[Ամփոփիչ] 2021-ին Newmag-ը ներկայացրել է 14 գեղարվեստական գիրք

December 28, 2021

2021-ին Newmag-ը հայերեն թարգմանել ու հրատարակել է դասական, ժամանակակից գեղարվեստական 14 գիրք։ Այս ցանկում ինչպես հայտնի, այնպես էլ բոլորովին նոր հեղինակների գործեր են։ Գեղարվեստական ինչ գրքեր ներկայացրեց Newmag-ը 2021-ին՝ ներկայացնում ենք մեր ամփոփիչ անդրադարձում։

2021-ի առաջին գիրքը, որը հրատարակչությունը ներկայացրեց, «Ակոսն» էր։ Հատուկ գրքի շնորհանդեսի համար Հայաստան էր ժամանել հեղինակը՝ ֆրանսիացի գրող, լրագրող Վալերի Մանտոն։ Սա կարելի է համարելի գեղարվեստական ինքնակենսագրություն, լրագրողական ռեպորտաժ, քաղաքական քննադատություն, սիրավեպ ու կենսագրություն։ «Ակոս» վեպը՝ Դինքի սպանության և ժամանակակից Թուրքիայի հասարակության մասին է: Մանտոն Հրանտ Դինքից բացի այլ հերոսներ էլ է ընդգրկել վեպում՝ փորձելով ամբողջական պատկեր ստանալ։ Այս գիրքը հարգանքի տուրք է՝ մատուցված պոլսահայ գրողին ու բոլոր այն լրագրողներին և ակտիվիստներին, որոնց ձայնը Թուրքիան այսօր էլ ուզում է լռեցնել: 

                                                                                     

2021-ին հրատարակչությունը ներկայացրել է հայ և արտերկրի կին գրողների գործեր։ Տարվա հայտնությունն աշխարհում Սալի Ռունին էր՝ իռլանդուհի երիտասարդ ստեղծագործող, որին անվանում են մեր ժամանակների Սելինջեր։ Սալլի Ռունին գրական ճաշակ է ձևավորում Իռլանդիայում, ԱՄՆ-ում և աշխարհի բոլոր անկյուններում: Գրաքննադատները հստակ բանաձև են տվել. եթե կարդում ես Ռունի, ուրեմն խելացի ես, միաժամանակ՝ թեթև ու առաջադեմ մարդ: Երիտասարդ զույգի սիրո պատմություն, որը ներկայացված է ժամանակակից լեզվով ու աշխարհայացքով։ «Նորմալ մարդիկ» վեպում քաղաքական հայացքներով մարքսիստ Սալի Ռունին բարձրացնում է նաև սոցիալական հարցեր:

                                                                                     

Կին գրող, բայց արդեն հայ՝ Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննան» արդեն դրամա է, մի կնոջ պատմության հետքերով։ Գործողությունները կատարվում են Վանաձորում, հեղինակը կանանց երեք սերունդերի միջոցով վեր է հանում այն բոլոր հոգեբանական բարդույթները, սոցիալական խնդիրները, որոնք հետևում են հերոսներին մի ամբողջ կյանք։ Մենությունը վեպի կարմիր թելն է, բայց գլխավոր գաղափարը՝ կարծրատիպերը կոտրելն է, և հասուն կնոջ փակ շղթայի վերածված կյանքը մի օր փոխելու որոշումը: Մենք այնտեղ ենք, որտեղ մեր երազներն են՝ Նարինե Կռոյանի վեպի տողերից է: Հեղինակն իր վեպով ուզում է ցույց տալ բոլոր միայնակ կանանց՝ կարծրատիպերը կոտրելու, անշեղ, մաշեցնող առօրյայի թելը կտրելու ու նոր կյանք սկսելու իր հերուսուհու տարբերակը: 

                                                                              

Պատմական իրադարձություններ, որոնք լի ենք տառապանքներով և հոգեբանական ապրումներով։ Գեղարվեստական մյուս գործը, որ Newmag-ը ներկայացրեց 2021-ին, Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպն է։ Գործի հիմքում 1930 թվականն է՝ ստալինյան կուլակաթափությունն ու աքսորը: Ամուսնուն սպանում են, կինը՝ Զուլեյխան՝ աքսորվում է Սիբիր: Ռեալիստական շարադրանքով էպիկական պատում, որը վերջին տասնամյակում ամենաազդեցիկ ստեղծագործությունն է Ռուսաստանում: Ըստ հեղինակի, իր գլխավոր հերոսուհին ոչ թե աքսորյալ թաթարուհի է, այլ վերազգային մի կին: Բազմաթիվ մրցանակների արժանացած գործի հիման վրա բեմադրվել է ներկայացում և նկարահանվել է ֆիլմ:

                                                                        

«Սիմոնը» շարունակում է կանանց թեման, բայց ասյտեղ կրքերը տարբեր են։Նարինե Աբգարյանը գիրքը սկսվում է Սիմոնի մահով, բայց հեղինակը հանգուցյալից սահուն անցնում է նրա նախկին կանանց, սիրավեպերին, կնոջը: Քարտաշ Սիմոնի մահվան տարօրինակ, զարմանալի, զավեշտալի ու հուզիչ դրվագն իրական է, մնացած հերոսներին հեղինակը հորինել է։ «Սիմոնը»  ողբերգական ու կատակերգական պատմություն է՝ լի իմաստուն բարությամբ: Շատ անձնական, հոգեբանական մեծ ճշգրտությամբ նկարագրված պատմություններով սիրավեպ է՝ կանանց հասունացման, կայացման, գայթակղությունների և փրկության մասին:

                                                                      

Նարինե Աբգարյանի մյուս գործը, որը Newmag-ը հրատարակեց, «Մանյունյան» է՝ եռամասանոց գեղարվեստական ստեղծագործություն, որ վերջին տարիներին դարձել է ամբողջ ԱՊՀ երկրների պարտադիր ընթերցանության գրքերից։ Այս գիրքը երիտասարդների և այն մեծահասակների համար ու մասին է, ովքեր դեպի հասուն կյանք միտումնավոր հիշողությունների դուռը բաց են թողնում անցյալի համար, որ գոնե երբեմն մտովի կարողանան վերադառնալ այնտեղ: Խորհրդային երկու ընտանիքների պատմության մասին գրական գործի վաճառքը ԱՊՀ տարածքում արդեն գերազանցել է մեկ միլիոն օրինակը. «Մանյունյայի» թարգմանությունները զբաղեցրել են ամենաբարձր հորիզոնականները: Այն առաջադրվել է «Մեծ գիրք» մրցանակին: 2022-ին հրատարակչությունը կներկայացնի նաև մյուս երկու հատորները։

                                                                     

Բոլոր ժամանակներում կանանց ամենասիրելի գործերից է «Քամուց քշվածները»։ Մի քանի տասնամյակ անց միայն Մարգարետ Միտչելի դասական այս գործը Newmag-ի շնորհիվ թարգմանվեց հայերեն։ Բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ ընթերցվող գիրքը, ամենառոմանտիկ սիրային դրաման, գրական անկրկնելի ստեղծագործությունը. գրաքննադատներն այն համարում էին Տոլստոյի «Պատերազմ ու խաղաղության» գործին համարժեք և նշմարում էին դիկենսյան ձեռագիր։

                                                                       

Մինչև հիմա էլ «Քամուց քշվածները» ամերիկացիների ամենասիրելի վեպն է, 2008 թվականի հարցմամբ՝ զիջում է միայն Աստվածաշնչին։Առաջին հատորի հայերն հրատարակությունից 3 օր անց սպառվեց։ Կարճ ժամանակ անց հրատարակչությունը ներկայացրեց նաև 2-րդ հատորը։

                                                                        

Newmag-ն իր հրատարակությունները հարստացրեց գեղարվեստականերկու նոր գործով՝ իտալացի գրող Էլենա Ֆերանտեի Նեապոլիտանական քառագրությունով։ Այս տարի դեռ երկու գիրքն է թարգմանվել հայերեն՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», «Նոր ազգանվան պատմությունը», 2022-ին քառագրությունը կամբողջանա։ Ֆերանտեն գրական ֆենոմեն է ու բեսթսելլերների հեղինակ. համաշխարհային այսպիսի հաջողություն իտալացիներն ունեցել էին 20-րդ դարում։

                                                                       

Ֆերանտեն հավատարիմ է իր կրեդոյին՝ այն պահից, երբ գիրքը գրվում է, հեղինակն այլևս կարևոր չէ։ Իսկ ինչու և ինչպես սկսվեց ֆերանտեմանիան՝ անդրադարձը մեր հոդվածում ու տեսանյութում։ Իր դաժան կենցաղով, դրամատիկ իրադարձություններով, սոցիալական դրամայով պատմություն է ոչ թե չարչարվող կամ տանջվող, այլ, ինչպես հենց հեղինակն է պնդում՝ պայքարող կանանց մասին։ Կանանց, որոնք երբե՛ք չեն հանձնվում։

                                                                       

2021-ին Newmag-ն առաջին անգամ ներկայացրեց թերիլլեր ժանրի գործեր։Այս ժանրում մեր ժամանակների ամենահայտնի ու պոպուլյար գրողը Ալեքս Մայքլիդիսն է։ «Լռակյաց հիվանդից» հետո հայերեն հրատարակվեց նրա հաջորդ՝ «Կույսերը» գործը՝ անգլերեն բնօրինակը լույս տեսնելուն միաժամանակ։

                                                                               

Ինչպես հեղինակն է նկատում՝ չի կարելի գունավորել, փոխել կամ ստեր պատմել, թող դեպքերն աստիճանաբար բացվեն, քայլ առ քայլ ու զգուշորեն: Հենց այս սկզբունքով էլ Ալեքս Մայքլիդիսը ընթերցողին  բացահայտում է իր հերոսներին։ «Լռակյաց հիվանդը» թարգմանվել է ավելի քան 45 լեզուներով, հայերեն հրատարակությունն այս տարվա ամենապահանջված գրքերից է եղել։

                                                                   

Համաշխարհային բեսթսելլերների կարևոր հրատարակություններն ավարտում ենք Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» գրքով։ 20-րդ դարի ամերիկյան 50 ու աշխարհի 100 լավագույն վեպերից մեկի հեղինակն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Սա Ուորենի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Գլխավոր հերոս Վիլլի Սթարկի իրական նախատիպը Լուիզիանայի պոպուլիստ նահանգապետ Հյու Լոնգն է։ Նրա քաղաքական կարիերան ընդհատվում է 1935-ին, երբ նրան սպանում է քաղաքական մրցակցի ազգականը: Լոնգի սպանությունից 11 տարի անց լույս է տեսնում «Արքայի ամբողջ թիկնազորը վեպը»: Գիրք, որն էկրանավորվել է մի քանի անգամ, ստացել երեք Օսկար, դարձել ներկայացում, ռադիոթատրոն ու նույնիսկ օպերա: 

                                                                          

2021-ին ևս Newmag-ը համալրեց Շառլ Ազնավուրի գրքերի ցանկը։ Այս տարի հայերեն է թարգմանվել Ազնավուրի երկու գործ՝ դառնալով 6 գիրք։ Գեղարվեստական ոճի «Հայրս՝ այդ հսկան» պատմվածքների ժողովածու է, որտեղ զետեղվել են Ազնավուրի տարբեր տարիների գործերը։ 16 նովել՝ նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։  Նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ:

                                                                

Գրքերից բացի այս տարի հրատարակչությունը հայերեն թարգմանեց ուհանդիսատեսին ներկայացրեց Շառլ Ազնավուրի «Reste»՝  «Մնա» և «Emmenez moi»` «Տարեք ինձ» երգերը  նոր գործիքավորմամբ  ու նոր տեսահոլովակով։ Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. Newmag-ը ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։

Կարդացեք նաև