Ուզո՞ւմ եք գաղափարների գեներատոր դառնալ, զարգացրեք դրա համար պատասխանատու մկանը

August 28, 2016

Կան չէ՞, մարդիկ, ում ուղեղը, կարծես, «գժոտ» գաղափարների արտադրամաս է: Պետք է անսպասելի ցնցող նոր միտք` խնդրեմ, պատրաստ է: Կողքից էլ ոմանք նայում են ու մտածում` բայց ո՞նց: Պարզվում է, դա ի ծնե մայրական կաթի հետ չի տրվում: Ջեյմս Ալտուշերի բլոգում մի հոդված կա, որն ապացուցում է` գաղափարական մկան էլ գոյություն ունի: Այդ «գազանիկը» քնած էլ կմնա, եթե արթնացնող չլինի: Գաղափար ստեղծելն էլ է հմտություն: Որքան այն զարգացնեք, այնքան կկատարելագործվի: Մնում է հասկանալ` ինչպե՞ս:
Սկսեք ամենապարզից` նոթատետր գնեք: «Գժոտ» մտքերի նոթատետրն էլ կարող է նույնքան «գժոտ» լինել, կարող է նաև լինել հասարակ` 500 դրամանոց:

Հիմա` գլխավոր պահը: Սկսում ենք արթնացնել «գազան-մկանը»


Ցանկացած թեմա ընտրեք և դրա մասին 10 գաղափար գրեք: Կարող եք սկսել այն մտքից, որը Ձեզ ամեն օր անհանգստացնում է: Աշխատատեղը հարմարավետ դարձնելու 10 մեթոդ, կամ մտաբերեք 10 պատճառներ, թե ինչու սպորտով չեք զբաղվում: Եվ հենց 10` ոչ պակաս: Այդ դեպքում ստիպված կլինեք ավելի շատ գլուխ կոտրել: Այդ զբաղմունքը պետք է ամենօրյա ծիսակարգ դառնա: Ոչ մի օր այն մի հանեք օրակարգից: Տոն, հանգստյան օրեր` մոռացեք:

Սկսենք միասին: Առաջին 10 թեմաների փունջը` մեր կողմից


1. Ժամանցի 10 տարբերակները
2. Բանկ թալանելուց հետո ոստիկանությունից թաքնվելու 10 տարբերակ
3. 10 պատճառ, թե ինչու ես մինչև հիմա հարուստ չեմ
4. 10 հարց, որ ես կտայի Սթիվեն Քինգին
5. 10 կետ, որ ինձ համար ընդունելի չեն կրոնի մեջ
6. 10 բան, որ կցանկանայի անել կյանքի ընթացքում
7. Բլոգում հոդված գրելու 10 տարբերակ
8. 10 նորություն, որ իմացա բիզնեսի մասին վերջին մեկ տարում
9. 10 հմտություն, որ կցանկանայի զարգացնել
10. Ժամադրության 10 վայր
Ցանկը կարող է անվերջ լինել: Փորձե՞նք: