«Երևանյան բեսթսելեր». « Լռակյաց հիվանդ»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2023

August 1, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

 

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը երրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։ 

Ագաթա Քրիստիի «Թունավոր գրիչով ձեռքը» չորրորդ տեղում է։ «Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն…Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։

Ագաթա Քրիստիի «Կապույտ գնացքի առեղծվածը» հինգերորդ տեղում է։ Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Թարգմանությունը՝    Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Լորդ Էջուերը մահանում է» վեցերորդ հորիզոնականում։

Արտասովոր ու հակասական խառնվածքի տեր մեծահարուստ լորդ Էջուերի անշնչացած մարմինը գտնում են գրադարանում: Ո՞վ կարող էր ցանկանալ մեծահարուստի վաղաժամ մահը: Ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու նրա հանկարծակի վախճանը: Աշխարհահռչակ բելգիացի հետախույզ Էրքյուլ Պուարոյին նոր մարտահրավեր է նետված: Արդյոք բոլոր կասկածյալները ճշմարտությո՞ւնն են ասում: Իսկ գուցե ոմանք ինչ-որ դե՞ր են խաղում: Ինչպե՞ս տարբերել իրական դերասանին կեղծից: Վիճակը գցված է: Բոլոր դերասանները բեմում են: Վարագույրը բարձրանում է: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Յոթերորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» ութերորդ տեղում է։ 1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։

Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքը իններորդն է։ Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։ Թարգմանությունն անգլերենից` Արամ Արսենյանի։

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» տասներորդ տեղում է։ Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։ 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» 044-53-74-74գրախանութների և գրատների ցանցերը: