[Ֆուտբոլ] Հայաստան-Ղազախստան. Ի՞նչ շանս կա և ի՞նչ սպասել խաղից

[Ֆուտբոլ] Հայաստան-Ղազախստան. Ի՞նչ շանս կա և ի՞նչ սպասել խաղից

Հաղթելու ի՞նչ շանսեր կան եւ ի՞նչ սպասել այս խաղից. newmag-ի վերլուծությունը Հայաստան-Ղազախստան խաղից առաջ:

Չեռնոգորիայի հետ խաղում տարած դրամատիկ հաղթանակից հետո սա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն է: Անցել է ավելի քան 4 ամիս, բայց էմոցիաները դեռեւս թարմ են:

Ի՞նչ վիճակում է Հայաստանի հավաքականը

Օդի ու ջրի պես անհրաժեշտ 3 միավոր վաստակելու համար Արթուր Պետրոսյանի տրամադրության տակ են հավաքականի բոլոր ֆուտբոլիստներ: Առանցքային խաղացողները իրենց ակումբներում բավարար խաղաժամանակներ ստացել են եւ օպտիմալ մարզավիճակով են ժամանել Երեւան: Բրիտանական մամուլում խոսվում էր Մխիթարյանի վնասվածքի մասին, սակայն Հենոն հայրենիք ժամանալուն պես միացավ ընդհանուր խմբին ու մարզվեց ամբողջ ծանրաբեռնվածությամբ. նա կլինի մեկնարկային կազմում:


Հայաստանի հավաքականի մասին այլ հոդվածներում կարդացեք նաև`


Ի՞նչ վիճակում է Ղազախստանի հավաքականը

Անմխիթար: Չորեքշաբթի Ղազախստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հետ եւ պարտվեց 1-3 հաշվով: Հետաքրքիր է` վերջին 5 տարում Կիպրոսը 3 գոլ խփել է միայն Անդորային, Ջիբրալթարին եւ Ղազախստանին: Այն երկու հավաքականները համարվում են գաճաճ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը պարտությունից հետո հայտարարել է, որ թիմը ֆիզիկական եւ հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Վերջին 5 խաղում Ղազախստանը կրել է 3 պարտություն, երկու խաղ էլ ավարտել է ոչ-ոքի: Խփել է ընդամենը 4, ընդունել 14 գնդակ: Հայաստանի հետ խաղից առաջ հարցականի տակ է ղազախների երկու առաջատար խաղացողների մասնակցությունը:

Ո՞ր պարագայում կհաղթի Հայաստանը

Հստակ է` Արթուր Պետրոսյանը բռնել է հավաքականի խաղի թելը: Մասնագետն արդեն գիտի թիմի թերի ու լավ կողմերը, եւ կազմն ընտրում է գնահատել ճիշտ պահը, հաշվի առնելով բոլոր գործոններն ու մանրուքները: Եթե հավաքականը ցուցադրի նույն ֆուտբոլը, որը տեսանք Չեռնոգորիայի հետ խաղի երկրորդ կեսում, Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը կտրուկ կմեծանան: Մրցակիցը, սուբյեկտիվ կարծիքով ու օբյեկտիվ փաստերով, թույլ է Հայաստանի հավաքականից: Բայց պետք է զգուշանալ, քանի որ հուսահատ ղազախները կորցնելու ոչինչ չունեն եւ խաղալու են սասանված հեղինակությունը վերականգնելու համար:

Երկրպագուները

Ստադիոն գնալու այսպիսի խանդավառություն հայ երկրպագուն չէր ունեցել ավելի քան 3 տարի: Չեռնոգորիայի հետ խաղում տարած հաղթանակը տրիբունաներում մթնոլորտ փոխեց: Չկա լարվածություն, չեն ասում, թե տոմսեր գնելու համար ավելորդ գումար կծախսեն: Կա վստահություն ու ստադիոն գնալու անհագ ցանկություն: Պիզելին ու Մխիթարյանը երկրպագուներին կանչում են ստադիոն:

Խաղի առանցքում

  • Հարձակվող Էդգար Մանուչարյանը հավաքականում իր նորամուտը նշել է հենց Ղազախստանի հետ խաղում, 13 տարի առաջ: 3-3 հաշվով է ավարտվել այդ խաղը:
  • Խաղին պաշտոնյաների օթյակից կհետեւի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը վերջին անգամ ստադիոնից հավաքականի խաղին հետեւել է Ալբանիայից կրած պարտության ժամանակ (0-3):

Շահերի բախում

Հաղթել կամ հավաքել ճամպրուկները: Վաստակած 2 միավորով ղազախները Մունդիալ-2018-ի ընտրական փուլում խմբի հետնապահն են եւ 1 միավոր են զիջում Հայաստանի հավաքականին: Այսինքն` այս խաղում սայթաքողն այլեւս ոտքի չի կանգնի:

Գրել կարծիք