Երեք հուշագրություն քաղբանտարկյալների ճակատագրերի ու նրանց ապրումների մասին

October 30, 2023

Քաղաքական բանտարկյալ կամ քաղբանտարկյալ՝ անձ, որը ձերբակալվել, ազատազրկվել կամ հոգեբուժարանում է հայտնվել գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար: Հոկտեմբերի 30-ն աշխարհը հայտարարել է «Քաղբանտարկյալի օր»։ Հոդվածում առանձնացրել ենք Newmag-ի հրատարակած գրքերից հատվածներ, որոնք նկարագրում են քաղաքական հայացքների համար ազատազրկված մարդկանց ճակատագրերն ու ապրումները:

Թիմոթի Սնայդեր, «Բռնապետության մասին»

Ստոր իշխանավորները քո մասին տեղեկությունները կօգտագործեն քո գործողությունները կառավարելու համար: Քո համակարգիչը պարբերաբար ստուգի՛ր ու մաքրի՛ր վնասակար ծրագրերից: Հիշի՛ր, որ էլեկտրոնային նամակագրությունը հաճախ տեսանելի է շատերի համար: Փորձի՛ր ինտերնետն այլ ձևերով օգտագործել կամ էլ պարզապես քի՛չ օգտագործիր: Անձնական շփումները դեմ առ դե՛մ ունեցիր: Նույն պատճառներով նաև լուծի՛ր քո բոլոր իրավական խնդիրները: Բռնապետերը մի կեռ են փնտրում, որ դրանից կախեն քեզ: Փորձի՛ր այդ կեռին չտրվել:  

Շեքսպիրի «Համլետ» դրամայի հերոսը բարեծին տղամարդ է: Նա իրավացիորեն ցնցված է չարամիտ առաջնորդի՝ կտրուկ կերպով իշխանության գալով: Նրան հետապնդում են տեսիլքներն ու մղձավանջները, նա միայնակ է ու օտար սեփական երկրում, բայց զգում է, որ պետք է վերականգնի ժամանակի իր զգացումը: «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, ասում է Համլետը: -Օ˜, բա՛խտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»: Մեր ժամանակը, իրոք, «իր շավղից դուրս է սայթաքել»: Մենք պատմությունը մոռացության ենք մատնել որոշ պատճառներով և, եթե ուշքի չգանք, միանգամայն այլ պատճառներով չենք սերտի մեր դասերը: Մենք պետք է ուշքի բերենք ժամանակի մեր զգացումը, եթե ուզում ենք վերականգնել մեր նվիրվածությունն ու ազատությունը:

Վահան Իշխանյան, «Դառը ծով»
 

Բռնել էին հարյուրներով: Իշխանությո՞ւն փոխել: Առռը՛ քեզ: Պատգամավոր Դավիթ Վարդանյանին, ոտքերն ու ձեռքերը կապած ծեծել էին: Ազատվելուց հետո ասում էր, որ ծեծելու մի քանակ կա, երբ էլ ցավին ցավ չի ավելանում, բայց չէին բավարարվում, ծեծում էին անընդհատ:  

Պատգամավոր Արամազդ Զաքարյանն ասում էր՝ դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին:  Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի՝ մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ անասունի նման են վերաբերվում ու ծեծում են: Ինչի՞ համար: Ես հիշում եմ, որ զինվորներից մեկն ասում էր. «Ես լավ կայֆի տակ էի, հիմա եկել եմ ստեղ էս ապուշների համար»:

Անդրեյ Մակին, «Իմ հայ ընկերը»

Տարիներ առաջ այնտեղ՝ հեռավոր ու առեղծվածային Հայաստանում, ազգային մի մեծ ողբերգության, հսկայական կոտորածի հիսնամյակի հիշատակը ոգեկոչելիս են լինում։ Եվ այդ առիթվ, մի քանի խիզախ երիտասարդի գլխում՝ գաղտնի կազմակերպություն ստեղծելու և հնամյա հայրենիքի անկախությունը վերանվաճելու համար պայքարելու միտք է առաջանում։ Իշխանությունների արձագանքը չի ուշանում։ Նրանց գլխին մի շարք ծանրագույն մեղադրանքներ են թափվում՝ ազգայնական քարոզչություն, սեպարատիստական դիվերսիոն գործողություններ, հակասովետական դավադրություն։  

Այսպես, դեռահաս տարիքումս բացահայտեցի հայերի դժբախտությունների և հույսերի քրոնիկոնը։ Թերթերն այդ սանձված ընդվզման մասին լռում էին, բայց ինձ զարմանալի չէր թվում, որ այն ավարտվել էր ձերբակալություններով։ Երկիրն աղաղակում էր իր կազմի մեջ մտնող բոլոր էթնիկ խմբերի անխախտ միության մասին, և ամենաչնչին կենտրոնախույս փորձին մշտապես հետևում էին կանոնակարգի հուժկու հիշեցումն ու, հետևաբար՝ դաժան պատիժը։ Այսպիսով, որոշ հայեր (ամուսիններ, որդիներ, եղբայրներ), ովքեր մեղադրվում էին երկպառակություն առաջացնելու փորձերի մեջ, ձերբակալվել էին ու տեղափոխվել Կովկասից հինգ հազար կիլոմետր հեռավորության վրա, ինչը թույլ էր տալիս կանխարգելել ցանկացած զիջում, որ կարող էր արվել հայրենի երկրի արդարադատության կողմից։