Newmag-ը հրատարակել է Անի Քոչարի «Հանձնվել չկա» գիրքը

August 13, 2020

Ինչպե՞ս պայքարել, երբ թվում է՝ հույս չկա․ լրագրող և հոգեբան Անի Քոչարը հարցի պատասխանը գրել է իր գրքում։ «Հանձնվել չկա» հուշագրությունը նրա կյանքի 2 ամենադժվար տարիների մասին է։ 2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։

«Ոչ ոք հիվանդություններից ապահովագրված չէ, բայց յուրաքանչյուր մարդու թվում է, թե դա կարող է պատահել ում հետ ասես, միայն ոչ՝ իր կամ իր հարազատի: Սա ամենամեծ մոլորությունն է: Երբ ե՛ս բախվեցի այդ խնդրին, շոկ ապրեցի։ Հետո հիվանդության դեմ պայքարի ծանր փուլ սկսվեց իմ կյանքում։ Հետո եկավ ապաքինումը։ Այդ ընթացքում, ի տարբերություն շատերի, ես չեմ լռել, չեմ ամաչել իմ հիվանդությունից։ Պատմել եմ, թե ինչերի միջով եմ անցել, ինչ ծանր փուլեր եմ հաղթահարել», - ասում է Անի Քոչարը։

Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Անի Քոչարի գիրքը նվիրված է իր քրոջ դստեր՝ Մանեի հիշատակին։  Տարիներ առաջ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ։

«Ընթերցողի առջև այնքան բաց ու անկեղծ եմ եղել, որ գրելիս երբեմն ինձ հարց եմ տվել. նախապաշարումներով լի մեր հասարակությունն ինչպե՞ս կընդունի այդչափ անձնական սյուժեն: Մի բան հաստատ գիտեմ. իմ կյանքի առաջին գիրքը շատերի համար կարող է օրինակ դառնալ: Թեկուզ հարյուրավոր ձախողումներից հետո էլ չհանձնվելու, պայքարելու և կյանքը սիրելու օրինակ», - ասում է Անի Քոչարը։

Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաև ոգևորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։

«Սա այն գրքերից է, որ չի սովորեցնում, այլ օրինակ է ծառայում: Անին ոչ թե ասում է պայքարեք, այլ պայքարի իր պատմությունն այնպես է պատմում, որից հետո անհնար է չհիանալ ու շարունակել նույն կերպ ապրել, ես, օրինակ, գիրքը խմբագրելու ընթացքում հասկացա, որ կարող եմ գոնե մի անգամ իմ կյանքում արյուն հանձնել՝ փրկելու կյանքեր անուղղակիորեն», - ասում է գրքի խմբագիր Հասմիկ Սիմոնյանը։

Հեղինակն իր ընթերցողներին կոչ է անում մարդկանց սիրել ու երջանկացնել կենդանության օրոք։  Նրա պնդմամբ՝ հետմահու սերն ու նվիրումը ոչ մեկին պետք չեն: Հետմահու սերը ոչ շքանշան է, ոչ էլ կոչում կամ պատվոգիր, դրանով տուն ու թանգարանի պատ չես զարդարի: Զգացմունքներն ապրող մարդուն են պետք՝ դրանցով ապրելու, տաքանալու, սեփական համեստ գոյությունն արժեւորելու ու իմաստավորելու համար:

«Այս թեման մեզանում չի շոշափվել վավերագրական լեզվով, օրագրությամբ, այսչափ բացությամբ ու անկեղծությամբ: Նմանատիպ գրքերը ոչ միայն անհրաժեշտ են նյութին, այս դեպքում՝ քաղցկեղին ծանոթանալու տեսանկյունից, այլև միջանձնային ու շատ զգայուն հարաբերությունների մասին են, այրդյոք մենք գիտե՞նք ապրումակցել դիմացինին՝ առանց խղճահարության բառեր ասելու ակամայից, ո՞ւր դիմել, ի՞նչ կարդալ, ի՞նչ սննդակարգի հետևել, և վերջապես ի՞նչ անել, երբ ելք չկա…», - ասում է գրքի խմբագիր Հասմիկ Սիմոնյանը։

Գրքի հրատարակմանն աջակցել է գործարար և քուչ Մուշեղ Ավետիսյանը։ Գրքի նախաբանում նա գրել է, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ արտակարգ պատահարները, պատերազմները, վարակներն ու հիվանդությունները ցանկացած պահի կարող են պատահել յուրաքանչյուրիս հետ։ Ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ։ Այդ պատճառով մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա ապրելու իր կրեդոն, պայքարի իր բանաձևը։

«Ես միացա Newmag-ի այս նախաձեռնությանը և աջակցեցի այս գրքի հրապարակմանը միայն մեկ պատճառով։ Սա գիրք է, որն ունի պարզ, բայց շատ կարևոր ուղերձ։ Ուղերձ, որ հարազատ է նաև ինձ։ Ուղերձ, որ երաշխավորում է ոչ թե լավ ելքը, այլ արժանապատիվ ընթացքը։ Ուղերձ, որ հուսով եմ կենսունանկ է դարձնում ցանկացածին։ Որովհետև ամենածանր պահին, ամենադժվար ժամանակներում, ամենամռայլ օրերին, եթե որոշեք, որ պայքարելու եք, ուրեմն կհաղթեք։ Որովհետև, հանձնվել չկա՛», - գրքի նախաբանում գրել է Մուշեղ Ավետիսյանը։

Այս գիրքը կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում: Հանձնվել չկա՛։