Դավիթ Սանասարյան. Վախը հակացուցված է հանրային մարդուն

Դավիթ Սանասարյան. Վախը հակացուցված է հանրային մարդուն

«Ժառանգություն» կուսակցության անդամ, երիտասարդ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի մենախոսությունը ժողովրդի անունից խոսացողների ու հին սերնդի մասին:

ակտիվություն

Հասարակական ակտիվությունը կենսակերպ է: Երբեք չեմ պատկերացրել, որ ես անտարբեր կլինեմ անարդարությունների հանդեպ: Բնավորություն է: Փոքրուց եմ անարդարության դեմ կռիվ տվել: Ես հասկացել եմ, որ թույլին պետք է օգնել: Նաև դաստիարակության խնդիր է: Արդարության պակաս զգացել եմ նաև բանակում: Ծառայությունը հասարակական իմ ակտիվության համար լուրջ ներդրում էր: Բանակն ընդհանրապես կյանքի լավ դպրոց է: Այս տարիների ընթացքում քաղաքացին է իմ մեջ ձևավորվել: Ինձնից եմ սկսել փոփոխությունը: Անարդարությունը սկզբունքների դեմ ոտնձգությունն է: Անարդարությունն ուղղված է յուրաքանչյուրի դեմ: Քամյուն ասում էր. «Հնարավոր չէ անտարբեր լինել անարդարության հանդեպ: Կա՛մ համագործակցում են անարդարության հետ, կա՛մ պայքարում են դրա դեմ»: Իսկ ես համագործակցում ու դաշնակցում եմ անանուն արդարության:

զգացմունքներ

Էմոցիոնալ չեն դառնում, այդպիսին ծնվում են: Էմոցիան մարդկային հարստությունն է ու առավելությունը, մարդը նաև դրանով է տարբերվում կենդական աշխարհից: Երբ կարողանում ես մարդկանց էմոցիաները ճիշտ հասկանալ, կարողանում ես ճիշտ հարաբերվել նրանց հետ և տարբեր իրավիճակներում ճիշտ լուծում գտնել մարդկային հարաբերություններում: Մարդ չի կարող ապրել առանց էմոցիաների: Օրինակ` լացը էմոցիոնալ վիճակի դրսևորում է. մարդը կարող է լացել և՛ մեծ ուրախությունից, և՛ ցավից ու տխրությունից: Օրինակ` ես շատ մեծ ուրախությունից կարող եմ լացել: Բայց հանրային ու քաղաքական գործիչները պետք է փորձեն զսպել լացը, քանի որ գործ ունեն ժողովրդի հետ, ու ոչ միայն լացը: Հանրային գործչի քայլերը կշռադատված պետք է լինեն:

կառավարում

Կառավարումը պետք է լինի ծառայելու սկզբունքով: Կառավարողներն ի սկզբանե պետք է ընդունեն, որ գալիս են ոչ թե հրամայելու, ոչ թե իրենց շահը բավարարելու, այլ ժողովրդի կարիքները բավարարելու:  Ընդանրապես շահը ամենատարբեր հարաբերությունների հիմքն է: Առաջնորդները, գիտակցելով ժողովրդի շահը, երբեմն  պետք է դիմակայեն զանգվածի ճնշումներին` հենց այդ զանգվածի շահին ծառայելու համար:  Ամենակարևորն այն է, որ անդունդ չձևավորվի ժողովրդի ու կառավարողի միջև: Հենց անդունդ ձևավորվեց, կառավարումը չի հաջողվի:


#ElectricYerevan. Տես նաև`


երբ է պետք գոռալ

Անարդարություն տեսնելիս պետք է գոռալ: Չպետք է վախենալ, ամաչել: Վախը հակացուցված է հանրային մարդուն: Վախն առաջնորդին վայել չէ, բայց վախեր կան, որ պետք է ունենալ: Պետք է վախենաս քո այն որոշումներից, որոնք կարող են վտանգել մարդկային կյանքեր կամ խեղել ճակատագրեր: Գոռալն ինձ համար արդարության ճիչ է: Պահեր կան, որ գոռում ես ու ուժ ես տալիս կամ գոռալով պայթյունավտանգ իրավիճակ ես կանխում:

արժանապատվություն

Արժանապատվությունը հավատարմությունն է քո արժեքներին ու սկզբունքներին, դրանց պահպանումը: Արժանապատվություն է ծնկի չգալը, սեփական խղճի հետ համերաշխ լինելը, արժանապատվություն է այլոց արժանապատվության պահպանմանը միանալը: Ընտանիքի, ընկերների, սիրելի մարդկանց հավատարիմ լինելը:

ազատություն

Ազատությունը նախ և առաջ սահմանների ճանաչումն է: Ազատությունն այն է, որ ապրում ես և չես խանգարում, որ ուրիշն էլ ապրի: Այդ ազատության մեջ չի տրորվում մյուսների կարծիքը, տեսակետը, շահը… Այդ առումով մեր սերունդն ավելի ազատ է, քան մեր ծնողները: Չեմ ուզում նսեմացնել մեր ծնողների պատկերացումները, բայց մենք ավելի ազատ ենք, քանի որ դաստիարակվել, կրթվել ու ապրել ենք անկախության տարիներին: Այնուամենայնիվ, անկախությունն ու ազատությունը մեզ մեր ծնողների սերունդն է փոխանցել: Այսուամենայնիվ, նրանց պատկերացումները ձևավորվել են խորհրդային հասարակարգում: Վերջին տարիների պայքարի տարբեր պոռթկումների ժամանակ ու հատկապես վերջին իրադարձությունների ժամանակ Բաղրամյան պողոտայում կային երիտասարդներ, որոնք նույնիսկ տարրական գիտելիք չունեին, բայց նրանք էլ էին պայքարում ազատության համար: Ազատությունն այն է, որ մարդը պետք է հասկանա` ինքն է իր քայլերի պատասխանատուն, և ինքն է որոշողը: Ես փորձում եմ  իմ ազատության ընկալումները փոխանցել երեխաներիս, բայց դա դժվար բան է: Փորձում եմ հնարավորություն տալ, որ իրենք սխալվեն, բայց ընկալեն` ինչ է ազատությունը:

davitհռչակ և հեղինակություն

Գանդին ասում է. երբ դու արդար գործի մեջ ես, հետևորդներ կունենաս: Այսինքն՝ պետք է մտածել ոչ թե հռչակի ու հեղինակության մասին, այլ սկզբունքային քայլերի: Առաջ մտածում էի հռչակի ու հեղինակության մասին, բայց հասունանալով հասկացա, որ դրանք երկրորդական են: Կարևոր է, որ կարողանաս խղճիդ հետ արդար լինել ու սկզբունքներդ պահպանել:

հին սերունդը

Ունեմ ընկերներ, որոնք ծնողներիս տարիքին են, բայց մտածում են մեր նման: Ես ոգևորվում եմ իրենց այդ կեցվածքով: Ունեմ ընկերներ, որ 60 տարեկանում նոր լեզուներ են ուզում սովորել, կամ իրենց կյանքում նոր բան սկսելու որոշում են կայացնում: Կյանքը կկանգնի, եթե սերնդից սերունդ զարգացում չլինի: Ոչ թե հին, այլ ավագ սերունդը ապրել է բոլորովին այլ հասարակարգում: Այդ սերնդից շատերը փնովում են նոր սերնդին, նրանք ուղղակի չեն ուզում տեսնել այն, որ իրենցից հետո եկող սերունդն ավելի մեծ քայլերով է առաջ շարժվում: Հետևում եմ երեխաներիս ու անընդհատ հարցնում ծնողներիս, թե այդ տարիքում ինչպիսին եմ եղել ես: Սար ու ձորի տարբերություն կա: Իհարկե, երեխաներիս սերունդն ավելի շատ է ինֆորմացված:

 

 

 

քաղաքային կուլտուրա

Քաղաքային կուլտուրա նոր ենք սկսում ձեռք բերել: Շատ դանդաղ քայլերով, բայց  առաջ ենք գնում: Քաղաքային կուլտուրա ունենալ նշանակում է սիրել քաղաքը, հոգ տանել նրա մասին, խնդիրների հանդեպ անտարբեր չլինել, փայփայել քաղաքի լուսավոր կետերը, քաղաքը սիրողներին շատացնել, քաղաքի տեսքին ուշադրություն դարձնել, պայքարել  քաղաքին սպառնացող վտանգների դեմ: Երբ աշխարհին ասում ենք, որ Երևանը մոտ 3 հազար տարվա պատմություն ունի, պատմականորեն ճիշտ ենք, բայց այդ Երևանից քիչ բան է մնացել: Քաղաքային մշակույթի առումով Երևանը 100 տարվա պատմություն ունի, այն էլ կիսատ-պռատ… Այժմ պետք է ձևավորել այն կուլտուրան, որը կլինի մեր ուղեցույցը հետագա սերունդներին: Ու մենք հիմա լավ թե վատ  դա անում ենք՝  շատ ժամանակ հոսանքին հակառակ գնալով:

ժողովրդի անունից խոսողները

Ժողովրդի անունից խոսում են հանրային ու քաղաքական գործիչները, խոսում են արվեստագետները, մտավորականները: Շատ դժվար է ասել` ժողովրդի անունից խոսելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ: Նախ պետք է հասկանալ, թե ժողովրդին հղում անելով` ինչ նկատի ունեն հռետորները: Հավանաբար ամեն հռետոր իր պատկերացումն ունի` ժողովուրդ ասելով, բայց ամեն դեպքում ճիշտ է չխոսել ժողովրդի անունից: Պետք է խոսել հավաքվածների, զանգվածի անունից: Կամ էլ պետք է խոսել՝ վիճակագրական ցուցիչներին հղում տալով: Այսուամենայնիվ,  պատմությունը ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, հաճախ սրիկաներն ավելի շատ են խոսում ժողովրդի անունից:

 

Գրել կարծիք