Մերի Հարությունյանի մոնոլոգը

Մերի Հարությունյանի մոնոլոգը

ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն այն մասին, թե ինչպես շտապը դարձավ կարևոր:

օր ու գիշեր

Վերջի սկիզբ և սկզբի վերջ. արևածագի հետ սկսվող ու մայրամուտի հետ ավարտվող օր: Արևածագից մայրամուտ ձգվող օրվա հետ՝ նոր հույսեր ու հույզեր, նոր զգացողություններ և նոր հայացք բացվող ու հեռացող օրվան: Երախտագիտություն Արարչին՝ արևածագը կրկին տեսնելու և մայրամուտի հետ օրվա արածիդ ու չարածիդ համար հաշվետու լինելու հնարավորության համար:

ուշանալու վախը

Երբեմն պատահում է, որ ուշանում եմ, բայց, վստահաբար, խրոնիկ ուշացողներից չեմ, որոնք ամենուր և մշտապես ուշանում են: Չեմ սիրում սպասել և աշխատում եմ չսպասեցնել ուրիշներին. դա դիմացինի ժամանակը վատնելու, ինչ-որ չափով նաև դիմացինի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եմ համարում:

ճամփորդություն

Միջավայրի փոփոխություն, որ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ իրականացնել ու վերադառնալ նոր լիցքերով, նոր արժեքների, մշակույթի, քաղաքակրթության հետ առնչվելուց հետո աշխարհընկալման մեջ որոշակի փոփոխություններով՝ ավելի իմաստնացած ու հոգեպես հարստացած: Բայց, ամենակարևորը, հայրենիք վերադարձից հետո՝ ունեցածդ ավելի գնահատելու, նորովի արժևորելու, պահպանելու և օտարներին ներկայացնելու ցանկություն: Երբեք չեմ հոգնում ճամփորդելուց:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


կյանքս կտամ

Հայրենիքս ու հավատս, հանուն որոնց այսօր էլ 18-19 տարեկան մեր եղբայրները սահմանին իրենց կյանքն են տալիս, որպեսզի մենք հանգիստ ապրենք ու վայելենք Աստծո տված մեծագույն շնորհը` կյանքը: Ուրեմն յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի այդ զոհաբերությանը, որն արվում է մեզ համար, մեր հարազատների ու մեր պետության հավիտենականության: Հատկապես մեր օրերում, երբ վտանգն այնքա՜ն իրական է ու մոտ, չես կարող այլ կերպ մտածել:

maryպետք չէ հավատալ

Պետք չէ հավատալ զանազան հոռետեսական կանխատեսումներին ու «հավաստի աղբյուրների» վրա հիմնված հավաստիացումներին: Լավատեսությունն ու դրական տրամադրվածությունն են կյանքն առաջ մղում, իմաստավորում օրդ և օրվա ընթացքում՝ գործողություններդ:

կարևոր կամ շտապ

Երբ լրագրողական գործունեությամբ էի զբաղվում, ինձ համար հստակ էր, որ լուր, այն էլ կարևոր, հաղորդելու գործում հապաղելն անթույլատրելի է: Դա մի տեսակ այլ լրատվամիջոցներ հետ առողջ մրցակցության դրսևորում էր, որ մեր մասնագիտական դաշտում ընդունված է ամբողջ աշխարհում. լուր հաղորդելիս լինել առաջինը, սակայն մասնագիտական բարեխղճությունը չկորցնելով և հաղորդելուց առաջ ստուգելով լրատվության աղբյուրն ու լուրի ստույգությունը: Պետական համակարգում երկար տարիների աշխատանքն ինձ ավելի շրջահայաց դարձրեց: Մասնագիտությունս ստիպում է գործել օպերատիվ, որովհետև պաշտոնական հաղորդագրությանն սպասում են բոլոր լրատվամիջոցները, սակայն ասելիքի կարևորությունն ու հետագա իրադարձությունների վրա դրանց հնարավոր ազդեցության աստիճանը ստիպում են «դանդաղ շտապել»: Այո՛, գուցե այսպես. եթե կարևոր է, շտապ լինել չի կարող:

իրավունք ու պարտականություն

Իրավունքներ պետք են աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար, հակառակ դեպքում կլինի ինքնագործունեություն կամ ապօրինություն: Կարևոր է, որ պարտականություններիդ շրջանակը համապատասխանի իրավունքներիդ սահմանին: Միջանձնային հարաբերություններում, նաև ծնողների, հարազատ մարդկանց, ընկերների հետ հարաբերություններում կան իրավական որևէ նորմով չամրագրված, բայց պարտադիր կատարման ենթակա պարտականություններ բոլոր կարգին մարդկանց համար: Ես աշխատում եմ չթերանալ չգրված պարտականությունները կատարելիս:

Գրել կարծիք