված երկու գնդակ եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը Երեւանում: Բայց ի՞նչ գնով եղավ այդ հաղթանակը:



Թե ինչ էինք կանխատեսում խաղից առաջ



Անցանկալի մեկնարկ


Հավաքականն առաջին րոպեին կորցրեց ամենառանցքային ֆուտբոլիստներից մեկին: Ծնկի վնասվածքի պատճառով խաղը չշարունակեց Գեւորգ Ղազարյանը: Արթուր Պետրոսյանը խաղադաշտ դուրս բերեց երիտասարդ Տիգրան Բարսեղյանին: Սա նոր մարտահրավեր էր թե՛ մարզչի, թե՛ Բարսեղյանի համար:

Ի՞նչ վիճակում է Գեւորգը


Վնասվածքը լուրջ է: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ հարձակվողի ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակի պատռվածք եւ մենիսկի վնասվածք: Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, նա կվիրահատվի:

Առաջին խաղակեսի լիդերը


Հենրիխ Մխիթարյանը մի՛ կողմից, Մարկոս Պիզելին ու Արթուր Սարկիոսվը` մի՛: Հարվածների տեղատարափը ղազախների դարպասին չդադարեց ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում: Հայաստանի հավաքականի առավելությունը բացահայտ էր, բայց լուսատախտակին դեռ զրոներ էին:

Կարմիրն ու Պետրոսյանի կախարդական փայտիկը


Առաջին խաղակեսի տեմպը տղաները պահեցին նաեւ ընդմիջումից հետո: Հակագրոհներից մեկի ժամանակ` 64-րդ րոպեին, մրցակցի պաշտպան Սերգեյ Մալին գցեց Մխիթարյանին ու կարմիր քարտով հեռացվեց դաշտից: Բացահայտ առավելությունը նյութականացնել չէր ստացվում: Եվ այդ պարագայում ո՞վ պետք է միջամտի խաղին, եթե ոչ մարզիչը:



Արթուր Պետրոսյանի մասին



Արթուր Պետրոսյանը խաղադաշտ դուրս բերեց Էդգար Մանուչարյանի եւ Արաս Օզբիլիսին, որոնք բեկեցին խաղը: Մարզչի հոտառությունն աշխատեց: Նախ Հենոն Մանուչարյանի օգնությամբ խաբեց մրցակցի միանգամից երեք պաշտպանի ու դարպասապահին, հետո Արասը ձախ ոտքի մեկ հպումով հանեց հաղթողի հարցը: 2-0 եւ տղաները մինչեւ վերջին վայրկյանը ձեռքում ամուր պահեցին խաղի ղեկը: Ստավրեւի սուլիչը կա` կա նաեւ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Մխիթարյանի 20-րդ գնդակը հավաքականում


«Շատ ուրախ եմ, հաճելի է գոլեր խփել հավաքականում: Կարեւորը` այսօր հաղթեցինք եւ 3 միավոր վաստակեցինք: Լեփ-լեցուն մարզադաշտն ուրախացնում է: Մենք նրանց համար ենք խաղում, հաղթում ենք նրանց համար եւ ցանկանում ենք, որ էլ ավելի շատ մարդ գա ստադիոն: Խաղի ամենատհաճ պահը Գեւորգ Ղազարյանի վնասվածքն էր: Առողջություն եմ մաղթում նրան»:

Պետրոսյանի նոր հաջողություն. դարպասը` անառիկ


«Հիմա բոլորս մտքով Գեւորգի հետ ենք` հիվանդանոցում: Այս խաղում եւս սխալներ կային: Գոլային պահերը լավ չէինք իրացնում, բայց ինձ համար կա կարեւոր մի փաստ. վերջին անգամ թիմը գնդակ բաց չէր թողել երեք-չորս տարի առաջ: «Չոր» հաշվով հաղթելն արդեն առաջընթաց է»:

Դարպասն անառիկ պահեց Արսեն Բեգլարյանը


«Ուրախ եմ, որ գոլ բաց չթողեցի: Կարեւորն, իհարկե թիմի հաղթանակն է: Եթե 10:9 հաշիվ գրանցվեր, միեւնույն է ՝շատ ուրախ կլինեի»:

Արասի նվերը` Ղազարյանին


«Գոլս նվիրում են Ղազարյանին: Հույս ունեմ` նա շուտ կվերադառնա խաղադաշտ: Երկրպագուները հիանալի էին: Շատ ուրախ ենք հաղթանակի եւ նման աջակցության համար»:

Մարկոսի ֆանտաստիկ շաբաթը


Պիզելին Հայաստան էր ժամանել ծնողների հետ, որոնք ապրում են Բրազիլիայում: Նրանք առաջին անգամ էին Երեւանում. «Ծնողներս կարողացան ներկա լինել խաղին եւ կուզեմ նրանց ամեն անգամ Հայաստան բերել:  Այս շաբաթն ինձ համար` պարզապես perfect»:


Թե ինչ պետք է անի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը



Դրությունը խմբում


Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց չորրորդ տեղում գտնվող Ռումինիային: Մեր խմբի մյուս դիմակայությունները եւս դասավորվեցին Հայաստանի հավաքականի օգտին: Լեհերը հաղթեցին Չեռնոգորիային, Ռումինիան եւ Դանիան ոչ-ոքի խաղացին: Իսկ դա նշանակում է, որ մենք միավորներով հավասար են Ռումինիային եւ մեկ միավոր զիջում ենք Դանիային ու Չեռնոգորիայն:

Երազանքի ճանապարհին


Մենք պայքարում ենք երկրորդ հորիզոնականի համար: Երկու խաղ առաջ դրա մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից էր, իսկ այսօր արդեն իրականություն է: Հաղթանակը հույս էր եւ նոր ինտրիգ. Մունդիալ-2018-ը Հայաստանի հավաքականի համար ավարտված չէ: Այն նոր երանգներ է ստանում: Նպատակը Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլ դուրս գալն է: Եվ ինչո՞ւ չներդնել ամեն ինչ, եթե դրան այդքան մոտ ենք: Ընտրական քարոզարշավից Երեւանը մեկ պահ շեղվեց. այժմ քաղաքը շնչում է ֆուտբոլով, բայց տնային խաղերին երկրպագուն դեռ կկարոտի: Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 10-ին` հյուրընկալվելով Չեռնոգորիային, որին Երեւանում հաղթել էր 3:2 հաշվով: