Facebook-ին, Google-ին և Viber-ին ստիպում են ՌԴ հատուկ ծառայություններին տրամադրել մասնավոր նամակագրությունները

August 27, 2018

Կապի ռուսական օպերատորներն օրինագիծ են մշակել, որը 2019թ-ի հունվարի 1-ից արտասահմանյան ընկերություններին կպարտավորեցնի ողջ տեղեկատվությունը պահել Ռուսաստանում և վճարել այդ ծառայության համար։
Խոսքն, առաջին հերթին, գնում է Google-ի, Facebook-ի, Viber-ի և մի քանի ավելի փոքր ընկերությունների մասին։ Եթե նրանք ենթարկվեն այդ պահանջին, փաստացի ռուսական հատուկ ծառայությունների համար հասանելի կլինի ինտերնետ-թրաֆիկն ու օգտատերերի նամակագրությունները, հաղորդում է Reuters-ը։
Նոր օրինագիծը հիմնված է Ռուսաստանում ավելի վաղ ընդունված այսպես կոչված «Յարովայայի օրենքի» վրա։ Այդ օրենքի համաձայն՝ կապի բոլոր օպերատորները 2018թ-ի հուլիսի 1-ից պետք է կես տարվա ընթացքում պահպանեն իրենց բաժանորդների բոլոր հեռախոսազրույցներն ու sms-հաղորդագրությունները։ Իսկ 2018թ-ի հոկտեմբերի 1-ից՝ մեկ ամիս պահպանել նրանց ողջ ինտերնետ թրաֆիկը։ Այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրավապահ մարմիններին, մասնավորապես Անվտանգության դաշնային ծառայությանն, ասված է օրենքում։



Կարդացեք նաև․



Կապի ռուսական խոշոր օպերատորներն, ինչպիսիք են «Ռոստելեկոմը», «Տատտելեկոմն» ու «Ղրիմտելեկոմը», ստիպված են եղել նոր ֆինանսական ներդրումներ անել օրենքի այդ պահանջներն ապահովելու համար։ Եվ այժմ նրանք նոր սխեմա են առաջարկել, որը միանգամից երկու նպատակի է հասնում․ ֆինանսական բեռը կապի տեղական օպերատորների վրայից կտեղափոխվի արտասահմանյան ինտերնետ-ընկերությունների վրա և ԱԴԾ-ի համար հասանելի կդարձնի խոշոր սոցիալական ցանցերի օգտատերերի անձնական էջերն ու համացանցային նամակագրությունը։
Սխեման կամրապնդվի օրենքով, և եթե արտասահմանյան ընկերությունները հրաժարվեն մասնակցել դրան, ռուսական իշխանություններն օրինական իրավունք կունենան Ռուսաստանի բաժանորդների համար այդ կայքերի հասանելիության արագությունը նվազեցնել։
«Google-ը, Facebook-ը, Viber-ն ու այլ [արտասահմանյան ընկերություններ] ընդհանուր առմամբ ձևավորում են ռունետի թրաֆիկի մոտ երկու երրորդը», — Reuters-ին ասել է Համացանցի հետազոտության ռուսական ինստիտուտի ռազմավարական նախագծերի տնօրեն Իրինա Լյովովան։
Ըստ նրա՝ Ռուսաստանում թրաֆիկի համար վճարելը այդ ըննկերություններին պարտադրելը «նրանց բիզնեսի արդարացի ծանրաբեռնում կլինի»։



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։