Օգտակա՞ր են արդյոք սարսափ ֆիլմերը հոգեկան աշխարհն ավելի ամուր դարձնելու համար

March 29, 2017

Կարծիք կա, որ սարսափ ֆիլմն արգելվում է դիտել երեխաներին ու պատանիներին: Վախը նրանց մոտ կարող է առաջացնել քնի խանգարում, ախորժակի կորուստ, սրտխառնոց: Բայց իրականում այդքան էլ այդպես չէ։
Ըստ հոգեբանների, սարսափ ֆիլմերն առաջացնում են վախ ու զզվանք: Շատերի համար այս զգացողությունները բարձրացնում են տոնուսը, մյուսների մոտ՝ առաջացնում անհանգստություն, քնի խանգարում, նույնիսկ՝ խուճապ: Ընդ որում, մարդը ֆիլմային սարսափին արձագանքում է այնպես, կարծես սպառնալիքն իրական է և ուղղված է իր դեմ:
Վերլուծությունները ցույց են տվել, թե ինչպես է փոխվում մարդու վարքը սարսափ ֆիլմեր դիտելու ընթացքում: Օրինակ, սարսափ ֆիլմում ծխելու տեսարանները մարդու մոտ առաջանցում են ծխելու մեծ ցանկություն, նույն զգացողությունը չի լինում սովորական ֆիմի նմանատիպ դրվագ դիտելիս: Ապացուցվել է նաև, որ բռնության կամ սարսափի տեսարաններն օրգանիզմում առաջացնում են քաղցրի անհագ ցանկություն:
Հետաքրքիր է, որ սարսափ ֆիլմերից բացասական զգացողություններ են ունենում հատկապես դրանցից սարսափողները: Թերևս սա է պատճառը, որ չի կարելի միանշանակ նշել պատճառահետևանքային և հետևանքապատճառային կապի սկզբնաղբյուրը: Որպես կանոն, սարսափ ֆիլմեր չսիրողներն ունեն բարձր հուզականություն, իսկ նրանք, ովքեր հաճույք են ստանում նմանատիպ ֆիլմերից, ագրեսիվ են:

Ի՞նչ են զգում սարսափների սիրահարները


Նրանց ուղեղն անհաղորդ է մնում սովորական տեսարաններին և ակտիվանում՝ բռնությունների կամ սարսափազդու դրվագների ժամանակ: Ըստ էության, սուր զգացողությունը կոմպեսացնում է հուզականության կամ գրգռվածության պակասն օրգանիզմում:  Ի տարբերություն էքստրեմալ սպորտի կամ շահումով խաղի, սարսափ ֆիլմերն ամենաանվտանգ են:
Սարսափ ֆիլմերի ռեժիսորներն օգտագործում են այնպիսի երևույթներ, որոնք շատերի մոտ առաջացնում են վախ: Դա թույլ է տալիս հանդիսատեսին վախ ապրող կերպարի հետ հեշտ իդենտիֆիկացվել: Ուստի, սարսափողներին արգելվում է ֆիմը դիտել մենակ, մութ սենյակում: Հոգեբաններն առաջարկում են դիտումը կազմակերպել ընկերների հետ կամ գնալ կինոթատրոն: Մարդկանցով շրջապատված լինելը առաջացնում է պաշտպանվածության զգացողություն: Հոգեթերապևտներն այս մեթոդը հաճախ են օգտագործում, երբ անհրաժեշտ է ինչ-որ մեկին դուրս բերել վախի մղձավանջից:  


Սարսափելի բաների մասին`



Սակայն սարսափ ֆիլմերը կարող են նաև ունենալ անվերահսկելի ազդեցություն. կարող են նոր սթրեսի մեջ գցել այն մարդուն, որն իրական կյանքում գեթ մեկ անգամ եղել է ֆիլմի սցենարին մոտ իրավիճակում: Այս դեպքում մարդը, վերապրելով նույն զգացողությունը, հոգեբանական կրկնակի հարված է ստանում: Հետաքրքիր է, որ սթրեսներ ապրած մարդիկ հաճախ անգիտակցաբար ձգտում են դիտել համապատասխան ֆիլմեր:
Նեյրոգիտության տեսանկյունից, մարդը սարսափ ֆիլմից ունենում է նույն զգացողությունը, ինչ, ասենք, աշակերտը՝ դպրոցական, ուսանողը՝ բուհի քննության ժամանակ, կամ աշխատողը՝ տնօրենին հաշվետվություն ներկայացնելիս: Այստեղ էլ է հուզականության աստիճանն ինդիվիդուալ:

Ինչպե՞ս են երեխաներն արձագանքում սարսափ ֆիլմերին


Գոյություն ունի տեսություն, ըստ որի սարսափելի կամ բռնության տեսարաններից  շատերը հաճույք են ստանում: Եվ այդ զգացողությունը մեծանում է տարիքի հետ: Դա ապացուցվել է՝ հետազոտություն անցկացնելով կրտսեր և միջին դպրոցականների շրջանում: Ավագ դասարաններում արդեն սովորում են հաճույք ստանալ նման ֆիլմերից: Հետագայում՝ հասուն տարիքում, սուր զգացողությունների սիրահարները շարունակում են դիտել սարսափ-ֆիլմերը, իսկ մյուսները դադարում են՝ խուսափելով տհաճ ապրումներից։
Փոքրիկներին դժվար է տարբերակել իրականությունը գեղարվեստական, մտացածին աշխարհից: Սարսափելի տեսարաններով ֆիլմը նրանք իրական են ընդունում: Սակայն, այն պահից, երբ երեխան հասկանում է դերային խաղի գաղափարը, ընդունում է, որ հեքիաթն իրական չէ:
Հոգեբանների մի մասն այն կարծիքին են, որ հենց վաղ տարիքում են սովորում տիրապետել տհաճ զգացողություններին, այդ թվում և վախին: Հետևաբար, աջակցող մթնոլորտում սարսափելի ֆիլմ դիտելը կարող է դառնալ իրականությունը ոչ իրականից տարբերող, համարձակություն դաստիարակող մեթոդ: Երեխային կարելի է հասկացնել, որ այն ինչ կատարվում է էկրանին, իրական չէ, քանի որ ամեն վայրկյան կարելի է անջատել հեռուստացույցն ու վերջ՝ ամեն ինչ կավարտվի: Դրանից վախենալ պետք չէ:
Եվ այսպես: Սարսափ-ֆիլմերը կարող են օգտակար լինել վախի զգացողությունը նվազեցնելու, մարդու ներքին ակտիվությունը բարձրացնելու, վախն ու զզվանքը վերահսկող ունակությունը զարգացնելու համար: Սակայն, դրանք կարող են նաև վտանգավոր լինել զգայուն կամ հետտրավմատիկ սթրես ապրող մարդկանց համար, տհաճ զգացողություն առաջացնել իրականությունը հորինվածից չտարբերող երեխաների մոտ:
Իսկ ովքեր հեռու են վերը նշվածից և սիրում են սարսափ ֆիմերը դիտել, ուրեմն վայելք, ձեզ ոչինչ չի սպառում: Բացասական ազդեցություններն ավելի քիչ են արտահայտվում այն մարդկանց մոտ, ովքեր սարսափ ֆիլմերի սիրահար են: