[Սյունակ] Չինական պատից ներս. ահա թե ինչու են չինացիները Հայաստանում կառուցում ամենամեծ դեսպանատունը

September 11, 2017

危機   Չինական այս երկու հիերոգլիֆները կարդացվում են՝ Վեյ-ջի: Միասին նշանակում են ճգնաժամ, առանձին՝ մարտահրավեր և հնարավորություն: Այսինքն, ըստ չինական լեզվամտածողության, ճգնաժամը մարտահրավեր և հնարավորություն է միաժամանակ: Երբ հայերը աղետի պահին ճգնելու ժամ են գտել, չինացիները փնտրել են նոր հնարավորություն:
Չինական պատից այն կողմ ընկած մնացյալ աշխարհում ճգնաժամ է: Միջազգային հարաբերությունների գործող համակարգը խափանվում է, հնչում են ՄԱԿ-ը ոտքից  գլուխ վերաձևելու անհրաժեշտության կոչեր: ԱՄՆ-ում դեռ աղմուկ է, որ նախագահն է Թրամփը, Ռուսաստանում՝  որ դրա մեղավորը իրենք են: Արևմուտքում աջերի ու ձախերի միջև կենաց-մահու կռիվ է, Արևելքում՝ առանց կենաց, բայց մահացու: Աշխարհում այնպիսի քաոս է, որ արդեն ամեն ինչ պարզ է՝ այլևս պարզ չէ ընդհանրապես ոչինչ:



Հեղինակի մյուս հոդվածները.



Չինական պատից այն կողմ մեծ աղմուկ է, մեծ ճգնաժամ: Եվ ահա Պեկինը հայտարարում է Մետաքսի նոր ճանապարհի մասին: Ենթակառուցվածքների՝ երկաթգծերի, ավտոճանապարհների, ընդհանրապես՝ օդային, ջրային ու ցամաքային հանգույցների ստեղծման այս նախաձեռնությունը հաջողության դեպքում ի վիճակի է փոխել մոլորակի տեսքը: Այն բոլորովին այլ իրավիճակ կստեղծի համաշխարհային տնտեսության, ֆինանսների, քաղաքականության, մշակույթի, նույնիսկ լեզվամտածողության տեսակետից: Կփոխվի ոչ միայն ամբողջ Եվրասիան, այլև աշխարհը: Չինաստանի աճող տնտեսությանը այս նախաձեռնությունը խիստ անհրաժեշտ է աճը շարունակելու, չլճանալու, տեղում չդոփելու համար: Աշխարհում ճգնաժամ է, ինչը հնարավորություն է տալիս լուծել տնտեսական խնդիրներ՝ հաշվարկելով մարտահրավերները:
Ու հենց հնարավորություն ստեղծելուն զուգահեռ մարտահրավերները հաշվարկելու համար էլ Չինաստանը ուշադրություն է դարձնում Մետաքսի ապագա ճանապարհներին հարող տարածաշրջաններին:  Օրինակ, հսկայական դեսպանատուն  է կառուցում Հայաստանում, ակտիվանում է ռեգիոնալ կառույցներում, բազմաթիվ այլ նախաձեռնություններ է կյանքի կոչում ամբողջ Եվրասիայում, որոնք հիմնականում մնում են ստվերում: Նպատակը՝ ապագա ու անխուսափելի խնդիրները լուծելու կարողություն ստեղծելն է: Նոր ճանապարհները հանդիպելու են նոր վտանգների, ու այստեղ Չինաստանին պետք են վստահելի գործընկերներ:


Չինաստանի մասին կարդացեք նաև.



P.S. 1793 թվականին առևտրային մենաշնորհ ձեռք բերելու առաքելությամբ Չինաստան է մեկնում բրիտանական պատվիրակություն: Չինաստանի կայսրը մերժում է՝ բացատրելով, որ իր երկիրը չունի Պատից այն կողմ գտնվող ապրանքների կարիքը, իսկ եթե ունենա, ինքն անձամբ կգա դրանց հետևից: