Կինոն ինձ համար լույս է մթության մեջ. Ռոբեր Գեդիկյան

July 16, 2015

Ֆրանսիական լավագույն կինոռեժիսորների ցանկը համալրած, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուր Ռոբեր Գեդիկյանը պարգևատրվեց «Եղիցի լույս» մրցանակով: Գեդիկյանը սկզբում ափսոսանք հայտնեց, որ հայերեն չի խոսում: Եվ ֆրանսերեն բացահայտեց լուսավորող արվեստի խորհուրդը:

«Շոյված եմ այս մրցանակի համար: Միայն բառը` լույսը կապված է կինոյի հետ: Կինոն ինձ համար լույս է մթության մեջ: Այն կարող է օգնել մարդկանց դուրս գալ մթությունից», - շեշտեց Ռոբեր Գեդիկյանը :

Արդեն 4 տարի եկեղեցին մասնակցում է ամառվա գլխավոր մշակութային տոնին: Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Եղիցի լույս» մրցանակը:  Այս մրցանակն ստացել են վավերագրության վարպետ Արտավազդ Փելեշյանը, կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը, կինոսցենարիստ Քշիշտոֆ Զանուսին: Համաշխարհային կինոյում քրիստոնեական, մարդասիրական արժեքները քարոզելու համար այս տարի «Եղիցի լույս» մրցանակը Ռոբեր Գեդիկյանինն է: Այն շնորհում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Առաքելական եկեղեցու պատվո շքանշան շնորհվեց նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին: Վեհափառ Հայրապետը կինոռեժիսորին պարգևատրեց Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով: