#64 Կոնան Օ’Բրայեն. Ժպտացե՜ք, հայե՛ր

December 7, 2015

Ամերիկյան հեռուստաեթերի 10 ամենահայտնի դեմքերից մեկը Կոնան Օ’Բրայենն է: 52-ամյա Կոնանը երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով հեռուստահաղորդավար, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և երաժիշտ: Նա ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի է որպես ամենօրյա երեկոյան շոուի հաղորդավար: Ավարտելով Հարվարդի համալսարանը՝ Կոնանը շատ արագ տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ 1987 թվականից սկսում է աշխատել ԱՄՆ-ում հեռարձակվող ամենաերկարակյաց հումորային հաղորդման մեջ՝ «Շաբաթ երեկոն՝ ուղիղ»: Դրան զուգահեռ՝ Կոնանը երկու տարի սցենարիստ և պրոդյուսեր է աշխատում ամերիկյան մեկ այլ լեգենդար ու նույնպես երկարակյաց նախագծում՝ «Սիմսոնները» սերիալում:
1993 թվականին Կոնանին հրավիրեցին վարել NBC հեռուստաընկերության երեկոյան շոուն: Այդ ժամանակ NBC-ից մեծ աղմուկով հեռացել էր այդ հաղորդման մշտական հաղորդավար Դեյվիդ Լեդերմանը, և հեռուստադիտողները սկզբում թշնամանքով ընդունեցին Դեյվիդից խիստ տարբերվող ու երիտասարդ հաղորդավարին: Այս փոփոխությունը NBC-ի համար այնքան ռիսկային էր, որ Կոնանի հետ աշխատանքային պայմանագիրը սկզբում կնքվում էր մեկ ամսով, հետո՝ երկարացվում: Այդքանով հանդերձ՝ Կոնանը կարողացավ NBC-ում աշխատել մինչև 2009 թվականը՝ ավելի քան 16 տարի: Հետաքրքրական է, որ ինչպես Դեյվիդ Լեդերմանի դեպքում, այնպես էլ Կոնանի դեպքում NBC-ն պայմանագիրը խզեց իր ամենահայտնի հաղորդավարին՝ Ջեյ Լենոյին վերադարձնելու համար: Մեկ տարի անց, սակայն, Կոնանը TBS հեռուստաալիքով սկսեց իր «Conan» հեղինակային երեկոյան շոուն: Նրա վաղեմի մրցակիցներ Դեյվիդ Լեդերմանը և Ջեյ Լենոն անցել են թոշակի, և Կոնանը համարվում է երեկոյան շոու վարող ամենաերկարակյաց հաղորդավարը. 22 տարի: 2015 թվականի հոկտեմբերին Կոնանը իր նկարահանող խմբի հետ եկավ Հայաստան, թողարկում նկարահանեց այստեղ, հանդիպեց լրագրողների հետ և հյուրընկալվեց «ԱրմՔոմեդի» հեռուստանախագծին:

Simpson-ների մասին


Երբեք այդ ժանրում չէի գրել: Շատ լարված էի ու անվստահ. «Կարո՞ղ եմ սա անել: Խայտառակվելո՞ւ եմ այս մարդկանց մոտ»: Երբեք չէի աշխատել Էլ Ջինի, Ջորջ Մայերի կամ Ջոն Շվարցվելդերի նման մարդկանց հետ: Եթե Դուք հումորիստ եք, այս անունները ահ ու սարսափ են ներշնչում: Ինձ ցույց տվեցին իմ աշխատասենյակը ու խնդրեցին, որ նոր մտքեր գրանցեմ: 5 րոպե անց գնացի՝ սուրճ խմելու, բայց արագ վերադարձա, որովհետև բարձր աղմուկ լսեցի: Հատակին սատկած թռչուն էր ընկած, իսկ պատուհանը կոտրված էր: Ու այս ամենը՝ «Սիմսոններում» իմ աշխատանքի առաջին 10 րոպեի ընթացքում: Այդ ժամանակ մտավ Ջորջ Մայերն ու ասաց. «Ինչ-որ անեծք է սա»: Բայց ամեն ինչ լավ ստացվեց, չնայած ոչ մի գրքում չեք կարդա, որ սատկած թռչունը հաջողության նշան է:

Կուբայի մասին


Մտքովս երբեք չէր անցնի, որ ռոմի թանգարան այցը կարող է այդքան զվարճալի լինել: Իսկ մենք համարյա հրաժարվել էինք Կուբա գնալուց: Միանգամայն պատահաբար այնպես ստացվեց, որ մեր գիդը հրաշալի հումորի զգացում ուներ: Ընդհանրապես կուբացիները կարծես ստեղծված են հումորային իմպրովիզի համար: Ուզում էի ոչ թե ծիծաղել կուբացիների վրա, այլ բարի հաղորդում ստանալ: Հումորի «զոհը» ես պետք է լինեմ, ոչ թե այդ երկրից որևէ մեկը: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվեց:

«Emmy» մրցանակաբաշխությունը վարելու մասին


Սիրում եմ Մուսոլինիի նման կյանք վարել: Դա միշտ լավ ավարտ է ունենում: Քեզ քո սիրուհու հետ ոտքերից կախում են բենզալցակայանում: Իրականում շատ լավ անցավ մրցանակաբաշխությունը: Դահլիճը ոգևորված էր, ու կատակներիս ուշադրություն էին դարձնում: Դա միշտ հաճելի է:
Գնել Նալբանդյան. Եթե Հայաստանում քեզ ժպտում են, ուրեմն տակը մի բան կա
  • newmag/ շապիկ #63 Ջազում միայն լեգենդներն են




  • Էլվիս Փրեսլիի մասին


    Երբ առաջին անգամ լսեցի Էլվիսի վաղ ձայնագրությունները, ուղեղս ուղղակի պայթեց: Չէի կարողանում հագենալ, կարծես թմրանյութ լիներ: Դա ինձ ստիպեց գնալ ու կիթառ գնել ու փորձել նվագել այդ երաժշտությունը: Ու ինչ-որ առումով ես հավերժ մնացի այդ երաժշտության տակ: Մի հետաքրքիր բան կա. ոչ ոք Էլվիսից տաղանդավոր չէ, ոչ ոք ավելի գեղեցիկ արտաքին չունի: Նա ճիշտ տեղում ճիշտ ժամին հայտնվելու ամենաունիկալ օրինակն է, ու ես շատ եմ տխրում, որ նա այդպես էլ չապրեց մինչև մեր օրերը, որ տեսնի՝ որքան հզոր էր իր կատարած աշխատանքը, որքան են նրան պաշտում սերունդները, ինչպես ամերիկյան պատմություն դարձավ: Բայց նա երբեք այդ հնարավորությունը չի ունենա:

    Կյանքի փիլիսոփայության մասին


    Կյանքում ոչ ոք չի ստանում հենց այն, ինչ նախատեսում էր: Բայց եթե Դուք քրտնաջան աշխատեք և բարի լինեք մարդկանց նկատմամբ, Ձեզ հետ հրաշքներ տեղի կունենան:

    Ցինիզմի մասին


    Ես միայն մեկ բան եմ խնդրում մասնավորապես երիտասարդ դիտողներին. խնդրում եմ՝ ցինիկ մի՛ եղեք: Ես ատում եմ ցինիզմը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա իմ ամենաչսիրած հատկանիշն է. այն ոչ մի լավ բան չի բերում:

    Կնոջ մասին


    NBC-ի արխիվներում կարելի է գտնել այն տեսաերիզը, որտեղ ես բառացիորեն տեսախցիկի առջև սիրահարվում եմ կնոջս: Ես սիրում եմ նրան, որովհետև նա անչափ գեղեցիկ է, միևնույն ժամանակ՝ խելացի, հումորով և շատ լավ մարդ:

    Ուսանողներին


    Ես շրջանավարտներին կոչ արեցի չվախենալ ձախողվելուց, և ես դրան մինչև այժմ էլ հավատում եմ: Եվ այսօր ուզում եմ ասել, որ անկախ նրանից՝ վախենում եք, թե ոչ, հիասթափություններ ապրելու եք: Դրական կողմն այն է, որ հիասթափության միջով կարող եք հասնել պարզության, իսկ պարզության միջոցով կգան նաև վստահությունը և օրիգինալությունը: