Օրավարձով տուն. Նոր մշակույթ հայկական տուրինդուստրիայում

May 20, 2016

Հայաստան ժամանող տուրիստների 1/3-ը` հյուրանոցում իջևանելու փոխարեն, բնակարան է վարձում: Զբոսաշրջիկների համար ամենապոպուլյար թաղամասը մայրաքաղաքի փոքր կենտրոնն է: Հայկական տուր-ինդուստրիայի այս ուղղությունն այնքան գրավիչ է, որ կենտրոնի շատ բնակիչներ տուրիստական սեզոնի պիկին տեղափոխվում են ծայրամասեր` իրենց բնակարանները վարձով հանձնելով զբոսաշրջիկներին:

Օրավարձով բնակարան հանձնելը հայաստանյան տուրինդուստրիայի մշակույթ մտավ 2000-ականներին:

Օրավարձով բնակարան հանձնելը, իհարկե, ոչ թե բարի կամքի կամ հյուրընկալության դրսևորում է, այլ շահեկան բիզնես, որի համար ամբողջ աշխարհում ընդունված է նաև հարկեր և տուրքեր վճարել: Հայաստանում անշարժ գույքը վարձակալությունը հարկվում է եկամտահարկով:
Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով: Օրինակ, բնակարանն ամիսը 60 000 դրամով վարձով տալու դեպքում պետբյուջեին պետք է տալ 6000 դրամը: Թեև տան տերերից ոչ ոք ապահովագրված չէ տուրիստների անփույթ ու անբարեխիղճ կենսակերպի դրսևորումներից:
Բնակարանի վարձից հարկեր տալու մշակույթը Հայաստանում դեռ տարածված չէ:

Վարձակալությամբ ապրող քաղաքացիները հարկայինին չեն հայտնում, որ վարձով են ապրում, նույն կերպ են վարվում նաև անշարժ գույքի սեփականատերը: Ինֆորմացիայի միակ արտահոսքը կարելի է սպասել հարևաններից, եթե, իհարկե, շենքում հարաբերությունները լարված են:


Հետաքրքիր է կարդալ նաև`



Այս օրերին երևանյան բնակարանատերերը բոլոր հնարավոր օնլայն հարթակներում տուրիստներին ներկայացնում են իրենց հստակ առաջարկները: Մանրամասն նկարագրում են վարձով տրվող բնակարանի պայմանները: Միայն մեկ օնլայն հարթակում կարելի է գտնել օրավարձով տրվող բնակարանի 5000 հայտարարություն:
Օրավարձով բնակարանը տուրիստներին ավելի ձեռտու է, քան հյուրանոցը, հատկապես, եթե Երևան են ժամանում ընտանիքներով:

Երևանի կենտրոնում օրավարձով բնակարան կարելի գտնել մոտ 15000 դրամով, և այս բնակարում կարող է տեղավորվել, օրինակ, 5-հոգանոց ընտանիք: Այդ նույն 5-հոգանոց ընտանիքը մեկ օր միջին դասի հյուրանոցի սենյակի համար պետք է վճարի 25-45 հազար դրամ` մեկ անձի համար: Այդ է պատճառը, որ Հայաստան ժամանող 10 տուրիստից 3-ը նախընտրում է վարձով բնակարանը:
Լավ բնակարանի առաջարկ գտնելու համար տուրիստները դիմում են նաև տուրիստական և բրոքերական ընկերությունների մասնագետներին: Հենց նրանք են պատմում, որ վարձով բնակարաններն այս պահին առավելապես գերադասում են Ռուսաստանից և ԱՊՀ մյուս երկրներից եկող տուրիստները, նաև իրանցիներն ու արաբները: Վարձով բնակարան քիչ են նախընտրում Արևմուտքից ժամանողները: Նրանք պատրաստ են վճարել հյուրանոցային հարմարավետ պայմանների` նախաճաշի, ճաշի, լողավազանի և սպորտային դահլիճների համար,  իսկ եթե գումարը չբավականացնի, կգիշերեն ցածր գնային սեգմետ համարվող հոսթելներում: