Քաղաքակիրթ մարտունակություն. ամենառազմականացված հասարակություն ունեցող երկրները

August 7, 2016

Si vis pacem, para bellum – Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Երկրները, որոնք ուզում են խաղաղ ու անվտանգ ապրել, հենց դա էլ անում են: Հարձակվողին միայն այդպես կստիպես մինչև գործի անցնելը յոթ անգամ մտածել: Պատահական չէ, որ Եվրոպայի ամենաչեզոք ու խաղաղ երկիրը համարվող Շվեյցարիան նաև ամենառազմականացվածն է: Այստեղ զինվորական լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ: Ամբողջ կյանքի ընթացքում շվեյցարացիները պատրաստվում են պատերազմի: Հարյուրամյակներ շարունակ դա նրանց պետք չի եկել, բայց այդ գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և խնամքով: Նրանք հասկանում են, որ դա է իրենց խաղաղ ապրելու գինը:
Ներկայացնում ենք ռազմականացված պետությունների օրինակներ, որտեղ պրոֆեսիոնալ զինվորական լինելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է:



ՇՎԵՅՑԱՐԻԱ


Պատկերացրեք մի պետություն, որտեղ 20-50 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ զինվորական ծառայության մեջ են և քնում են՝ զենքը գլխի տակ: Պետություն, որի 22-հազարանոց բանակը 2-4 ժամում վերածվում է 650 հազարի, իսկ 48 ժամում՝ 1.7 միլիոնի:  Պետություն, որն անհրաժեշտության դեպքում վերածվում է կազմակերպված, լավ պատրաստված և տեղը տեղին զինված ռազմական մեքենայի, որտեղ բոլորը գիտեն՝ որ ստորաբաժանմանն են կցված, ուր են գնալու և ինչ են անելու: Սա է բանակ-պետությունը, որն ամենևին էլ հորինվածք չէ: Այն կա և գտնվում է Ալպերում: Այդ բանակ-պետությունն աշխարհի ամենառազմականացված երկիրն է՝ Շվեյցարիան:
ԻՍՐԱՅԵԼ
Երկիր, որտեղ պարտադիր զինվորական ծառայություն են անցնում նաև կանայք: Գրեթե 5 մլն բնակչություն ունեցող Իսրայելը խաղաղ պայմաններում 177-հազարանոց բանակ ունի, որն անհրաժեշտության դեպքում վերածվում է 600 հազարի: Դրա համար ընդամենը 2 օր է անհրաժեշտ, ու բոլորը կազմ-պատարստ իրենց տեղերում են: Չծառայելն Իսրայելում ամոթ է: Եթե չես ծառայել, ուրեմն կամ հիվանդ ես, կամ հանցագործ, կամ էլ սրիկա: Չծառայել նշանակում է, որ մարդը երբեք չի կարող հավակնել լավ աշխատանքի և, ընդհանրապես, կյանքում առաջ գնալ: Այստեղ պատանիները խնդրում են, որ իրենց ծառայության վերցնեն:
ՖԻՆԼԱՆԴԻԱ
Այստեղ զորակոչվում են գիտակցաբար, հաճախ առանց էմոցիայի և պաթոսի: Ֆինլանդիան իր պաշտպանության ամբողջ հույսը երբեք էլ չի դրել Հյուսիս-Ատլանտյան դաշինքի վրա: Այն մշտապես վերապատրաստում է իր կադրերին ու խրախուսում: Յուրաքանչյուր ֆիննի համար հայրենիքը պաշտպանելը ոչ միայն պատիվ է, այլև կարիերայի աճ: Ծառայած ֆիննին ավելի հեշտ են աշխատանքի վերցնում, իսկ աշխատատեղը պահպանում են մինչև զորացրվելը: Սա օրենք է: Գուցե սա է պատճառը, որ Ֆինլանդիայում բանակից հազվադեպ են խուսափում: Այստեղ մեծ անպատվություն է բանակից խուսափելը: