[Financial Times] Իտալացի դիրիժորը, որ Հայաստան է տեղափոխվել սիրո պատճառով

March 9, 2017

Ջանլուկա Մարչիանոյին բնութագրող ամենացայտուն բանը ոչ նրա սերն է բարձրաճաշակ գործվածքների հանդեպ, ոչ էլ վայելուչ շարժուձևը: Դա նրա ակցենտն է: Հենց ակցենտը, որը նա խնամքով մշակել ու պահպանել է: «Վերջերս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ես անգլերեն եմ մտածում: Երբ ես այլ լեզուներով եմ խոսում, դրանք անցկացնում եմ անգելերենի միջով»: Կոպիտ ակցենտը նրա դիմակայության նշանն է. «Սա պայքար է այն փաստի դեմ, որ ես դադարել եմ մտածել իտալերեն»:
40-ամյա Մարչիանոն իր պրոֆեսիոնալ կյանքի մեծ մասն անցկացրել է հայրենիքից դուրս` Միջին Ասիայի օպերաներից մինչև Կովկասյան բեմեր: 2015-ի վերջին նա հաստատվեց Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, որպես հրավիրված դիրիժոր Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում: Բայց նույնիսկ հիմնական բնակություն հաստատելով Երևանում Մարչիանոն պահպանում է գլոբալ հայացքներն ու ապրելակերպը: Նա 5 ամսով կարող է մեկնել Բեյրութ`մասնակցելու Ալ Բուսթան փառատոնին, որպես գեղարվեստական ղեկավար: Դուբայում նրա ղեկավարությամբ անցկացվել է «Սպիտակ Գիշերների» փառատոնը:
http://www.youtube.com/watch?v=r-c6k4GBF0A
Ես բռնացրի Մարչիանոյին, երբ նա Լոնդոնում էր կարճ ժամանակով: Մենք հանդիպեցինք St Pancras Renaissance հյուրանոցի Gilbert Scott բարում: Մարչիանոն բաց կապույտ բաճկոնով ու խրթխրթալու աստիճանի ճերմակ վերնաշապիկով էր: Նա պատվիրում է կապուչինո ու միաժամանակ խաղում իր ամուսնական մատանու հետ: Տարբեր երկրների նվագախմբեր ղեկավարելու համար պետք է որոշ չափով հոգեբան լինես: Ասում է, որ հնարավոր չէ Բրիտանական նվագախմբի հետ աշխատել, եթե բնույթով ավտորիտար ես ու բղավում ես: Ռուսական նվագախմբերն ուժեղ ձեռքի կարիք ունեն: «Ոչինչ չի ստացվի, եթե օրինակ բրիտանացիների հետ ավտորիտար վարք դրսևորես, բղավես: բայց երբ քաղաքավարի ես, հարգանքով ես նրանց հանդեպ, միևնույն ժամանակ շատ լուրջ չես քո հանդեպ, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի: Այդուհանդերձ ռուսական նվագախմբերն ավելի «ուժեղ ձեռքի» կարիք ունեն: Ճապոնացիների կարգապահությունն անհավանական է, ինչը չեմ կարող ասել չինացիների մասին»: 



Իտալացին հայկական օպերայում և Բաքվի սև ցուցակում





Մարչիանոն ծնվել է Լիրեչիում, Իտալական Ռիվիերայի փոքրիկ քաղաքում, որը հայտնի է 19-րդ դարի ռոմանտիկ պոետներով: Երաժշտական ընտանիքից չէ: Ուսուցիչն է խորհուրդ տվել չափազանց ոգևորված, հիպերակտիվ երեխային, իր էներգիան ծախսել որևէ երաժշտական գործիք սովորելու վրա: Նա ընտրեց դաշնամուրը: «Սկզբում չէի հավանում: բայց հեշտ սովորեցի:  Հետո  հասկացա, որ շատ «միայնակ կյանք» է: Երկխոսությունը միայն իմ ու գործիքի միջև է: Իսկ նվագախումբը ղեկավարելով դառնում եմ ամբողջի մի մասը»:  
Աշխատանքի առաջարկ ստանալով Սլովենիայում` Մարչիանոն լքեց Իտալիան: Վերդիի Նաբուկոյից հետո Խորվաթիայում կայացավ նրա դեբյուտը: Բայց Մարչիանոն իրեն տանը զգաց Կովկասում: Նախ` Թիֆլիսի պետական օպերայում, հետո Հայաստանում: «Ես սիրում եմ այդ երկրները, որովհետև այնտեղ եվրոպական շունչ եմ զգում: Երկուսն էլ  քրիստոնյա երկրներ են: Երևան տեղափոխվեցի, քանի որ սիրահարվեցի մի հրաշալի աղջկա: Հայաստանի Երիտասարդական Նվագախմբի ջութակահար է, մենք հանդիպեցինք Բեյրութի փառատոնին»: Ամուսնական մատանին նոր է: Անցած ամառ են ամուսնացել: Ասում է, որ շատ  արագ է  ադապտացվել քաղաքի ալարկոտ ռիթմին ու հայկական հյուրընկալությանը:
http://www.youtube.com/watch?v=sG4ZUrUXiyw
Մարչիանոն ծրագրում է հայերեն սովորել, տառերով ու յուրահատուկ քերականությամբ: Բացի ընկերներից ու ընտանիքից ամենից շատ իտալական խոհանոցն է կարոտում: Ասում է, որ հայերը սիրում են օպերա, հատկապես Պուչինի կամ Վերդի` դրամատիկ ավարտով, «քանի որ նրանք շատ էմոցիոնալ են»:
«Եթե հայերն ուրախ են, ապա անկեղծ ցույց են տալիս, որ գոհ են, այստեղ կլսես, ինչպես են բացականչում Բրավո! Եվս մեկ տարբերություն. Իտալիայում հանդիսատեսը հիմնականում մեծահասակներն են, թոշակառուները, իսկ Հայաստանում երիտասարդներն են գալիս մեր ներկայացումներին, և դա հրաշալի է»: