[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Ինչո՞ւ Եվրոպայի համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ

October 4, 2015

Շաբաթը նշանավորվեց  բումերանգների վերադարձով: Աշխարհի տարբեր միջօրեականներում նրանք սկսեցին վերադառնալ խիստ հանկարծակի: Տարաժամ աղետի առաջին գոտում`  ներգաղթյալների խուռներամ բազմության պաշարումից շնչարգելության մեջ հայտնված ծերուկ Եվրոպան էր:

Հենց նրա դուռը թակելուց հետո էլ անգլիական  բարեկրթությամբ ճակատագիրը նրբորեն գուժեց՝ «Ձեր բումերանգը, Սըը՜ր…»:

Տեսաբանների կարծիքով, Ծերուկի համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այդ իսկ պատճառով էլ ինքնավստահությամբ պայմանավորված անպատրաստությունը  եվրոպական երկրների գերակշիռ մասում ճշմարիտ խուճապի որոմ սերմանեցին: Տարիներ շարունակ  շահարկված, նրա ձեռքին «հաղթաքար»  ծառայած «հանդուժողականության» պատգամը, նոր իրավիճակում արդեն՝ Եվրոպայի համար  միաժամանակ և՝ փորձաքար, և՝ դամբանաքար դառնալու ակնառու միտում դարձավ: Շպենգլերյան  կանխատեսված մայրամուտի բոսորագույն հրացայտերը հայտնվեցին նաև Նոր Աշխարհի վիթխարահասակում՝ Նյու Յորքում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  նյու յորքյան  70-րդ նստաշրջանը նույնպես  հոբելյանական լինելուց ու «պատմական» որակվելուց բացի` «բումերանգառատ» էր:
«Իզգոյացող» աշխարհի դեսպանորդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Ռուսաստանն էր, որը ոչինչ չուներ կորցնելու՝ իր և ճակատագրակիցների «շղթաներից» բացի:

Առաջնորդվելով «За себя и за того парня»  սկզբունքով, նա  բոլորի ցավը մեկտեղելով սկսեց կուժի բերանով լսեցնել տալ կուլային: Աշխարհին դիվադադար արած, միլիոնավոր մարդկանց տնանկ դարձրած միահեծան ժանդարմի` Միացյալ Նահանգների հետ  հեռակա զրույցում ավելի շիտակ էր «Բատկան»:
Լուկաշենկոն իրերն իրենց անուններով կոչեց ու հորդորեց  վերադառնալ թեկուզ հին, բայց փորձված «տաշտակին»…  «Ավելի մեծ Սիրիայի» չվերածվելու ու ավելի շատ ներգաղթյալներ չընդունելու համար էլ Ռուսաստանը  ՄԱԿ-ի ամբիոնից իր  ուղերձները հղելուց հետո, սողոմոնյան վճիռ կայացրեց, և որոշեց համաշխարհային ճատրակախաղում  առաջին օկտետ վերադառնալ և ինքնահռչակների հետ իր խնդիրները լուծել ուրիշի հողում… Մերձավորարևելյան ճեպընթացը սկսեց սուրալ գերվայրենի արագությամբ…
Իսկ մեծ աշխարհի մեր անկյունում, նույն այդ ընթացքում, իրադարձությունների զարգացման  հունը փոխելու  «ապշերոնյան միջնախաղ» էր կիրառվում: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախաշեմին հայկական խաղաղ բնակավայրերի հրետաոծումը  ալիևյան կլանի  «փայլուն տրամաբանությամբ»` խնդրի հանդեպ միջազգային հանրության ուշադրության բևեռումն էր:
Խաշնարածն ինչ իմանա,սակայն, քաղաքակրթական հնամենի՝ «Օլիմպիադաների ժամանակ մեծ ու փոքր բոլոր  պատերազմները դադարեցվում են» սկզբունքի մասին, քոչվորն ունա՞կ է արդյոք կռահելու, որ Նյու Յորքյան Վեհաժողովն իր էությամբ նույն՝ Օլիմպիական խաղերն են՝ միայն թե քաղաքական հարթակում:
Թեև դժկամորեն, բայց Ադրբեջանին էլ հասկանալ կարելի է: Նրան այդ քայլին մղողը քաղաքակիրթ աշխարհի կողմից վերջնականապես լուսանցք չքշվելու ճարահատ ճիգն էր, ու ձևավորվող նոր իրավիճակում սեփական յուղում տապակվող ավագ եղբորից՝ Թուրքիայից օժանդակություն ակնկալելու գնալով անիրատեսական դարձող հեռանկարը: Ապշերոնյան հրետանային միջնախաղը հայկական կողմին հարկադրեց գնալ՝ «Ակն ընդ ական» տարբերակով:
Պարտիայի վերջնարդյունքի մասին գլխիկոր հայտնում են արդեն  հենց իրենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները:

«Երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են»,-ձայնում է ժողովրդական ասացվածքը: Որքան էլ զավեշտական թվա, բայց հենց այդ օրերին են լրատվամիջոցները նվազ զազրելի դառնում: Որքան էլ տարօրինակ թվա, բայց չնկատել  էլ չենք կարող, որ  հենց այդ օրերին է անալի ու անբովանդակ լուրերի տեսակարար կշիռը նկատելիորեն նվազում, հենց այդ օրերին է ամենագո ու ամենագիտակ Ահարոն Ադիբեկյանն անգամ «խոհեմաբար»  քաշվում երկրորդ պլան՝ ուզած թեմայով փորձագիտական իր եզրահանգումները թողելով «լայն օրերի»: Նույն թեմայով իր 999-րդ ասուլիսը չի հրավիրում «Լինենք հադուժող» հ/կ-ն, սահմանադրական բարեփոխումների «կարևորությունը» չի շեշտում  դրանց «պատմական նշանակությունը» գիտակցող մատաղ կարիերիստը:
Ճիշտն ասած, նյարդերս արդեն չեն դիմանում, բայց չեմ կարող անտարբեր անցնել  ուրիշի վշտի կողքով: Շաբաթը լավ չդասավորվեց նաև ծագող արևի երկրի համար: Նա տվեց  հերթական «անդառնալի» կորուստը:

Կյանքին հրաժեշտ տվեց 1900 թվականին Տոկիոյի Սիբույա թաղամասում ծնված, աշխարհում ներկա պահին ամենատարեց կինը համարվող ճապոնուհին: Կյանքին հրաժեշտ տված 115-ամյա հոբելյարը, սակայն, ունի իր արժանի տեղապահը: Նա հանգուցյալից ընդամենը մի քանի ամսով կրտսեր Կագոսիմա պրեֆետուրայի բնակիչ Նաբի Տաձիման է: Եթե ասվածին հավելեմ նաև, այս տարվա ապրիլին կյանքին հրաժեշտ տված աշխարհի ամենատարեց մյուս ճապոնուհուն՝ 117-ամյա Միսաո Օկավային, ապա «տխրությունս» իրավ որ, ավելի անանձնական  կդառնա…