Գնել Նալբանդյան. Դատապարտված կուսակցություննե՞ր, թե՞ ակտիվիստներ

Գնել Նալբանդյան. Դատապարտված կուսակցություննե՞ր, թե՞ ակտիվիստներ

newmag-ի գլխավոր խմբագիրը #electricyerevan-ից դեպքերը դիտարկելուց հետո այն մասին, թե ո՞րն է դատապարտված` քաղաքացիական շարժումը՞, թե՞ քաղաքական համակարգը:

Եթե ըմբոստացած ամբոխն այլևս չես կանգնեցնի, ուրեմն պիտի գլխավորես այն: Եթե կուսակցություն ես: Կամ քաղաքական ուժ: Իշխանությունը վերցնել ցանկացող կամ վերցրած իշխանությունը պահել ցանկացող կուսակցությունը պետք է օգտվի պատեհ առիթից, եթե փողոցում հայտնվում է ինչ-որ բանից դժգոհ կամ, առավել ևս, ինչ-որ բանի դեմ ընդվզող բազմություն: Պետք չէ շփոթել դժգոհությունը, ըմբոստացումը, պայքարը և հեղափոխությունը: Սրանք հոմանիշներ չեն, այլ քաղաքական հասունացման հաջորդական փուլերի անվանումներ:

2015-ի ամառային արձակուրդը Մարշալ Բաղրամյան պողոտայում անցկացրած քաղաքացիական ակտիվիստների բունտը ո՛չ պայքար էր, ո՛չ էլ, առավել ևս, հեղափոխության հայտ: Այն ընդամենը դժգոհ կամ դժգոհող երիտասարդների ցասում էր, ըմբոստացում, որը պայքարի փուլ այդպես էլ չմտավ:

Պայքարելու համար պետք է նախ կազմակերպվել, ապա ստեղծել բազմությունն ուղղորդող մարմին, պայքարի համար հարկ է կուտակել ինտելեկտուալ, գաղափարական, ֆինանսական, նյութական, մարդկային ռեսուրսներ, մշակել մարտավարություն և ռազմավարություն… ու կիրառել այս ամենը:


Գնել Նալբանդյանի մյուս հոդվածները


Բազմությունն ինտելեկտուալ առումով շատ ու շատ ցածր է այն ձևավորող անհատներից, հակված է անխոս ենթարկվել ամենաանհեթեթ կոչերին: Ամբոխի առանձնահատկությունն անանուն լինելն է: Անհատը տարրալուծվում է ամբոխում: Ամբոխի կուտակումը հզորության և հաղթանակի պատրանք է ստեղծում, արդարության և ճշմարտության համար ծավալված անդեմ և անհասցե դոնկիխոտությունը` սկզբունքային պայքարի երևութականություն:

Ամբոխն ապրում է զգացմունքային և իմպուլսիվ կյանքով, ենթակա է էմոցիոնալ ռեզոնանսի ազդեցությանը: Ամբոխի անդամները մեկը մյուսին այնպես են վարակում էմոցիոնալ էներգիայով, որ պարբերաբար տեղի է ունենում զգացմունքների պայթյուն:


      #electricyerevan-ի գլխավոր պաստառներն ու կարգախոսները


Բայց այստեղ կա մի նրբություն. պայթյուն չի լինի, եթե տկարամիտ ոստիկանները գործի չդնեն իրենց ջրցաններն ու դագանակները: Որ մի կողմն առաջինը հունից դուրս եկավ ու սահմանն անցավ, պարտվում է: Պարտվում է նա, ով չի կարողանում մինչև վերջ պահել վերցրած հոգեբանական դադարը: Եվ կա մի գայթաքար. դժվար է դեմն առնել այն մարդու, որն արդեն առել է սահմանված նորմը ոտնահարելու բերկրանքը:

Եթե որևէ տարածքում կա ըմբոստացած բազմություն, և չկա այն գլխավորող կամ ղեկավարելու ունակ քաղաքական ուժ, ուրեմն այդ տարածքում ընդհանրապես չկա որևէ քաղաքական ուժ: Կամ կուսակցություն: Գուցե այդ տարածքում կան հանգամանքների բերումով խորհրդարանում հայտնված խմբակներ, որոնք իրենց կոչում են կուսակցություններ կամ քաղաքական ուժեր: Գուցե: Բայց եթե անկազմակերպ ամբոխը ծաղրում է փորձառու պոլիտլիդերներին և գրողի ծոցն ուղարկում նրանց, ուրեմն կա՛մ քաղաքացիական շարժումն է դատապարտված, կա՛մ քաղաքական համակարգը:

Գրել կարծիք