Դավիթ Սահակյանց. Այսօր քաղքենիները շատ են

September 14, 2015

նույն երազը
Հիմնականում չի լինում այնպես, որ նույն երազը տեսնեմ: Այն զգացողություններն ու հույզերը, որոնք ես ապրում եմ ինչ-որ երազ տեսնելուց հետո, պարզապես կրկնվում են:
եթե ինձ նետեն բանտ
Չգիտեմ՝ ինչ կլինի: Երբևէ չի եղել առիթ, չեմ մտածել, թե ինչ կլինի, եթե ես բանտ նստեմ: Կարծում եմ՝ շատ վատ ու ահավոր փորձություն կլինի ինձ համար: Աստված թող այդ փորձությունից հեռու պահի բոլորին:
ինչպես պետք է հեռանալ
Միանգամից մտածեցի կյանքից հեռանալու մասին: Ոչ մի դեպքում կյանքից չհեռանալ անախորժության պատճառով կամ մտերիմների հետ կռված լինելով: Պետք է հեռանալ՝ բարին կամենալով:
սրիկայության բանաձևը
Դավաճանություն` նախ և առաջ ինքդ քեզ: Եթե ազնիվ ես քո անձի հետ, ուրեմն դավաճան չես: Կարևորում եմ ես-ը, քանի որ ուրիշին դավաճանելը շատ սուբյեկտիվ է:
կարողացել եմ հրաժարվել
Եղել են դեպքեր, որ հրաժարվել եմ աշխատանքի նոր առաջարկներից` համարելով, որ այս պահին իմ արած աշխատանքն ավելի կարևոր է:
ժողովրդի անունից խոսողները
Միշտ չէ, որ քո խոսքը համընկնում է ժողովրդի կարծիքի հետ: Եթե կշիռ ունեցող մարդ ես, քո արտաբերած յուրաքանյուր միտք կարող է որոշ մարդկանց  համար որոշիչ լինել: Բոլոր ժամանակներում ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան անհատը:
իմ տարիքը
Իմ տարիքն ինձ հիշեցնում է կորցրած ժամանակի մասին, որովհետև ապրելով սկսում եմ ավելի ու ավելի կարևորել այն բոլոր պահերը, օրերը, որոնք բաց եմ թողել: Այնուամենայնիվ, չեմ ափսոսում այդ ամենի համար, որովհետև կարծում եմ, որ այսօրվա իմ կարգավիճակը դրա արդյունքն է:
իմ ուսուցիչը
Ինձ կրթել են հայրս, մայրս ու առհասարակ այն մարդիկ, որոնք կարողացել են բացել ու փոխել իմ աշխարհայացքը, մտահորիզոնը: Կյանքի ուսուցիչ կարող են լինել ոչ միայն ծնողները, այլ նաև հասարակ  մարդիկ՝ նրանք, որոնք ինչ-որ բան տվել են քեզ ու ինչ-որ բան են փոխել քո մեջ:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



քաղաքավարություն
Քաղաքավարությունը սկսվում է առավոտյան, երբ դուրս ես գալիս տնից: Ինչպես ես բարևում մարդկանց,  փակում դուռը քո ետևից: Սա է քաղաքավարությունը:
քաղքենի
Ցավոք սրտի, այսօր քաղքենիները շատ են: Քաղքենի դառնում են այն ժամանակ, երբ իրենց վեր են դասում մյուսներից: Քաղքենի կարող է լինել յուրաքանչյուր ոք: