[Շարունակությունը` գրքում] Կլոդ Ռուա. Բաղձալի Բարովեկածը

May 28, 2017

Տնային բվեճը գաղտնի մուտքով մտնում է սենյակ և լուռ տեղավորվում բազկաթոռի թիկնակին, երկ­նագույն երաշտահավը թառում է նրա ուսին, վայրի ճագարը նստում է մարոկական աթոռակին, անտա­ռամուկը մագլցում է նրա կոշիկի ծայրին, Գրիշա– Մաշա կատուն, նրա ծնկներին նստած, մռմռում է… Այսպիսով՝ Կլոդ Ռուան գրում է երեխաների համար: Հեքիաթների իր գործարանում նա նոր գրքի բովան­դակությունն է ձևավորում:Երկիր մոլորակի մարդկանց հետ իմ բարեկամ Կլոդ Ռուան խոսում է համամարդկային բանաստեղ­ծական լեզվով: Նա գրքեաց աշխարհի արքան է: Հե­քիաթասաց արքա, բառերի և նախադասություննե­րի հրաշագործ: Կլոդ Ռուան շատ է սիրում երեխա­ներին և նրանց հետ խոսելու համար ժամանակ առ ժամանակ առանձնանում է իր աշխատասենյակում:
Մի կիրակի առավոտ Կլոդն ինձ զանգահարում է ու ասում. «Ժո՛րժ, գիրքս ավարտել եմ, այն կոչվում է «Բաղձալի Բարովեկածը»: Ես հիմա կուղարկեմ ձե­ռագրի կրկնօրինակը, իսկ Դուք արդեն կարող եք նկարազարդումներով զբաղվել»:
Երբ մորաքույր Սելինն ուզում էր ընկերուհու՝ տի­կին Առնոյի հետ «Մելի» հրուշակեղենի խանութում թեյ խմել, ապա զարմուհի Կլարան նրա փոխարեն որոշում էր, որ դուրս գալու համար եղանակը բա­րենպաստ չէ, և ինքն էր գնում խմորեղենի հետևից, որպեսզի մորաքույր Սելինն այն համտեսի տանը հեռուստացույց դիտելիս:որաքույր Սելինին բոլորն էլ շատ էին սիրում:     Այնքան շատ, որ մորաքույր Սելինը դրանից իրեն ավելի դժբախտ էր զգում:
Սակայն մորաքույր Սելինին բոլոր սիրողներն էլ նրան միմիայն երջանկացնել էին ցանկանում: Սպասուհի Մարին շատ էր անհանգստանում մո­րաքույր Սելինի առողջության համար: Երբ մորա­քույր Սելինն ուզում էր երշիկով ոսպ ուտել, Մարին անմիջապես ասում էր, որ ոսպը չափազանց ծան­րամարս կերակուր է, և նրա համար առանց կարա­գի խաշած կարտոֆիլ ու անալի լեզվաձուկ էր պատրաստում:
Երբ մորաքույր Սելինն այգում զբոսնելու ցան­կություն էր ունենում, զարմուհի Կլարիսը թույլ չէր տալիս՝ պատճառաբանելով, որ եղանակը խոնավ է, և նրան քարշ էր տալիս հնագիտական թանգարան՝ ձանձրույթից մեռնելու:
Երբ մորաքույր Սելինը ցանկանում էր «Նուվել Գալերի» առևտրի կենտրոնից գնումներ կատարելու գնալ, ինչը նրան իսկապես հաճույք էր պատճառում, ապա զարմուհի Կլարինը որոշում էր, որ մորաքույրը չպետք է հոգնի, և ինքն էր գնումները կատարում, իսկ խեղճ, միայնակ ու տխուր–տրտում Սելինը մնում էր տանը և խոտաբույսերով թեյ էր խմում:
Պատմությունը մշտապես կրկնվում էր նույնիսկ բժիշկ Ուրբենի, հարևանների և մատակարարնե­րի պարագայում: Բոլորն այնքան շատ էին սիրում մորաքույր Սելինին, որ նրան երբեք չէր հաջողվում սրտի ուզածն անել: Սելինը փափագում էր զբոսնել հարևան պարոն Պըթիգրենի չքնաղ պարտեզում, սակայն տեր և տիկին Պըթիգրեններն իրենք էին իրենց ձեռքով պարտեզից վարդեր քաղում ու բե­րում, որ Սելինը հանկարծ չհոգնի: Մորաքույր Սե­լինը շատ էր ուզում «Կարմեն» օպերան դիտելու համար Մեծ թատրոն գնալ, սակայն բժիշկ Ուրբենը կարգադրել էր որևէ մեկի ուղեկցությամբ անգամ տանից դուրս չգալ:
Մորաքույր Սելինն իսկապես շատ դժբախտ էր, բայց քանի որ բոլորն իրեն սիրում էին, և ինքն էլ շատ բարեհամբույր կին էր, ապա չէր համարձակ­վում որևէ բան ասել ու ձևացնում էր, թե երջանիկ է: Երբ նրան հարցնում էին, թե արդյոք ուրախ է, նա միշտ պատասխանում էր. «Այո՛»: Իր ամբողջ կյան­քում այո էր պատասխանել բոլոր նրանց, ովքեր իրենից ավելի բարձր ձայնով էին խոսել: Այո էր ասել ծնողներին, ովքեր երբեք չէին կատակում ու ամեն բան լուրջ էին ընկալում: Ցանկացել էր դաշ­նամուր նվագել սովորել և երաժշտական կրթու­թյուն ունենալ, բայց ծնողները որոշել էին, որ պետք է կարուձև և ասեղնագործություն սովորի: Իսկ նա էլ ասել էր՝ այո՛:
Քսան տարեկանում Սելինը ցանկացել էր ամուս­նանալ շատ կատակասեր ու գեղեցիկ բեղիկնե­րով Քասեգրեն կրտսերի հետ, սակայն ծնողներն ասել էին. «Ամուսնանալու համար դեռ շատ երիտա­սարդ ես»: Եվ նա դարձյալ այո էր ասել: Քասեգրեն կրտսերն էլ ամուսնացել էր մեկ ուրիշ օրիորդի հետ, իսկ Սելինն այդպես էլ չէր ամուսնացել:
Այո ասելն այնքան ավանդական էր Սելի­նի համար, որ արդեն կրկնելն անգամ ավելորդ էր դարձել, և բոլորը Սելինի փոխարեն իրենք էին այո ասում:
Ամեն բան կարծես դեռ անհիշելի ժամանակներից այդպես էլ եղել էր: Սելինը շուտով պատրաստվում էր նշելու իր յոթա­նասունհինգամյակը:
Մորաքույր Սելինի զարմուհիներն ու զարմիկնե­րը, ընկերները, հարևանները, բժիշկն ու սպասուհին որոշել էին ծեր կնոջ համար մեծ խնջույք կազմա­կերպել:
— Ի՞նչ կցանկանայիք Ձեր ծննդյան օրվա առ­թիվ,— հարցրին նրան։ Սելինը պատասխանեց, որ ոչնչի կարիք չունի: Ընդամենը յոթանասունհինգ կամ յոթուկես մոմերով զարդարված տորթ: Մորաքույր Սելինը շատ հա­մեստ անձնավորություն էր: Սակայն հոգու խորքում մի բաղձալի երազանք էր թաքցնում։ Նա նույնիսկ չէր էլ համարձակվում դրա մասին խոսել, քանի որ շատ լավ գիտեր իրեն սիրող և իր լավը կամեցող մարդկանց սովորությունը, իսկ նրանք, իրենցից ան­կախ, երբեք չէին ցանկանում անել այն, ինչը Սելինին իսկապես հաճույք էր պատճառում: Բայց քանի որ բոլորը համառաբար պնդում էին, որ ցանկանում են իմանալ մորաքույր Սելինի ամենանվիրական երա­զանքի մասին, նա վերջապես բարձրաձայնելու հա­մարձակություն ունեցավ։
— Կա մի բան, որ իսկապես շատ եմ ցանկանում,— ասաց նա ու շարունակեց,— կուզենայի կատու ունե­նալ, և նա միշտ ինձ հետ լիներ: Հազիվ էր այդ բառերը կիսաձայն ասել, երբ ամե­նաիսկական երգչախումբ հիշեցնող բողոքի ձայներ հնչեցին.
— Կատո՞ւ,— ասում էր սպասուհի Մարին:— Չէ՞ որ նա ամեն տեղ կկեղտոտի: Ձեզ կատու պետք չէ. դա գլխացավանքի բուն է:
— Կատո՞ւ… Ինչպիսի՜ ծիծաղելի գաղափար,— բացականչեցին Կլարիսը, Կլարինը և Կլարան:— Նա Ձեր բազկաթոռները կճանկռի, կպատռի բար­ձերը և կկեղտոտի բազմոցը: Ձեզ կատու պետք չէ, Դուք շատ ուրիշ հոգսեր ունեք:
— Կատո՜ւ, կատո՜ւ,— ասում էին տեր և տիկին Պըթիգրենները:— Նա մեր այգու թռչուններին կոր­սա և մեր հազարաթերթերի վրա կմիզի: Ձեզ կա­տու պետք չէ. դա անախորժությունների անսպառ աղբյուր է: Եվ այսպես, բոլորը մորաքույր Սելինին միաձայն արգելեցին կատու պահել:
— Ձեր ծննդյան օրվա առթիվ,— ասացին Կլարի­սը, Կլարինը և Կլարան,— մենք Ձեզ շյուղեր կնվի­րենք և Madame Tricot1 ամսագրի տարեկան բաժա­նորդագրում։ Բայց կատու՝ ո՛չ:
— Ձեր ծննդյան օրվա առթիվ խնձորով թխվածք կպատրաստեմ, բայց թույլ չեմ տա, որ կատուն իր թաթը Ձեր տուն դնի,— ասաց Մարին:
— Ձեր ծննդյան օրվա առթիվ,— ասացին տեր և տիկին Պըթիգրենները,— Ձեզ ելակներով լի մրգա­ման կնվիրենք, բայց թույլ չենք տա, որ ինչ–որ կա­տու ավազակություններ անի մեր պարտեզում:
Մորաքույր Սելինը լուռ էր ու շարունակում էր երազել կատվի մասին: Նա մտածում էր, որ շատ տարօրինակ կյանք է ապրում. կյանք, որտեղ մար­դիկ իրեն այնքա՜ն շատ են սիրում, այնքա՜ն են ուզում երջանիկ տեսնել, որ երջանկության նշույլ իսկ չեն պարգևում:

Զանգակ հրատարակչություն