Վաղինակ Շուշանյան. Անտարբեր մարդկանց պետք է տուգանել

Վաղինակ Շուշանյան. Անտարբեր մարդկանց պետք է տուգանել

#ElectricYerevan-ի գլխավոր հերոսներից մեկը` հանրային ակտիվության, զգացմունքայնության, կառավարման, արժանապատվության և ժողովրդի անունից խոսացողների մասին:

պատասխանատվություն

Միշտ պետք է ցանկացած հարցի հետևից մինչև վերջ գնալ, իհարկե օրինականության սահմաններում` թեկուզ փողոցում, թեկուզ անհնազանդության միջոցով: Հասարակական ակտիվությունը արդարության համար պայքարի գործողությունն է: Չի կարելի անտարբեր լինել: Եթե պատգամավոր լինեի, հանդես կգայի օրենսդրական նախաձեռնությամբ, որ հասարակական հարցերի շուրջ անտարբեր մարդկանց տուգանեին: Ինձ համար հասարակական ակտիվությունը ո՛չ աշխատանք է և ո՛չ էլ նպատակ, այլ արդարության ձգտում: Անընդհատ պետք է ինչ-որ բան փոխել: Ես ինձ չեմ համարում քաղաքացիներ դաստիարակող, բայց կուզեի, որ իմ գաղափարները բոլորինը լինեին: Կուզեի, որ մարդիկ ողջամտության սահմաններում ազատամիտ լինեն:

զգացմունք

Էմոցիաների պակաս չունեմ, նույնիսկ ավելցուկ կա: Շատ դեպքերում էմոցիաները ինձ վնասում են: Ընդ որում վնասում են ոչ միայն ինձ, այլև իմ շրջապատին, իմ ընկերներին: Բայց երբեմն էմոցիաները օգնում են: Էմոցիան պետք է ճիշտ չափաբաժնով լինի: Ոչ ոք պաշտպանված չէ էմոցիաների գրոհներից: Օրինակ` իմ էմոցիաները կա՛մ հուզական աստիճանի  են, նույնիսկ լացի տեսքով, կա՛մ ագրեսիվ դրսևորումներով:

կառավարում

Ես չեմ սիրում, որ ինձ կառավարում են, բայց նաև չեմ սիրում կառավարել: Երբեմն ստացվում է այնպես, որ ես ստանձնում եմ լիդերի դեր, բայց ես դա չեմ սիրում: Ընդհանրապես լիդեր բառը չեմ սիրում: Աստված մարդկանց ստեղծել է հավասար, և բոլորս պետք է հավասար լինենք, ոչ թե բարձր ու ցածր աստիճանների: Իրականում մարդկանց կառավարելը հեշտ չէ: Ես ունեմ կառավարման մեխանիզմ և օգտագործում եմ այդ մեխամնիզմը վերևից ներքև թե ներքևից վերև:

երբ պետք է բղավել

Միշտ պետք է գոռալ, բայց պետք է հասկանալ, թե ինչի համար է պետք գոռալ: Գոռալ կարող են բոլորը և ցանկացած ժամանակ, բայց դա պետք է նպատակային լինի և հասնի ճիշտ նպատակակետին: Պետք է գոռալ միայն խնդիր լուծելու համար: Բաղրամյան պողոտայում ես ոչ թե գոռում էի, այլ ձայնի տոնայնությամբ փորձում էի ազդել ու վստահություն ներշնչել հավաքվածներին: Նաև ձայնի միջոցով փորձել եմ ճնշում գործադրել իշխանության վրա:


#ElectricYerevan. Տես նաև`


արժանապատվություն

Արժանապատվությունը մարդուն տրված ամենակարևոր հատկանիշն է, որ երբեք չպետք է կորցնել: Ցանկացած իրավիճակում, երբ հարվածում են մարդու արժանապատվությանը, նույնիսկ ծայրահեղ քայլերի գնով պետք է պայքարել արժանապատվությունը պահելու համար: Վերջին շրջանում մեզ մեղադրեցին «ներդրված ու ծախված» լինելու մեջ: Դա իմ արժանապատվության ոտնահարում էր: Ես որոշեցի դրա դեմ պայքարել լռությամբ. չպատասխանելն էլ է պայքարի ձև: Հասարակական խնդիրներն էլ են արժանապատվության հարց, ազգային արժանապատվության հարց:

ազատություն

Ազատությունը մարդուն տրվում է ծնված օրից, որը մինչև կյանքի վերջ պարտավոր է պահել: Երբեմն տարիքի հետ ազատության դիրքը թուլանում է:  Ես պարտավոր եմ պահպանել իմ ազատությունը` խոսքի, մտքի, քայլերի: Ազատությունը մարդու հոգում, մտքում ու սրտում պետք է լինի: Ազատություն է, երբ քեզ չեն կառավարում, երբ դու չես կառավարում ու ապրում ես այնպես, ինչպես միտքդ ու սիրտդ են թելադրում: Ինձ համար դա է ազատությունը:  Դու անում ես այն, ինչ քո մտքից ու սրտից է:

հռչակ և հեղինակություն

Ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ: Ես չեմ ձգտում ունենալ բարձր աշխատավարձ ու շքեղ տուն, ես չեմ ձգտում լավ պայմանների: Ինձ բավարարում են ցածր աշխատավարձն ու աշխատանքի տարրական պայմանները: Ինձ բավարար է նորմալ մի գիշերելու տեղը: Ավելորդ ոչինչ չեմ ուզում: Հենց այդ պատճառով համբավն ու հռչակը ոչինչ են: Հունիսի 19-ից հետո, երբ ավելի շատ են ինձ ճանաչում ու փորձում շփվել, ես հայտնվել եմ փականքների մեջ: Դիսկոմֆորտի մեջ եմ: Ես այն մարդը չեմ, որին պատկերացնում են օտարները, ես ավելի հասարակ եմ:

vaghinak

հին սերունդ

Հին սերունդն անկախությունից առաջ ծնված սերունդն է: Հին սերունդը միշտ ասում է` գործ չունեք, մեկ է, ոչինչ չի փոխվի: Նրանք կաղապարված են: Ա՛յ, դրա հետ համաձայն չեմ: Նոր սերունդն ավելի ազատ է, չկաղապարված: Ավելի լավ է լսել հին սերնդին, բայց անել քոնը:

քաղաքային կուլտուրա

Քաղաքային կուլտուրայում հատկապես կարևոր է հասարակական կարգի պահպանումը: Եթե ես գտնվում եմ Ազատության հրապարակում և գիտեմ՝ ինչ կոթողներ են իմ կողքին, պարտավոր եմ մաքսիմալ պահել ու պահպանել այն: Մենք մեր ներքին ուժերով պետք է պայքարենք հանուն քաղաքային կուլտուրայի պահպանման: Քաղաքային կուլտուրայի պակաս կա մեր հասարակության մեջ:

ժողովրդի անունից խոսողները

Ժողովրդի անունից պետք է խոսեն այն մարդիկ, որոնց ընտրել է ժողովուրդը:  Հաճախ հակառակն է լինում. խոսում են մարդիկ, որոնք ընդհանրապես խոսելու իրավունք չունեն: Ժողովուրդը ինքն է պահանջում իր ձայնով իր անունից խոսողներին: Նույնիսկ ստահակները կարող են իրենց ներկայացնել ժողովրդի անունից: Ա՛յ, նրանց պետք է լռեցնել:

 

 

Գրել կարծիք