Վարպետության դաս կյանքի մասին

September 26, 2014

Գիշերը հանգիստ քնելու համար պետք է անել 4 բան, չանել 3 բան, մոռանալ 2 բան և մտածել 1 բանի մասին: Պարզապես որոշիր և միշտ արա հետևյալը:
1. Որևէ մեկին պարտքով փող տալուց առաջ պետք է մտովի հրաժարվես այդ գումարից: Եթե իրոք պատրաստ ես կորցնել այդ մի քանի տասնյակ կամ հարյուր հազար դրամն ու ծիծաղով մտաբերել քեզ հետ կատարվածը, տո՛ւր նրան, գրողը տանի, այդ անիծյալ պարտքը:
2. Եթե ուզում եք մեկին վիրավորել այնպես, որ նա մեկ շաբաթով կորցնի խոսելու ունակությունը, դա արեք առանց նյարդային էքսցեսի, ցածր ձայնով, գրեթե շշուկով, լիակատար անկեղծ ժպիտով և նրան ատող մեկի ներկայությամբ:
3. Եթե որևէ մեկը քեզ վիրավորել է այնպես, որ պատրաստ ես նրան կտոր-կտոր անել, ճակատագրական քայլի դիմելուց առաջ մի պահ փակիր աչքերդ և նրան պատկերացրու դագաղում` սգացող հարազատներով շրջապատված: Տես քեզ` հանգուցյալի գլխավերևում կանգնած, գլխահակ, տխուր դեմքով: Եվ կզգաս, որ սկսում ես ներել այդ տականքին:
4. Եթե տրանսպորտում թռցրել են դրամապանակդ, մտովի ուրվագծիր խեղճ գրպանահատի թշվառ կերպարը, նրա նիհար, թերսնված կնոջ նվաղուն հայացքը և ինքդ քեզ համար որոշիր, որ դրամապանակդ նվիրաբերել ես կործանվող զույգին: Զգո՞ւմ ես, թե ինչ լավ մարդ ես դու:
Երեք բան չանելու համար պետք է մի քիչ փլիսոփա լինել:
1. Երբեք մի՛ վիճիր քեզնից հիմար մեկի հետ. նրան որևէ բան չես ապացուցի, բայց կդառնաս նրա ոխերիմ թշնամին հուր-հավիտյան: Հիմար մարդիկ մի տհաճ սովորություն ունեն. նրանք խելոքի ճանապարհին հայտնվում են ամենաանպատեհ պահին ու խառնում բոլոր խաղաքարերը:
2. Կնոջ անկապ խնդրանքը երբեք մի՛ մերժիր, հակառակ դեպքում դա նրա համար կդառնա սևեռուն գաղափար, որից չես պրծնի նույնիսկ ապահարզանի գնով:
3. Տղամարդուն կերակրիր առանց քիթումռութի և մի՛ պահանջիր, որ նա գնահատի քո չարչարանքը. քաղցած տղամարդուն զայրացնում են անբացատրելի սենտիմենտները:
Անկողին մտնելուց առաջ մոռացիր, որ նորմալ մարդ ես, որն ունի բարի համբավ, անբասիր վարկ և օրինակելի վարք: Մոռացիր, որովհետև երազներդ քիչ հետո ճիշտ հակառակն են ապացուցելու: Մոռացիր նաև, որ առավոտյան ծանր օր է սպասվում: Մոռացիր, քանի որ արեգակը կարող է և չծագել քեզ համար: Ննջելուց առաջ մտածիր միայն մեկ բանի մասին: Միայն մեկ: