2021-ին Newmag-ը ներկայացրել է կրկնակի շատ գիրք, քան 2020-ին (տեսանյութ)

December 25, 2021

Newmag-ը 2021-ին թարգմանել ու հրատարակել է համաշխարհային բեսթսելլերների շքերթը գլխավորող մի քանի տասնյակ գործեր։ Ժանրային ընտրության հնարավորություն ընթերցողը ևս ունեցել է՝ գիտահանրամատչելի, գեղարվեստական, հուշագրություն, անձնական աճ, սպորտային: Այս տարի մի քանի հրատարակչություններ բաղկացած էին մի քանի հատորից, համաշխարհային բեսթսելլերներ, որոնք երբևէ՝ նույնիսկ 100 տարվա ընթացքում, լույս չէին տեսել հայերեն, գրքեր, որոնք տասնամյակներ շարունակ տվյալ ոլորտի ֆունդամենտալ աշխատություններն են: Newmag-2021-ն ամփոփում է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Newmag-ն իր գործունեությունը սկսել է 2018 թվականից: Առաջին տարում ընթերցողին ներկայացրեց 4 գիրք, 2019-ին հրատարակեց 15, իսկ 2020-ին՝ 16 գիրք: Այս տարիների ընթացքում հրատարակչությունը փորձել է չխմբագրել իր առաքելությունը և թարգմանել ու հրատարակել է միայն որակյալ գրքեր՝ ժամանակակից ու համաշխարհային բեսթսելլերներ: Բացի այդ, փորձել է հրատարակել հայ գրողների ու նրանց գործերը ևս դարձնել ճանաչելի՝ ընդգծում է Newmag-ի խմբագիրը. «Մենք այս տարի հրատարակեցինք Նարինե Կռոյանի գիրքը: «Բելլա Բելլադոննան» մեր իրականությունն է ներկայացնում, այնպես, ինչպես այս տարվա գրքերից «Նորմալ մարդիկը», որի հեղինակը՝ Սալի Ռունին, պատկերում է ժամանակակից Իռլանդիան»:

Newmag-ի գլխավոր առաքելությունն այս երեք տարիների ընթացքում չի փոխվել՝ ընթերցողի սեղանին դնել գրականություն, որի բովանդակությունը, որակն ու էսթետիկան չեն զիջի միջազգային չափանիշներին։ Ինչի շնորհիվ էլ 2021-ին ևս ամենաշատ ընթերցված գրքերի շքերթներում Newmag-ն առաջատար է. «Ամենաթրենդային գրքերից են օրինակ՝ «Իլոն Մասկը»,  Ազնավուրի հուշագրությունները, Մարկ Մենսոնի «Գայթակղելու նուրբ արվեստը», «Սովորության ուժը»: Շատ են այս տարվա հետաքրքիր հրատարակությունները, որոնք բոլորն էլ վայելել են մեծ հետաքրքրություն»:

 

                                                 

Ուղիղ 30 անուն գիրք՝ հենց այսքան գրական գործեր են դուրս եկել հրատարակչությունից, հասել գրախանութներ, հետո արդեն ընթերցողի գրասեղանին: Բացի գրախանութներից, հրատարակչությունը նաև առցանց պատվերներով է իրականացրել վաճառք՝ Հայաստանում, Արցախում ու ամբողջ աշխարհում: Արագ, առանց ուշացումների մեր պատվերները հասել են ընթերցողին. «Շատ լուրջ գրքեր ենք ներկայացրել, օրինակ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները»՝ երկու հատորով, Էլենա Ֆերանտեի Նեապոլիտանական քառագրության երկու գրքերը: Բացի այդ, «Հրապարակն ու Աշտարակը»,  «Կրեմլի ամբողջ շքախումբը» նույնպես շատ կարևոր հրատարակություններ են մեզ համար»:

Այս տարի ներկայացրել ենք նաև գրքեր փիլիսոփայության, տնտեսագիտության, գիտահանրամատչելի գործեր: Newmag-ն առաջին անգամ հրատարակեց թրիլլեր ժանրի գրքեր. «Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» գործը միանգամից սպառվեց, շատ մեծ հետաքրքրություն ունեցավ նար նրա մյուս՝ «Կույսերը» թրիլլերը: Անցած տարի հրատարակել էինք Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը, այս տարի «Սիմոնը» և «Մանյունյան», արդեն 2022-ին կթարգմանենք ու կհրատարակենք մյուս երկու հատորները, ինչպես նաև Ֆերանտեի մյուս երկու հատորները»:

Անցկացվեց հրատարակչության համար չափազանց պատասխանատու միջոցառում՝ Newmag Summer Fest-ը: Այն բացառիկ էր իր ձևաչափով՝ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց փառատոն, որը միաժամանակ ընթանում էր 5 տարբեր լոկացիաներում՝ 11 ժամվա ընթացքում ընդգրկելով տարբեր քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, ընթերցումներ: Այս փառատոնը Newmag-ի համար հանգրվանային էր: 2022-ին հրատարակչությունը պատրաստվում է կազմակերպել ոչ միայն փառատոններ ու հրատարակել նոր գրքեր, այլև իրականացնելու է բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, որոնք վերաբերում են գրքին ու ընթերցանությանը։