Ինչպե՞ս հայկական հյուրընկալությունը դարձավ բիզնես

Ինչպե՞ս հայկական հյուրընկալությունը դարձավ բիզնես

newmag-ը ներկայացնում է հայկական կենցաղում քարվանսարայների առաջացման, հետագայում դրանց տրանսֆորմացիայի և մեր օրերում բիզնես օբյեկտ դառնալու պատմությունը:

Հյուրանոց, հյուրատուն, իջևանատուն, քարվանսարա: Սրանք գրեթե նույն նշանակությամբ (մի փոքր տարբեր կիրառությամբ) պատմական ետհաշվարկի լեզվական միավորներն են, որոնց միջոցով հնարավոր է բացահայտել մի ամբողջ կուլտուրոլոգիական շերտ ու մշակույթ, որ դեռ ուշ միջանադարից ձևավորվել և հասել է մեր օրեր կոչվելով՝ սպասարկման ոլորտ: Սրա մեջ ներառված են նաև հանրային սննդի, այժմ ավելի հայտնի ռեստորանային մշակույթի տարրերը:

Քարվանսարաները հայկական մշակույթում առաջացել են ավելի վաղ միջանադրում՝ տասներկուերորդ դար:

Դրանք նախատեսված են եղել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց հանգստի համար:  Դրանք կառուցվել են մեծ ճանապարհների եզրերին ու առևտրական կենտրոններում: Ծառայել են որպես ճամփորդների ու նրանց կենդանիների գիշերակացի վայր: Դրանք հիմնականում եղել են անվճար: Դրան հաջորդել են իջևանատները, որոնք արդեն ունեցել են տնտեսական բաղադրիչ: Այսինքն՝ ճամփորդը կամ անցորդը վճարել է գիշերակացի համար, ինչպես նաև մատուցվող սննդի:

Ըստ մասնագետների եղել են իջևանատներ, որտեղ սնունդ չի մատուցվել, սակայն թույլատրվել է հյուրին իր հետ բերած սնունդը պատրաստել ու համտեսել: Ի դեպ հետաքրքրական է, որ հայկական կուլտուրոլոգիական շերտում իջևանատուն հասկացության հոմանիշներից մեկն էլ եղել է հոգետուն, և իջևանատան սեփականատերերի համար չգրված օրենք է եղել, որ եթե անցորդը կամ ճամփորդը աղքատ է, ապա նրանից գումար չեն գանձել գիշերակացի ու սննդի համար:

Այս կառույցների ձևավորման և վերակառուցման վրա մեծ ազդեցություն ունեցան կրոնական ավանդույթները:

Այդ ժամանակաշրջանում շատացավ ուխտագնացների հոսքը դեպի կրոնական վայրեր: Նրանք հիմնականում հանգրվան էին գտնում եկեղեցիներում, մենաստաններում: Եվ քանի որ եկեղեցիներում բոլոր ծառայություններն անվճար էին, ապա դա ազդեց մասնավոր հանգրվանատների զարգացման վրա: Այդ պատճառով, օրինակ Անգլիայում  1530-ական թվականներին թագավոր Հենրիխ IV-ը եկեղեցու սեփականությունը դարձրեց հասարակական սեփականություն, որից հետո ճամփորդները չէին կարող անվճար սնվել ու գիշերել և ստիպված օթևանում էին մասնավոր հանգրվանատներում: Ահա այսպես քարվանսարան դարձավ իջևանատուն՝ իջևանատունն էլ բիզնես: Սրան գրեթե զուգահեռ զարգացավ նաև հանրային սննդի մշակույթը:

Հայկական մշակույթում դրանք հիմնականում եղել են սրճելու վայրերը՝ մասնավորապես պարսկական ու թուրքական տիրապետության շրջանում: Այնուհետև մշակույթը տեղափոխվել է, ժամանակակից լեզվով ասած, նաև հյուրանոցային բիզնես: Բիզնես-տարրը հետզհետե դարձել է հյուրատներ ու սննդի կետեր հիմնելու հիմնական մոտիվացիան: Ահա այսպես էլ առաջացել են մեզ այժմ հայտնի ռեստորաններն ու սննդի կետերը:

Իրականում, հանրային սննդի կետեր ունենալը հատուկ չի եղել հայկական մշակույթին մի շարք պատճառներով: Նախ ընդունված չի եղել ‹‹դրսում ուտելու›› մշակույթը: Համարվել է, որ ընթրիքը պետք է լինի ‹‹օջախում››՝ընտանիքի անդամների հետ: Բացի այդ՝ հանրային սննդի կետերի սպառողները եղել են տղամարդիկ, կանանց հարիր չի եղել սրճարան այցելելը:

Հանրային սնունդը դարձել է նաև ‹‹հայերինը›› ԽՍՀՄ շրջանում:

Հանրային սննդի կետեր հիմնելու հեղինակը Անաստաս Միկոյանն է եղել, մշակել է ճաշարաններ ունենալու նախագիծը ու սկսել է իրագործել ծրագիրը: Այդպես առաջացել են առաջին ճաշարանները, այնուհետև՝ ռեստորանները: Սակայն, նույնիսկ սա է ունեցել  կուսակցական գաղափարական հենք: Դրանց նպատակն էր բարձրացնել մարդկանց աշխատանքի  ՕԳԳ-ն: Համարվել է, որ միջավայրի փոփոխությունն ու յուրատեսակ ժամանցի այդ ձևը կնպաստի ավելի բեղուն աշխատանքին: Հենց այսպես էլ գաստրոնոմիկ վերափոխմանը սկսում են մասնակցել նաև հայ կանայք:

Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ տնտեսական տարրը հանրային սննդի ձևավորման գործում մեծ նշանակություն է ունեցել: Որքան էլ որ տարօրինակ հնչի՝ տնտեսական բաղադրիչը նաև մեծ ազդեցություն է ունենում գաստրոնոմիայի ու խոհանոցի ձևավորման վրա: Ցանկացած երկրի խոհանոց ու գաստրոնոմիկ սովորույթները փոփոխությունների են ենթարկվում հենց տնտեսական գործոնների ազդեցության տակ: Այս մասին հաջորդ անգամ:

Գրել կարծիք