Լիլի Հովեր. Լավ գովազդի իսկական «զոհ եմ»

Լիլի Հովեր. Լավ գովազդի իսկական «զոհ եմ»

Եղանակի տեսության ցանկալի ձայնը՝ Լիլի Հովերը, առավոտյան սուրճի, ճամփորդությունների, մեծամտության ու ատելության, զայրութի ու ամենամեծ գաղտնիքի մասին:

իմ քաղաքը

Շատ տարբեր քաղաքներում եմ եղել, վայելել տարբեր մշակույթներ, ապրել օտար քաղաքների կյանքով: Եվ չնայած ծննդավայրս Երևանն է, բայց իմ քաղաքը, աներկբա, մնում է Դիլիջանը: Այն գրավում է իր անձեռակերտ բնությամբ, հարազատության զգացումով և գեղեցկության առեղծվածով:

վախենում եմ

Աշխարհում ամեն ինչից շատ վախենում եմ մարդուն կորցնելուց: Չեմ հաշտվում հարազատներիս, իմ սիրելի մարդկանց անառողջության և մահ կոչվածի հետ: Դա է պատճառը, որ երբեք չեմ վիճում, չեմ նեղացնում մարդկանց: Երբեք չգիտես`վաղն ինչ կլինի, և կհասցնե՞ս ներում հայցել…

ամենամեծ գաղտնիքը

Տեսախցիկը` հեռուստատեսությունում, խոսափողը ռադիոյում թափանցիկ է: Այն, ըստ իս, մատնում է, երբ ստում ես: Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում եմ: Փորձում եմ լինել անկեղծ և այնպիսին, ինչպիսին կամ, եթե նույնիսկ սեթևեթող…

ատելություն և մեծամտություն

Չեմ սիրում ատել. դա տգեղացնում է մարդուն: Ատելությունը միայն ատողին է վնասում: Փորձում եմ առնչվել միայն սիրող և բարի մարդկանց հետ, իսկ մարդատյացությունը ժխտում եմ սկզբունքորեն: Կործանվելու ամենակարճ ճանապարհը մեծամտությունն է: Կուրությանն եմ նմանեցնում, երբ չես նկատում մանրուքները, որոնք առավել քան կարևոր են, չես ընկալում, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ, գերագնահատում ես քեզ, երբ պետք է տեսնես նաև պոտենցիալ մրցակիցներիդ, պետք է աշխատես և առավելության հասնես նրանց նկատմամբ, մեծացնես պահանջարկդ, դառնաս լավագույնը:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


իմ սեղանի գիրքը

Արման Կիրակոսյանի «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը» ինքնատիպ գիրքն է իմ սեղանի գիրքը: Այն ամբողջական պատկերացում է տալիս աշխարհի և թշնամու մասին:

երբ է պետք լռել

Լռությունն ինձ համար չէ: Առհասարակ շատախոս եմ և չեմ սիրում կեղծ լռությունը: Հատկապես երբ ներքուստ պիտի այրվես քո լռությունից: Ավելին, պարզ եմ խոսքով և հարցադրումներով: Նույնիսկ ամենաանարդարացի պահվածքի համար հակառակորդիս կհարցնեմ` ինչո՞ւ… Չեմ սիրում հարցականների մեջ ապրել, երևակայության և գուշակությունների գիրկն ընկնել: Լռել` առավել ևս:

_PAN7820առավոտյան սուրճ

Չկա լիարժեք առավոտ առանց առավոտյան սուրճի: Բաց պատշգամբ` բնության տեսարանով, պարզ ու անամպ երկինք, թռչունների հոգեթով ծլվլոց և սուրճ. սա է իսկական երանությունը:

ճամփորդություն

Մոլուցքի հասնող հոբբի է ճամփորդությունը: Սիրելի զբաղմունքս միջավայրը փոխելն է, նորը բացահայտելը: Սովորույթ է. 6 ամիսը մեկ պետք է հայրենիքից մեկնեմ, իսկ երկրում ճամփորդում եմ գրեթե ամեն շաբաթ:

ամենադժվար բանը

Ինձ համար ամենադժվար բանը գնումներից հրաժարվելն է: Այն աղջիկներից եմ, որոնք գայթակղվում են ցուցափեղկին ներկայացված գեղեցիկ հագուստով և զարդերով: Լավ գովազդի իսկական «զոհ եմ»:

որոշումների գերին

Պետք է թողնենք, որ ճակատագիրն էլ «արարի»: Երբեմն շատ ենք պլանավորում և փչացնում ամեն ինչ: Հիմա մերժելու փոխարեն ընդունում եմ ճակատագրի ամեն անակնկալը, փորձում եմ հասկանալ, եթե նույնիսկ որոշ երևույթներ մերժել եմ անցյալում. նոր հետաքրքրություն է կյանքում:

զայրույթ

Չգիտեմ՝ ինչ է զայրույթը. կարող եմ սրտնեղել, բայց ոչ զայրանալ: Բղավոցն ու կռիվը իմ կենսակերպը չեն, սիրում եմ հանգիստ խոսքն ու պարզաբանման լեզուն: Զայրանալ առհասարակ չեմ կարողանում, ծիծաղում եմ այդ պահին:

Գրել կարծիք