Թե ինչպես իրագործել երազանքը, որ տիեզերքն «ընդունվի» Ձեզ մոտ աշխատանքի

December 26, 2016

Որոշել եք փոխե՞լ ձեր կյանքը, թողնել ամեն ինչ ու փախչե՞լ Բաբելոնից, իրագործել ձեր երազանքը: Քանի անգամ ե՞ք նման որոշում կայացրել: Միլիոն: Չէ, միլիոնը քիչ է՝ մեկ ու կես միլիոն անգամ միլիոն: Ու երբեք ոչինչ չի ստացվել ու ԵՐԲԵՔ կյանքը չի փոխվել:
Գիտե՞ք ինչու, որովհետև Բաբելոնից կամ Պավիլիոնից փախչելով ոչինչ չի փոխվի, քանի դեռ ձեր ուղեղում-մտքում, հոգում-սրտում ոչինչ չի փոխվել: Քանի դեռ դուք փնտրում եք ինչպես հաջողության հասնել, ինչպես իրագործել ձեր երազանքը – հաջողությունն ու երազանքը ձեր կողքով անցնում ու թաթիկով են անում: Քանի դեռ դուք որոշում եք փոխել ձեր կյանքը, կյանքը փոխվում է առանց ձեր մասնակցության:
Ու խնդիրը այստեղ հենց մեր մեջ է: Կյանքը փոխելու պրոցեսը բոլորը պատկերացնում են՝ ամեն մեկը իր աշխարհայացքի լայնության շրջանակում, ամեն մեկը իր չափանիշներով՝ մեկը Ֆեյսբուքի միջինում 100 լայքը, ուզում է հասցնել 1000-ի, մյուսը՝ ուզում է թողնել ամեն ինչ ու գնալ աշխարհը բացահայտելու, երրորդը՝ ամեն գնով Հայաստանում հիմնել բիզնես, հարկ մուծել ու դառնալ կորպորացիա (առաջին հայկական կորպորացիան):
Բայց գիտեք խնդիրը որն է, որ մենք բոլորս (կամ ոչ բոլորս) պատկերացնում ենք միայն արդյունքը, իսկ ահա ընթացքը ոչ մեկ չի պատկերացնում: Մենք բոլորս պատկերացնում ենք 1000 լայքը հավաքած, կորպորացիան՝ հիմնած, Ջոմոլունգմայի գագաթին կանգնած, բայց այ ճանապարհը, որով մենք պետք է անցնենք, որպեսզի հասնենք մեր երազանքին՝ դա ոչ մեկ կամ գրեթե ոչ մեկ չի պատկերացնում:
Հենց այդ պատճառով, մենք չենք սկսում փոխել ու փոխվել, չենք սկսում իրականացնել երազանքը: Պատկերացնում ենք արդյունքը, բայց արդյունքին հասնելու ճանապարհը…դրա բարդությունները, դրա ամենօրյա հոգնեցուցիչ ջանքերը, դրա ձանձրալի կողմերը, դրա խնդիրների բազմությունը…Օֆ, հոգնեցինք:

Հոգնում ենք, թողնում ենք ամեն ինչ, ապրում ենք ամեն ինչ փոխելու երազանքով մինչև նորից մի օր կորոշենք ամեն ինչ փոխել, փոխել ու շարունակել ապրել նույն կերպ:

Եթե ունենայիք ցանկացած բան իրականացնելու հնարավորություն, ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, ինչպե՞ս այն կապրեիք,  ինչպես կսկսեր ու կավարտվեր ձեր յուրաքանչյուր օրը, որտեղ, ինչ մթնոլորտում ու պայմաններում:
Պատկերացրեցի՞ք:
Իսկ ո՞վ է ասել, որ դա հնարավոր չէ: Գուցե, ոչ 100 տոկոսով, բայց 80 տոկոսով հնարավոր է: Հնարավոր է, եթե դուք պատրաստեք դուրս գալ ձեր հարմարավետության շրջանակից: Գիտեք, ինչու ենք մենք բոլորս (կամ ոչ բոլորս), միշտ ապրում երազանքով, բայց ոչ երազանքը: Որովհետև մենք վախում ենք դուրս գալ կամ մեր հարմարավետության շրջանակից կամ մեզ տանջող, ոչ դուրեկան իրավիճակներից, որովհետև հարմարվել ենք այդ իրավիճակին: Ու չգիտենք, դրանից դուրս գուցե ավելի վատ է:
Հավատում ե՞ք, որ ցանկացած խնդրի ետևում  թաքնված է ինչ-որ նոր հնարավորություն: Սա կարելի է ասել դասագրքային ‹‹ճշմարտություն է››, որ հիմնված է տարբեր իրավիճակներում փորձերի վրա: Բայց ես ոչ այդ փորձերից եմ տեղյակ, ոչ էլ այդ դասագրքային ‹‹ճշմարտության›› համար պատասխանատու եմ: Ես չեմ կարող խորհուրդ տալ այս հարցում: Ես կարող եմ կիսել միայն իմ փորձը:


Ինչպե՞ս հայկական հյուրընկալությունը դարձավ բիզնես





Իսկ իմ փորձը դասագրքային չէ: Այն շատ ավելի պարզ է, քան որևէ այլ բան աշխարհում: Պարզ ու հստակ՝ երբ կա խնդիր դու սկսում ես ադապտացվել նոր իրավիճակին: Ադապտացվել չի նշանակում հարմարվել, նշանակում է խաղալ նոր կանոններով:
Ինչու ե՞ն մարդիկ տեսնում խնդրի ետևում հնարավորություն: Իրականում այնտեղ չկա հնարավորություն՝ կա միայն անելանելի վիճակին բախվելու վտանգ: Իսկ վտանգը մարդու գլխավոր շարժիչ ուժն է: Վտանգ` չունենալ աշխատանք, վտանգ` կորցնել այս կամ այն մարդուն, վտանգ` չունենալ փող, մնալ առանց փայծախի և այլն: Ես դա կոչում եմ ոչ թե վտանգ, այլ խաղի նոր կանոններ: ‹‹Վտանգ›› ասվածն էլ իրականում հարմարավետության շրջանակից դուրս գալու վախն է:
Բայց միայն ու միայն այդ ժամանակ է մարդու ուղեղը փնտրում նոր հնարավորություն, ավելին ոչ միայն փնտրում, այլ նաև տեսնում, ոչ միայն տեսնում, այլ նաև իրագործում տրված հնարավորությունը:
Երբ դուրս եք գալիս հարմարավետության շրջանակից հնարավորությունները անկախ ձեզանից գալիս մտնում են աչքդ, լուծումները շատ ավելի արագ են տրվում, ուղեղը շատ ավելի ճկուն է դառնում:

Իհարկե, ‹‹հաճելի է›› ունենալ կայուն աշխատավարձ, բնակարան, ավտոմեքենա ու ամեն օր անել նույն բանը՝ փնտրելով պատճառներ, թե ինչու չեք կարող անել ոչ թե այսպես, այլ այնպես:
Բայց եթե ունեք երազանք, ապա սկսեք իրագործել երազանքը հենց այսօր, ունեք նպատակ, արեք առաջին փոքր քայլը հենց այսօր: Մի՛ սպասեք հարմար պահի, որովհետև հարմար պահը, երբե՛ք չի գալու: Մի՛շտ կլինեն հանգամանքներ, որոնք թույլ չեն տա անել այս կամ այն բանը: Մի՛շտ կլինեն մարդիկ, որոնք կասեն, որ դեռ ժամանակը չէ, մի՛շտ կլինեն խնդիրներ, որոնք լուծելուց հետո միայն կարող եք իրագործել ձեր երազանքը:
Բայց երազանքն ու կյանքը չեն սպասում: Լուրջ եմ ասում`  միշտ լինելու են իրավիճակներ, հանգամանքներ ու պատճառներ, թե ինչու չեք կարող իրագործել ձեր երազանքը:
Բայց կյանքը պարտադիր ու պարտադրված կաննոների բազմություն չէ: Դուք ցանկացած պահի կարող եք փոխել ամեն ինչ: ԱՄԵՆ ԻՆՉ: Իհարկե, դա չի լինի միանգամից, չի լինի սահուն, չի լինի հեշտ: Բայց ով է ասել, որ երազանքն իրագործելը հեշտ է:
Ցանկացած բանի համար պետք է վճարել ու եթե ձեր երազանքը ձեզ համար թանկ է, ապա վճարեք դրա համար՝ քեշով, թե ժամանակով, դժվարություններ հաղթահարելով ու անհարմար իրավիճակներում հայտնվելով, կամ դրանք շրջանցելով: ՎՃԱՐԵ՛Ք ձեր երազանքի համար:

  • Ժամանակ տրամադրեք ձևակերպելու ձեր երազանքը

  • Ժամանակ տրամադրեք գտնելու ձեր երազանքը իրագործելու ճանապարհը

  • Ժամանակ տրամադրեք ձեր երազանքի իրագործման ճանապարհին չհաջողելուն

  • Մտածե՛ք, ապրե՛ք ու վերապրե՛ք ձեր երազանքը ամեն վայրկյան


Եթե դուք չեք մտածում ձեր երազանքի ու դրա իրագործման մասին օրվա ընթացքում գոնե 15 ժամ, ապա այն չի իրականանալու:

  • Եթե դուք չեք տրամադրում ձեր երազանքի իրականացմանը օրը գոնե 8 ժամ, ապա այն երբեք չի իրագործվելու

  • Ուրեմն, ինչ է պետք անել: Մի քանի պարզ բան

  • Սկզբում հստակ որոշեք ինչ եք ուզում

  • Ամբողջությամբ դետալ առ դետալ պատկերացրեք թե ինչ է դա, ինչ եք զգալու, ինչ ապրումներ եք ունենալու

  • Հետո գրեք այն բոլոր քայլերը, որոնք պետք է անեք ձեր երազանքին հասնելու համար

  • Գրեք այն խնդիրները, որոնք պետք է լուծեք այդ ընթացքում

  • Պատկերացրեք, ապրեք ու վերապրեք բոլոր պռոբլեմները, որոնք ձեզ կարող են հանդիպել

  • Հետո մտովի դետալ առ դետալ անցեք այդ ճանապարհով, զգացեք բոլոր դժվարությունների դառնությունն ու հաջողությունների քաղցրությունը, նույնիսկ ինչ դեմքի արտահայտությամբ եք դուրս գալու

  • Նյութականացրեք ձեր երազանքը


Հաջորդ լեվելը շատ ավելին է, երբ դուք սկսում եք ինքներդ ստեղծել այդ հնարավորություններն ու հանգամանքները: Այ հենց այդ ժամանակ է, որ տիեզերքը սկսում է աշխատել ձեր նպատակների վրա:
Տիեզերքը սկսում է աշխատել ձեր երազանքի իրականացման վրա:

Վերցրեք տիեզերքը ձեզ մոտ աշխատանքի, աշխատանքի ընդունեք նրան ձեր երազանքի իրագործման կորպորացիայում:Երազանքը իրականություն է, այլ ոչ երազ: Երազանքը իրագործելի, իրականանալի ծրագիր է, որին պետք է աշխատացնել: Ծառայեցրեք տիեզերքը ձեր երազանքի իրագործման համար, աշխատացրեք ձեր երազանքը:
Երազանքը հոգու խորքերում պահելու բան չէ: Հանեք այն հրապարակ, դարձրեք շոշափելի նյութական: Երազանքը սրտի գողտրիկ անկյուն չէ, որ որ էէ՜՜հ ու աա՜՜հ-ով պահեք մի մութ անկյունում ու մտածեք դրա մասին՝ միայն երբ մելամաղձոտ  ու միայնակ նստած  գարեջուր եք խմում:
Երազանքը տրտնջոցներով ու ինչ լավ կլիներ-ներով չի սնվում: Այն պահանջում է կոնկրետ գործողություններ` մտավոր ու հոգևոր, շոշափելի ու նյութական:

Երբ աշխատացնեք այդ ծրագիրը, ամբողջ տիեզերքը կաշխատի ձեր երազանքների իրագործման վրա:

Աղբյուրը` TYOMS TIPS