Հրաչ Քեշիշյան. Յուրաքանչյուր սրիկա ի´ր բանաձևն ունի

Հրաչ Քեշիշյան. Յուրաքանչյուր սրիկա ի´ր բանաձևն ունի

Հայտնի ռեժիսորը կադրից դուրս՝ ժամանակակից կինոյի, քաղաքականության, բանտում հայտնվելու, սրիկայության բանաձևի ու դրախտում տխրության մասին…

քաղաքավարությունը սկսվում է

Անգլերեն լեզուն շատ կարևոր շեշտադրում ունի, այն է, որ երկրորդ դեմքը եզակի թիվ չունի: Այսինքն՝ լեզուն ստիպում է նույնիսկ երկամյա երեխայի հետ դուք-ով խոսել: Սա դաստիարակություն է: Իսկ քաղաքավարությունը նախ և առաջ սկսվում է դաստիարակությունից: Մարդու դաստիարակությունն էլ պետք է ներքուստ լինի, ոչ թե ձևական: Հակառակ դեպքում սուր աչքն ամպայման կտարբերի կեղծ պահվածքը:

պատվի մարդ

Մարդու արած գործով կարելի է որոշել նրա` պատվի մարդ լինելը: Այս երկու եզրույթները ուղիղ համեմատական են: Պատվախնդրությունը մարդկային բարձր հատկանիշ է:

եթե ինձ նետեն բանտ

Սարսափելի է բանտը: Այստեղ ևս մարդու պահվածքը մեծ նշանակություն ունի. չանել արարք, որի համար հնարավոր է բանտում հայտնվել: Չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե ինձ բանտ նետեն: Ճաղերից այն կողմ ուրիշ աշխարհ է, և այնտեղ ընկնողը այս աշխարհ է գալիս փոխված:

մայրամուտ

Մայրամուտի գույներն ուրիշ են. ավելի հետաքրքիր են, թեև արշալույսը կարևոր է: Ես բիոլոգիական էությամբ բու եմ: Մայրամուտի հետ սկսում եմ ակտիվանալ: Երբեմն մայրամուտը կյանքի կամ ինչ-որ բանի ավարտ է, արշալույսը` սկիզբ, բայց ես, մեկ է, սիրում եմ մայրամուտը: Ես կողմ եմ շքեղ մայրամուտին:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


նյութապաշտություն

Փողը կարևոր բան է. հնարավորություն է, գործիք է, որոշակի ազդակ, որպեսզի կարողանաս ապրել ու առաջ տանել քո նպատակը: Բայց նյութապաշտությունը փող ունենալու վատ կողմն է: Իմ տարածքը, որտեղ ես աշխատում ու ապրում եմ, պետք է լինի հետաքրքիր, բարեկեցիկ: Ես կողմնակից եմ փայտե սեղանին, բայց ոչ արհեստական ու անորակ նյութից պատրաստված սեղանին, ես նախընտրում եմ լավ հագուստը, բայց երբեք չեմ նայում բրենդին: Ես նյութապաշտ չեմ եղել երբեք, բայց կողմնակից եմ լավ կյանքի: Իսկ նյութապաշտ մարդիկ դժբախտ են ու խեղդվում են իրենց իրերի թագավորությունում: Նաև ինձ համար անընդունելի է, որ մարդն ապրում է համեստ ու աղքատ, մինչդեռ իր ունեցվածքը տալիս է բարեգործության:

ժամանակակից կինոն

Տեխնոգեն, տեխնածին, դինամիկ, հագեցած… Ժամանակակից կինոն շատ բարդ է ու հետաքրքիր, ռեժիսորական ու դերասանական նոր խաղով ու լուծումներով, թեև ժամանակակից կինոն պահում է իր դասական մոդելը: Կինոարտադրությունն այսօր զարգացում է ապրում, շատ կինոներ են նկարահանվում, բայց դրանց մեջ անորակություններ կան: Չնայած քիչ են:

_PAN7788սրիկայության բանաձևը

Ասում են՝ եթե բոլոր լավ ու բարի մարդիկ կարողանային հավաքվել այնպես, ինչպես սրիկաներն են հավաքվում, աշխարհում ոչ մի վատ բան չէր լինի: Չգիտեմ, երևի բոլոր սրիկաները գործում են միանման և իրենց ուղեղի ծալքերին համապատասխան ձևով: Յուրաքանչյուր սրիկա ի´ր բանաձևն ունի:

դրախտում շատ տխուր է

Դրախտում չեմ եղել, չեմ արող ասել` ինչպես է անց-նում այնտեղ կյանքը, բայց վստահ եմ` կյանքից հետո կյանք կա: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի մարդն իր երևակայությունով: Սա ամենաանհայտ ու չուսումնասիրված բանն է: Մինչև չլքես ներկա կյանքը, չես իմանա հաջորդ կյանքի մասին: Սա առեղծված է, որին հավատում ենք՝ առանց տեսնելու:

հարուստ եմ և աղքատ եմ

Երբ մարդն ապրում է նորմալ հոգեբանական մթնոլորտում ու կարողանում է իր շուրջը ստեղծել իր աշխարհը, խոսքն անգամ սոցիալապես անապահովների մասին է, նրան չես կարող ասել՝ աղքատ է: Աղքատությունը նյութականը չէ միայն: Իհարկե, մարդն աղքատանում է, երբ կորուստներ է ունենում: Ես ինձ կարող եմ հարուստ համարել: Հարուստ՝ իմ ընտանիքով, երեխաներով, ծնողներիս տված դաստիարակությամբ, ընկերներով ու աշխատանքով:

Գրել կարծիք