Ինչո՞ւ է Եվրոպան այդքան սուր ընդունել Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները

Ինչո՞ւ է Եվրոպան այդքան սուր ընդունել Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները

Ամերիկյան Կոնգրեսում բացարձակ մեծամասնությամբ հաստատված հակառուսական պատժամիջոցները լուրջ լարվածություն են առաջացրել ԱՄՆ-ԵՄ  հարաբերություններում: Թվում է՝ այս հարցում բոլորը միասնական են, բայց այս անգամ՝ ոչ:

Կոնգրեսի պատրաստած նոր փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում Հյուսիսային Հոսք-2 նախագծի նկատմամբ: Սա ռուս-գերմանական մեծ ծրագիր է: Գազատարը Բալթիկ ծովի հատակով ու առանց տարանցիկ երկրների ռուսական գազ է հասցնելու Գերմանիա:

Բեռլինը ամերիկյան նոր պատժամիջոցներին կտրուկ է արձագանքել: ԱԳ նախարարության խոսնակ Մարտին Շաեֆերը հայտարարել է. «Ամերիկացիները իրավունք չունեն որոշումներ կայացնել եվրոպական ընկերությունների փոխարեն, իրավունք չունեն վճռել, թե մենք ինչպես պիտի իրականացնենք մեր իսկ գործարքները երրորդ կողմի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի հետ»:

Եթե նոր փաթեթը հաստատվի, եվրոպական բազմաթիվ ընկերություններ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Հյուսիսային Հոսք-2-ը 9.5 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագիր է: Գերմանիան Թրամփին մեղադրում է պատժամիջոցների անվան տակ ամերիկյան էներգետիկ ընկերություններին արտոնություններ տալու և եվրոպական շուկան յուրացնելու փորձերի մեջ:

Մյուս կողմից, Եվրոպայում միակարծիք չեն և ոչ բոլորն են աջակցում Գերմանիային: Լեհաստանը, օրինակ, կողմ է նոր պատժամիջոցներին, քանի որ գտնում է, որ դրա միջոցով հնարավոր կլինի ազատվել գազային կախվածությունից, բացի այդ, քաղաքական գինը կլինի շատ բարձր, Մոսկվան չի կարողանա միջամտել եվրոպական գործերին:

Դեռ անցած ամիս Թրամփը Արևելյան Եվրոպայի երկրները միավորող «3 ծովերի» համաժողովում հայտարարեց էներգետիկ նոր քաղաքականության մասին, որի առանցքում Եվրոպային այլընտրանքային, ոչ ռուսական գազով ապահովելու ծրագիրն էր: Այս պատժամիջոցները ուղղված են հենց դրա իրականացմանը:

Սպիտակ տունը ընդունում է, որ դեռ պետք է քննարկել և լրացումներ կատարել պատժամիջոցներ ենթադրող օրինագծի մեջ, բայց նոր փաթեթը արդեն լարել է հարաբերությունները ոչ միայն ամերիկա-եվրոպական, այլև ներեվրոպական մակարդակներում: Բրյուսելը ընդգծում է՝ եթե, ըստ Թրամփի կարգախոսի, Ամերիկան առաջինն է, դա դեռ չի նշանակում, որ Եվրոպան պետք է լինի վերջինը:

Գրել կարծիք