Ամենաերիտասարդ «օրենքով գողը», նրա մայրն ու հայերի հետ կապը

October 18, 2014

Վերջին հանգրվան
Երևանի քաղաքային գերեզմանատանը մի շիրմաքար կա այս մակագրությամբ. «Կալինա Միխայլովնա Նիկիֆորովնա. 1941-1988»: Գերեզմանատան շատ քիչ այցելուներ գիտեն, որ այստեղ ամփոփված է Խորհրդային Միության կրիմինալ աշխարհի հանրահայտ դեմքերից մեկը: Նրա ողջ կենսագրությունը շաղկապված է մեր հայրենակիցների հետ: Հանցագործ աշխարհում կանայք ընդհանրապես չեն արժանանում «օրենքով գող» կոչմանը, բայց Կալյա Նիկիֆորովան կամ պարզապես Կալինան ճանաչված Էր որպես «կնքամայր»: Այս կինը ծնեց ու դաստիարակեց որդուն' Վիկտոր Նիկիֆորովին, որը ռուսական կրիմինալի պատմության մեջ մնաց ոչ միայն իր Կալինա մականունով, որ ժառանգել էր մորից, այլև իր անզուսպ ու անկանխատեսելի հանցագործություններով:
1992 թվականի հունվարի 14-ին իր տան մոտ ծոծրակին ուղղված հրազենային կրակոցից սպանվեց «օրենքով գող» Վիկտոր Նիկիֆորովը՝ «Կալինա» մականունով: Նախկին ԽՍՀՄ տարածքում նա ամենաերիտասարդ «օրենքով գողն» էր: Խոսակցություններ կան, թե հանրահայտ Յապոնչիկի որդին էր: Հինգ օր անց կատարվեց նրա հուղարկավորությունը: Կիրակի՝ հունվարի 19-ին, վաղ առավոտից սգո դրոշակներով գրեթե 70 ավտոմեքենա, ազդանշանները միացրած, շարժվում էին Մոսկվայի փողոցներով: Հանցագործ աշխարհն այս կերպ էր հրաժեշտ տալիս իր առաջնորդներից մեկին...
Նրա ձախ ականջը կծեցին-տարան
Նիկիֆորովն իր առաջին պատժաժամկետը կրեց 1982թ., Բաշկիրիայի խիստ ռեժիմի կալանավայրում: Պոռթկուն բնավորության պատճառով հաճախ էր հայտնվում մեկուսարանում: Մի անգամ նա տուրուդմփոց հրահրեց, որի ժամանակ մահացու վիրավորվեց կալանավորներից մեկը: Տուժեց նաև ինքը, ծեծուջարդի ժամանակ կծեցին-տարան նրա ձախ ականջի կեսը: Իր պատժաժամկետը կրեց ամբողջությամբ, ինչպես ասում են՝ զանգից զանգ:
Մոսկվայում 1987-ի հունիսին նա հերթական անգամ ձերբակալվեց իր հակառակորդին ֆիննական դանակով կտրտելուց հետո: Իսկական ավազակային հաշվեհարդար էր, որը տեղի ունեցավ «Կոսմոս» հյուրանոցի մոտ: Տարածքներ էին փորձում բաժանել: Պայքարի մեջ էին մտել արդեն «կնքահայր» Յապոնչիկի սանը՝ նորաթուխ «օրենքով գող», «մտավորական» Կալինան և նրանից ոչ պակաս պոռթկուն մրցակիցը:
ԽՍՀՄ ՆԳՆ փաստաթղթերից.
«Նիկիֆորով Վիկտոր Յուլիի, «օրենքով գող»՝ «Կալինա» մականունով, մոսկվացի, ծնվել է 1964 թվականին: Որոշ աղբյուրների համաձայն «օրենքով գող» Յապոնչիկի (Վ. Իվանկովի) արտաամուսնական գավակն է կամ որդեգիրը: Ունի թերի բարձրագույն հումանիտար կրթություն, գրում է բանաստեղծություններ: Ելումուտ ունի մոսկովյան մշակութային շրջանակներ և անձամբ ծանոթ է հայտնի գրողների, կոմպոզիտորների, երգիչների հետ: Նա կապեր ունի կրիմինալ աշխարհում: Զարգացած է, հնարամիտ, պոռթկուն: Սերտ համագործակցում է Բալդայի, Կոլյա Բատումսկու, Գոգա Տբիլիսսկու, Դաթոյի, էմիլի հետ...»
«Տուն կոտրելու» տեխնոլոգիան
Մոսկվայի «Սպարտակ» հյուրանոցի ղեկավարության կազմում Կալինան «իր մարդն» ուներ: Նրա օգնությամբ ընտրվում էին համապատասխան, ունևոր այցելուները: Նրանցից գողանում էին բնակարանների բանալիները, պարզում էին հասցեները: Գողացած բանալիների կրկնօրինակներն էին սարքում, իսկ հետո աննկատ վերադարձնում տերերին: Գողերն աշխատում էին բարձր մակարդակի մարդկանց հետ և փալաս-փուլուս չէին տանում, միայն արժեքավոր իրեր, զարդեր, փող, կենցաղային այնպիսի սարքեր, որոնք մեծ պահանջարկ ունեին: Երբեմն տեղեկություններ էր հաղորդում մայրը: