Նորից սկանդալի կենտրոնում. Ինչո՞ւ է Լուկաշենկոն այդքան արտառոց

February 3, 2017

Կարնեգի կենտրոնի փորձագետ Արտյոմ Շրայբմանը Լուկաշենկոյի մասին մի վերլուծության մեջ նրա արտառոց պահվածքն անվանում է «Թույլատրելի սահմանների ընդլայնում»՝ նկատի ունենալով Լուկաշենկոյի «չարությունները» Ռուսաստանի նկատմամբ:
Լուկաշենկոն արտասովոր է իր երկրի պես: Բելառուսը, ի տարբերություն Հայաստանի, բառի բուն իմաստով է գտնվում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Մի կողմից Լեհաստանն է, մյուսից՝ Ռուսաստանը: Իր արտասովոր դիրքով Բելառուսը յուրատեսակ երկիր է ԵԱՀԿ տարածքում՝ բուֆերային պետություն Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև: Պատահական չէ, որ ԵԱՀԿ Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջնորդական խումբը կոչվում է Մինսկի, համանման խումբն Ուկրաինայի հարցով կրկին ձևավորվել է Մինսկում, որտեղ կնքվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման՝ մինսկյան կարևորագույն համաձայնությունները:
Այս իրավիճակից առավելագույն օգուտ ստանալու գայթակղությունը Լուկաշենկոյին հաճախ դրդում են անոմալ արարքների: Եվրամիության ու Ռուսաստանի հետ սահմաններից օգտվելու փոխարեն նա հետևողականորեն ոչնչացնում է հարաբերությունները թե մեկի, թե մյուսի հետ: Հանրահայտ «և՛, և՛»-ի սկզբունքը Լուկաշենկոն դարձրել է ոչ թե «կամ-կամ», այլ «ոչ-ոչ»: Նա երկիրը տանում է ոչ Եվրոպա, ոչ Ռուսաստան, ոչ էլ Չինաստան, ավելի շատ՝ գրողի ծոցը: Բելառուսից բոլորը երես են թեքում, նույնիսկ սահմանակից երկրները, որպես ԵՄ անդամ, պատժամիջոցներ են սահմանում: Բելառուսը ծով չունի, դրսի հետ շփման միակ այլընտրանքը մնացել է Ռուսաստանը, բայց այստեղ էլ է նա դժգոհ, փնթփնթան՝ կարծես բոլորը նրան պարտք են: Փոխարենը Լուկաշենկոն գերազանց հասկանում է Ալիևին, ու դա փոխադարձ է:






Միայն այս շաբաթ Լուկաշենկոն դատի է տվել Ռուսաստանին նավթի մատակարարումների կրճատման պատճառով, առաջարկել է քրեական գործ հարուցել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի  ղեկավարի դեմ, նա բոյկոտում է ԵԱՏՄ ու ՀԱՊԿ նիստերը, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, բացում է սահմանները տարբեր երկրների ու ապրանքների առջև ոչ թե Բելառուսի տնտեսությունը աշխուժացնելու, այլ ԵԱՏՄ-ին (որին, ի դեպ, անդամակցում է) վնասելու և Ռուսաստանից զիջումներ կորզելու, անընդհատ մանր, ու էլ ավելի մանր շանտաժի դիմելու նպատակով: Կարծես նպատակը միայն մեկն է՝ դեմ լինել, ու կարևոր չէ, թե ինչին:
Այս շաբաթ լրատվամիջոցները սկսեցին հայտնել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից Բելառուսի դուրս գալու մտադրության մասին: Լուկաշենկոն դա կտրուկ հերքեց՝ չմոռանալով նշել, որ Բելառուսը 15 միլիարդ դոլար է կորցրել ԵԱՏՄ-ին միանալու պատճառով: Լուկաշենկոն փաստացի ընդունում է, որ թույլ է տվել տնտեսական քաղաքականության ջախջախիչ ձախողում, բայց սա ասելու նպատակը կրկին ինչ-որ բան Մոսkվայից «քերելն է»:
Ու նույնը Լապշինը: Անցած շաբաթ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Արցախ այցելելու համար Բելառուսում ձերբակալված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացու դեպքը չի կարող լինել նախադեպ: Դրա պատճառներից մեկն էլ հավանաբար այն է, որ Բելառուսը՝ որպես պետություն և Լուկաշենկոն՝ որպես նախագահ, նույնպես չունեն նախադեպ, քանի որ իրականացնում են քաղաքականություն առանց նպատակի, անում են քայլեր առանց հաշվարկի ու կայացնում են որոշումներ՝ ինչպես պատահի: